Մատչելի հղումներ

Վաշինգտոնում սպասում են իսրայելական պատվիրակությանը՝ քննարկելու Ռաֆահ ցամաքային ներխուժման ծրագիրը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնել է պատվիրակություն գործուղել ԱՄՆ՝ քննարկելու Գազայի հատվածի Ռաֆահ քաղաք ցամաքային ներխուժում իրականացնելու Իսրայելի ծրագրերը։ Հիշեցնենք, Սպիտակ տունը «սխալ» է որակել նման ծրագիրը։

Գազայի հատվածում շարունակվող մարտական գործողությունների ֆոնին՝ ԱՄՆ ու Իսրայելի միջև աճում է լարվածությունը՝ կապված պաղեստինյան տարածքների ճակատագրի հետ։

Հայտնի է, որ իսրայելական ուժերը գրոհել են Գազայի ամենամեծ հիվանդանոցը՝ պնդելով, թե իրենց թիրախում «Համասի» բարձրաստիճան զինյալներն էին: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի թաքցնում, որ սեղանին Ռաֆահ քաղաքի ուղղությամբ ցամաքային գրոհ իրականացնելու ծրագիրն է։ Հայտնի է նաև, որ նման գործողությանը դեմ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ պնդելով, թե այն պետք է ուղեկցվի իրավիճակի քաղաքական կարգավորման և մարդասիրական ծրագրով։

Երկուշաբթի՝ հեռախոսազրույցի ընթացքում երկու ղեկավարները պայմանավորվել են «մոտ օրերս» երկկողմ հանդիպում անցկացնել Վաշինգտոնում՝ քննարկելու իրավիճակը:

Վաշինգտոնում սպասում են իսրայելական պատվիրակությանը՝ քննարկելու Ռաֆահ ցամաքային ներխուժման ծրագիրը
please wait

No media source currently available

0:00 0:02:58 0:00

«Իսրայելի համար գոյություն ունեն [այլ] ճանապարհներ՝ այս հակամարտությունում հաղթելու, երկարաժամկետ կտրվածքով իր անվտանգությունն ապահովելու, Գազայից եկող ահաբեկչական սպառնալիքին վերջ տալու և Ռաֆահ չներխուժելու համար: Այս մասին խոսելու ենք Իսրայելի պատվիրակության հետ հանդիպմանը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Իսրայելի վարչապետի ներկայացմամբ նախագահ Բայդենի հետ խոսել են պատերազմական վերջին զարգացումների մասին, ներառյալ Իսրայելի հանձնառության վերաբերյալ՝ հասնելու իր բոլոր նպատակներին։

«Այդ նպատակներն են «Համասի» վերացումը, մեր բոլոր պատանդների ազատ արձակումը և այն, որ Գազան այլևս սպառնալիք չի ներկայացնելու Իսրայելի համար»,- ասել է Նեթանյահուն:

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վերստին խոսել է Գազայում ստեղծված մարդասիրական ճգնաժամի մասին․ «Գազայի պաղեստինցիները սովի և տառապանքների առջև են: Սա սովի մատնված մարդկանց ամենամեծ թիվն է, որը երբևէ գրանցվել է Սննդի անվտանգության միասնական համակարգի կողմից»։

Իր հերթին՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը քննադատել է Իսրայելին. «Սա

անընդունելի է: Սովն օգտագործվում է որպես զենք: Այո՛, եկեք խոսենք այս մասին: Եվ խոսքն այն մասին չէ, թե բավարար պաշարներ չկան»:

Արձագանքելով՝ Իսրայելը մեղադրել է «Համաս» խմբավորմանը՝ Գազա մարդասիրական օգնություն տանող շարասյունների առջև խնդիրներ ստեղծելու համար:

Դիտորդները չեն բացառում, որ Վաշինգտոնում մտորում են Թել Ավիվի նկատմամբ դիվանագիտական ճնշում գործադրելու և Իսրայելին ցուցաբերվող ամերիկյան ռազմական օգնության համար նախապայմաններ սահմանելու շուրջ:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Մերձավոր Արևելքի ծրագրի տնօրեն Ջոն Ալտերմանն ասում է․ «Մերձավոր Արևելքում ավելի քան 20 տարի ռազմական գործողություններ վարելուց հետո Միացյալ Նահանգները եզրակացրեց, որ պատերազմելը միայն սկիզբն է, և, իրականում, կարևորն այն է, թե կարո՞ղ եք հոգ տանել բնակչության մասին, կարո՞ղ եք համոզել բնակչությանը, որ ավելի լավ ապագա կա»:

Մյուս կողմից, Իսրայելում շարունակում են հիշել անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասի» զինյալների կողմից հրեական պետության դեմ գրոհը, ինչի հետևանքով սպանվեցին մոտ 1 200 իսրայելիցներ, պատանդառվեցին շուրջ 240-ը։

XS
SM
MD
LG