Ձեր առջև ուկրաինական անօդաչուն է, սլանում է Մոսկվայից հարավ-արևելք ընկած Ռյազանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ։ Քիչ անց սարքը փոխում է ուղղությունը և մխրճվում գործարանի մեջ՝ առաջացնելով հզոր պայթյուն: Ուղիղ գծով Ռյազան քաղաքը Ուկրաինայի սահմանից հեռու է մոտ 500 կիլոմետր։
Մարտի 13-ի այս գրոհը ռուսաստանյան նավթային արդյունաբերության դեմ ուղղված ուկրաինական ռազմուժի հարվածների շարքից էր: Կիևի ներկայացմամբ, թիրախավորվել են նավթավերամշակման առնվազն յոթ գործարաններ, որոնց մեծ մասը տեղակայված են Ուկրաինային հարևան ռուսաստանյան մարզերում՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հիշեցնում է էներգետիկ ու աշխարհաքաղաքական հարցերով վերլուծաբան Թոմ Օ'Դոնելը:
Your browser doesn’t support HTML5
«Պատերազմը հսկայական քանակությամբ դիզվառելիք է պահանջում՝ տանկերի, բեռնատարների և այլ նպատակների համար, և այդ մարզը պատասխանատու է [առաջնագիծ] դիզվառելիք մատակարարելու համար»,- ասում է Օ'Դոնելը։
Ուկրաինական հարձակումների նպատակը նաև Ռուսաստանի նավթային եկամուտների կրճատումն է։ Մարտի 12-ին մեկ այլ անօդաչու հարվածեց Մոսկվայից արևելք ընկած Նիժնի Նովգորոդի նավթավերամշակման գործարանին՝ ուկրաինական սահմանից շուրջ հազար կիլոմետր հեռավորության վրա։
«Հարվածելով նավթավերամշակման գործարաններին․․․ տեղի է ունենում հետևյալը՝ նախկինում նրանք՝ [ռուսները] արտահանում էին նույնքան դիզելվառելիք, որքան նավթ։ Այդ դիզվառելիքը ոչնչացվում է, ուստի նրանք՝ [ռուսական կողմը] պետք է անցնեն նավթի արտահանմանը, եթե ցանկանում են պահպանել իրենց եկամուտները»,- շարունակում է Թոմ Օ'Դոնելը:
Ըստ «Reuters»-ի հաշվարկների, ուկրաինական անօդաչուների հաջող գործողությունները կրճատել են ռուսաստանյան նավթավերամշակման ընդհանուր հզորությունը օրական 370․500 բարելով կամ մոտ 7%-ով:
Ուկրաինայի նախագահը բարձր է գնահատել ռազմական անօդաչուների գրոհների արդյունավետությունը:
«Նախորդ շաբաթներին շատերն ականատես եղան, որ ռուսական ռազմական մեքենան ունի խոցելի կողմեր, և մենք՝ մեր սպառազինությամբ, կարող ենք օգտագործել այդ խոցելիությունը»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին:
Ուկրաինայի հարվածները կարող են նպաստել, որ նավթից ստացվող Կրեմլի եկամուտնեը նվազեն՝ այդ իմաստով աջակցող նշանակություն ունենալով դեռ 2022 թվականի դեկտեմբերին ընդունված արևմտյան պատժամիջոցների համար, որոնք, ինչպես հայտնի է, միջազգային շուկայում ռուսաստանյան նավթի համար սահմանել են գնի վերին շեմ, որից բարձր ռուսական «սև ոսկին» չի կարող վաճառվել։
Գաղտնիք չէ, որ ռուսաստանյան նավթի մեծ մասն այժմ արտահանվում է լցանավերով՝ Բալթիկ ծովով: Ըստ Օ'Դոնելի, դա հնարավորություն է բացում Ուկրաինայի դաշնակիցների համար:
«Լցանավերն շատ հին են: Դրանք կարող են կանգնեցվել նեղուցներում՝ Դանիայի և Շվեդիայի միջև, և օրինական կերպով ստուգվել։ Տեսուչները կարող են ասել. «Սա պատշաճ ապահովագրություն չէ», կամ՝ «Այս նավերը պատշաճ որակի չեն՝ նավթ տեղափոխելու համար», և ստիպել նրանց հետ շրջվել: Դա կլինի իրավիճակ փոխող միջամտություն»,- ասում է Օ'Դոնելը:
Անցած տարվա դեկտեմբերից Մեծ յոթնյակի երկրները խստացրեցին իրենց մշտադիտարկումը, թե որքանով է պահպանվում միջազգային շուկայում վաճառվող ռուսական նավթի գինը՝ վերին շեմի համաձայն:
Ուկրաինան ու արևմտյան երկրները հույս ունեն, որ իրենց համատեղ ջանքերն ի վերջո կկրճատեն Ռուսաստանի եկամտի կարևոր աղբյուրներից մեկը, ինչի շնորհիվ էլ Կրեմլը ֆինանսավորում է իր ագրեսիվ պատերազմը։