Մատչելի հղումներ

Հեյլին քննադատել է աֆրոամերիկացի վերաբերյալ Թրամփի խոսքերը


Դոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ

Թրամփը խոսքով, իր դեմ հարուցված քրեական մեղադրանքներն օգնել են բարելավել աֆրոամերիկացիների վերաբերմունքն իր նկատմամբ։

Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, թե իր դեմ հարուցված բազմաթիվ քրեական մեղադրանքներից հետո, աֆրոամերիկացիները սկսել են ավելի լավ վերաբերվել իրեն, քննադատության են արժանացել նրա մրցակից, հանրապետական Նիկի Հեյլիի և քաղաքացիական իրավունքների պաշտպանների կողմից:

Անցած ուրբաթ Թրամփը չորս քրեական գործերով իրեն առաջադրված մեղադրանքները (դրանց ընդհանուր թիվը 91 է) համեմատեց ժամանակին աֆրոամերիկացիների նկատմամբ տեղ գտած խտրականությունների հետ։ Այդ մասին Սպիտակ տան նախկին ղեկավարը խոսել է Հարավային Կարոլինայում՝ փրայմերիզից առաջ, մի խումբ աֆրոամերիկացիների հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, այդ նահանգում կայացած հանրապետականնների ներկուսակցական ընտրություններում՝ փրայմերիզում հաղթանակ տարավ Դոնալդ Թրամփը, թեև Նիկի Հեյլին Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետն էր։

«Եվ հետո ինձ մեղադրանք առաջադրվեց երկրորդ, երրորդ և չորրորդ անգամ: Շատերն ասում էին, որ այդ պատճառով է, որ աֆրոամերիկացիներին դուր եմ գալիս, քանի որ նրանք շատ են խտրականության ենթարկվել: Նրանք իսկապես ինձ ընկալում են որպես խտրականության զոհ»,- հայտարարել է Թրամփը։

«Սա զզվելի է»,- շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում արձագանքել է Նիկի Հեյլին՝ խոստանալով շարունակել իր պայքարը ԱՄՆ նախագահի՝ հանրապետականների թեկնածու առաջադրվելու համար:

Նշենք, որ ԱՄՆ ներկայիս նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը ևս հաղթել է Հարավային Կարոլինայում կայացած դեմոկրատների փրայմերիզում։ Նահանգում քիչ չեն աֆրոամերիկացի ընտրողները:

«Թրամփի այն պնդումը, թե աֆրոամերիկացիները համակրում են իրեն քրեական մեղադրանքների պատճառով, վիրավորական է ու անհեթեթություն։ Սա ռասիսզմ է», - շաբաթ օրը հայտարարել է Բայդենի նախընտրական շտաբի ղեկավարներից, աֆրոամերիկացի Սեդրիկ Ռիչմոնդը:

Այն բանից հետո, երբ Թրամփը հաղթեց Հարավային Կարոլինայի փրայմերիզում, նրա խորհրդականները սկսեցին բացահայտ հայտարարել, թե մտադիր են պարզապես անտեսել Հեյլիին:

Օրինակ, ուրբաթ՝ Թրամփի կազմակերպած միջոցառման ժամանակ նրա թիմակից Քրիս Լա Սիվիտան, պատասխանելով Նիկի Հեյլիի մասին հարցին, ուղղակի արձագանքեց․ «Ո՞վ է Նիկին»:

Թե ով է Նիկին, թերևս, ցույց է տալիս «Edison Research»-ի անցկացրած հարցումը, ըստ որի Հարավային Կարոլինայում հանրապետականներին ու դեմոկրատաներին չհարող ընտրողների 10-ից 6-ն քվերակել են հենց Նիկի Հեյլիի օգտին։

XS
SM
MD
LG