Միացյալ Նահանգները նախապատրաստվում է ընտրություններին

Միացյալ Նահանգները նախապատրաստվում է ընտրություններին

ԱՄՆ-ում ընտրություններով զբաղվող մարմինները վստահեցնում են՝ կկարողանան չեզոքացնել այս նոյեմբերին կայանալիք համապետական ընտրություններին սպառնացող ցանկացած վտանգ: «Ամերիկայի ձայնի» թղթակիցը պատմում է իր տպավորությունները Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում ընտրողների վերապատրաստման դասընթացից։

Անցած ամիս ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հավաստիացրել են Կոնգրեսին, թե գալիք ընտրություններն անցնելու են արդար և ապահով՝ անվտանգության շուրջ դաշնային, նահանգային և տեղական իշխանությունների միջև համագործակցության շնորհիվ:

Կիբեռանվտանգության և ենթակառուցվածքների ապահովության գործակալության տնօրեն Ջեն Իսթերլին մատնանշում է այն ռիսկերը, որոնք կարող են ծագել ամերիկյան ընտրությունների առնչությամբ՝ կիբեռգրոհներից մինչև օտարերկրյա վնասարար ազդեցություն: Նրա խոսքով, խնդիրների պատճառներից են ընտրություններին վերաբերող ենթակառուցվածքների բազմազանությունն ու դրանց ապակենտրոնացված վիճակը:

Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում, օրինակ, քվեաթերթիկների սկաներները միացված չեն համացանցին՝ ընտրական գործընթացն ավելի անվտանգ դարձնելով հաքերային հնարավոր հարձակումներից:

«Ստուգում ենք սկաներները յուրաքանչյուր ընտրությունից առաջ՝ ինտենսիվ և ճշգրիտ թեստի միջոցով՝ համոզվելու, որ դրանք ճիշտ են ծրագրավորված»,- ասում է Ալեքսանդրիայի ընտրական հանձնաժողովի նախագահ Էնջի Մանիլյա-Թերները:

Փրայմերիզների և նոյեմբերին կայանալիք ընտրությունների ժամանակ թափանցիկ գործընթաց ապահովելու համար՝ քաղաքում վերապատրաստում են անցնում ընտրական հանձնաժողովների մոտ 500 անդամներ՝ ծանոթանալով քվեարկության ընթացակարգին, քվեաթերթիկների սկաներների աշխատանքին և տեղամասում գրանցված արդյունքների հավաստագրման կարգին:

«Քանի՞ մարդ է գրանցվել, որքա՞ն քվեաթերթիկ է անցել սարքի միջով, և այլն: Այս ամենը տեղի է ունենում ամբողջ օրը, և այս գործառույթներն անում են տարբեր մարդիկ: Մենք փոխվում ենք տեղերով, ուստի բացառված է, որ մի խումբ մարդիկ կարողանան համակարգված խախտումներ իրականացնել»,- նշում է ընտրական հանձնաժողովի անդամ Ջուլի Պոդոլսկին:

Հաշվի առնելով ԱՄՆ-ում սրված ներքաղաքական պայքարը և դրանից բխող հնարավոր վտանգները՝ ընտրական հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ Մարկ Դայերը վերապատրաստմանն անցնում են, թե ինչպես նվազեցնել լարվածությունը:

«Մի գուցե ինչ որ պահին հանդիպենք ագրեսիվ կամ վատ տարմադրություն ունեցող ընտրողների։ Մեծ հաշվով հաճելի փորձառություն էր»,- ասում է Դայերը:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում դիտորդներն այն կարծիքին են, որ գալիք ընտրություններն, ընդհանուր առմամբ, կանցնեն առանց լուրջ խնդիրների:

Լիովին այլ մարտահրավեր է ապատեղեկատվությունը:

«Բազմիցս են կեղծ տեղեկություններ տարածվել քվեարկության համակարգերի մասին: Շատերը ջանք են գործադրում՝ խաթարելու վստահությունը մեր ժողովրդավարական գործընթացի նկատմամբ: Կարծում եմ, այն, իրականում, մտահոգվելու շատ ավելի լուրջ պատճառ է»,- ասում է «Common Cause Election Security» կազմակերպության տնօրեն Սյուզաննա Գուդմանը։

Ընտրական հանձնաժողովներն ամերիկացիներին խրախուսում են զգոն լինել, ներգրավվել ընտրական գործընթացում և դիմել իշխանություններին՝ ընտրությունների ընթացքի վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում: