Հայաստանը մեկ միավորով բարելավել է իր դիրքերը «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» կոռուպցիայի մասին զեկույցում

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» (ԹԻ) իրավապաշտպան կազմակերպության Կոռուպցիայի ընկալման (ԿԸՀ) 2023թ․ համաթիվ

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման մասին իր այս տարվա զեկույց-դասակարգումը: Հայաստանը մեկ միավորով բարելավել է իր դիրքերը։

Վաստակելով 47 միավոր՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարելավել է իր ցուցանիշը մեկ միավորով կոռուպցիայի ընկալման համթվում` նշված է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային հեղինակավոր կազմակերպության այսօր լույս տեսած և 2023 թվականին վերաբերող զեկույցում։

Ըստ կազմակերպության, «2018 թվականի թավշյա հեղափոխությանը հաջորդած երկու տարիներին Հայաստանը ժողովրդավարական և հակակոռուպցիոն զգալի բարեփոխումներ է իրականացրել։ Այնուամենայնիվ, կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը կանգ է առել՝ առաջին հերթին նոր միջոցառումների սահմանափակ իրականացման պատճառով: Հայաստանը (ինչպես տարածաշրջանի բազմաթիվ այլ երկրներ) բախվում է անվտանգության լուրջ սպառնալիքների, սակայն ունի ներուժ՝ հաղթահարելու այդ մարտահրավերները և անցնելու կոռուպցիայի արդյունավետ վերահսկմանը»:

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» կոռուպցւիայի ընկալման 2023 թվականի համթվում դասակարգված են 180 պետություններ և տարածքներ, ուր 0 միավորը «բացարձակապես կոռումպացված» վիճակն է, իսկ 100-ը՝ «կոռուպցիայից զուրկ» միջավայրը։

Your browser doesn’t support HTML5

Կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացը Հայաստանում կանգ է առել՝ նոր միջոցառումների սահմանափակ իրականացման պատճառով. «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»

Ըստ զեկույցի, համաշխարային միջին միավորը արդեն տասներկու տարի մնում է անփոփոխ՝ 43, և պետությունների երկու երրորդի մոտ մոտ միավորների քանակը 50-ից ցածր է, որը «նշանակում է, թե կոռուպցիան այդ պետություններում հանդիսանում է լուրջ հիմնախնդիր»։

Հրապարակման համաձայն, ութ երկրներին հաջողվել է բարելավել իրենց դիքերը՝ Իռլանդիան (77 միավոր), Հարավային Կորեան (63 միավոր), Հայաստանը (47 միավոր), Վիետնամը (41 միավոր), Մալդիվները (39 միավոր), Մոլդովան (42 միավոր), Անգոլան (33 միավոր) և Ուզբեկստանը (33 միավոր):

«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կոռուպցիայի ընկալման համաթվի աղյուսակում 180 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 62-րդ տեղը։ 2022-ին Հայաստանը Ռումինիայի հետ կիսում էր 63-ից 64-րդ տեղերը: Վրաստանը 53 միավորով կիսում է 49-ից 52-րդ տեղերը, Թուրքիան (34)՝ 115-ից 120-րդ տեղերը, Իրանը (24)` 149-ից 153-րդ տեղերը, Ադրբեջանը (23)՝ 154-ից 157-րդ տեղերը։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կողմից հրապարակված կոռուպցիայի ընկալման 2023 թվականի համաթիվը վկայում է, որ կոռուպցիայի առումով իրավիճակը Արևելյան Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում մնում է «ճգնաժամային», և այդտեղ միջին միավորը 35-ն է, ինչը Արևելյան Եվրոպան ու Կենտրոնական Ասիան «դարձնում է աշխարհի երկրորդ ամենացածր միավորներով տարածաշրջանը»։

Նշված տարածաշրջանում միայն մեկ երկիր է ստացել 50-ից բարձր՝ 53 միավոր, Վրաստանն է:

Զեկույցը պնդում է՝ Արևելյան Եվրոպան ու Կենտրոնական Ասիան բախվել են օրենքների անգործության, աճող ավտորիտարիզմի, համատարած կոռուպցիայի, և ուր՝ ժողովրդավարական համատարած հետընթացի ու արդարադատության համակարգում առկա խնդիների պայմաններում, արձանագրվել է կոռուպցիայի նկատմամբ վերահսկողության թուլացում:

Միաժամանկ, ըստ զեկույցի, «փոփոխությունները հնարավոր են, ինչի մասին վկայում է արձանագրված առաջընթացը հինգ երկրներում, որոնք զգալիորեն բարելավել են կոռուպցիայի ընկալման համթվի իրենց ցուցանիշները 2014 թվականից ի վեր»։

Վերոհիշյալ երկրների շարքում է նաև Հայաստանը: «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» համաձայն, «Հայաստանը (47), Մոլդովան (42), Կոսովոն (41), Ուկրաինան (36) և Ուզբեկստանը (33) վերջին 10 տարիների ընթացքում զգալիորեն բարելավել են կոռուպցիայի ընկալման համթվի իրենց ցուցանիշները։» Ըստ այս տարվա զեկույցի, նախկին ԽՍՀՄ-ի տարածքում կոռուպցիայի ընկալման մակարդակով Հայաստանը զիջում է միայն մերձբալթյան երկրներին ու Վրաստանին:

Զեկույցի համաձայն, Վրաստանում կոռուպցիան վերածվել է ավելի խորը, համակարգային խնդրի, ուր իշխանության կենտրոնացումը մեկ ուժի ձեռքին հանգեցրել է մի իրավիճակի, ուր էլիտաները կարողանում են ազդել պետական ինստիտուտների որոշումների կայացման գործընթացների վրա: «Արդեն մի քանի տարի է, ինչ Վրաստանում խարխլված են ժողովրդավարության հիմքերը, և իշխանության ամենաբարձր օղակներում [առկա] կոռուպցիան կառավարությունը վերածում է ավազակապետության [կառավարության]»,- նշված է հրապարակման մեջ։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» անդրադարձել է քաղաքական ասպարեզ իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի վերջին «վերադարձին», ով, ըստ զեկույցի, առանցքային դեր է խաղացել պետական ինստիտուտների «զավթման» գործում։ Կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գլխավոր խոչընդոտներից մեկը՝ արձանագրում է կազմակերպությունը։

Արևելյան Եվրապայում ու Կենտրոնական Ասիայում զեկույցն առանձնացրել է երկրների մեկ այլ խումբ ևս, ուր վերջին տարիներին արձանագրվել է հետընթաց՝ Բոսնիա և Հերցեգովինայում (35), Թուրքիայում (34) և Թուրքմենստանում (18): Ըստ հրապարկման, Թուրքիան, Սերբիան (36), Ռուսաստանը (26) և Տաջիկստանը (20) գրանցել են կոռուպցիայի ընկալման համթվի՝ իրենց վատթարագույն ցուցանիշնեըը:

Զեկույցն ընդգծում է, «տարածաշրջանում ամենացածր միավորներն են գրանցել Ադրբեջանը (23), Տաջիկստանը (20) և Թուրքմենստանը (18), ուր արձանագրվում են կոռուպցիայի հետ կապված լուրջ խնդիրներ»։ «[Այս երկրներում] իշխող վերնախավերի կողմից պետական ինստիտուտների ավտորիտար վերահսկողությունը համատարած է, կոռուպցիան ծառայում է իշխանությունը պահպանելու և պատասխանատվությունից խուսափելու նպատակներին: Այս երկրների վատ ցուցանիշները արտացոլում են կառավարման համակարգի բացթողումները և անկախ վերահսկողության բացակայությունը։ [Այս երկրներում] կոռուպցիան տարածված է հասարակության և կառավարության տարբեր մակարդակներում, մինչդեռ քաղաքացիական և քաղաքական իրավունքները ոտնահարված են»,- նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» այսօրվա հրապարակման մեջ:

Անդրադառնալով Ռուսասատնին՝ կազմակերպությունը փաստում է․ «Իշխանությունը զավթելու և երկրի ռեսուրսները վերահսկելու Պուտինի ռեժիմի տասնամյակներ տևած ջանքերը արմատավորել են կոռուպցիան: Կառավարությունն ամենուր վերահսկում է պետական հաստատությունները, ինչը թույլ է տալիս պաշտոնյաներին վիթխարի ծավալով չարաշահել իրենց լիազորությունները։ Ռուսաստանում դատականհամակարգի թուլացող անկախությունը հանգեցրել է կոռուպցիայի աճին, ինչը լրջորեն խաթարել է արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահությունը: Արդարադատության համակարգը օգտագործվում է ռեժիմի կողմից ընդդիմությանը ճնշելու և, հետևաբար, [սեփական] իշխանությունն ամրապնդելու համար։ Արդյունքում, իշխող վերնախավն ազատ է իր հավակնություններն առանց կաշկանդվելու իրականացնելուց, իսկ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմը հաստատում է, թե որքան վտանգավոր կարող են լինել հետևանքները, երբ իշխանությունը դուրս է գալիս վերահսկողությունից»։

Զեկույցը փաստում է՝ վեցերորդ տարին անընդմեջ կոռուպցիայի նվազագույն մակարդակը Դանիայում (90 միավոր) է, որին հաջորդում են Ֆինլանդիան (87) և Նոր Զելանդիան (85):

Կոռուպցիայի ընկալման 2023 թվականի ցանկում վերջին հորիզոնականներում են Սոմալին (11 միավոր), Վենեսուելան (13 միավոր), Սիրիան (13 միավոր), Հարավային Սուդանը (13 միավոր) և Եմենը (16 միավոր), որոնք բոլորն էլ տևական ճգնաժամերի ներքո են՝ հիմնականում զինված հակամարտությունների պատճառով:

Զեկույցի համաձայն, Միացյալ Նահանգներում (69 միավոր) Գերագույն դատարանի էթիկայի թույլ կանոնները առաջ են քաշել դատական անաչառության հետ կապված լուրջ հարցեր: Սակայն «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կարծիքով, ԱՄՆ դաշնային և նահանգային դատական համակարգերը, հիմնականում, շարունակում են գործել համապատասխան անկախությամբ՝ զերծ մնալով գործադիր և օրենսդիր մարմիննեերի միջամտությունից, իսկ ԱՄՆ նախկին նախագահի և ներկայիս նախագահի որդու դեմ դատական գործերն ընթանում են «համապատասխան և անկախ դատական խողովակներով»։