Մատչելի հղումներ

Հայաստանը 94-րդն է՝ «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2013» զեկույցում


«Թրանսփարենսի Ինթերնեշնլ». կոռուպցիան շարունակում է կործանարար ազդեցություն ունենալ աշխարհում

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2013» զեկույցը տեղեկացնում է այն մասին, որ պաշտոնական դիրքի չարաշահումը, գաղտնի գործարքներն ու կաշառակերությունը շարունակում են կործանարար ազդեցություն ունենալ աշխարհի տարբեր երկրների համայնքների վրա:

Կազմակերպության հաղորդագրության համաձայն, «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2013» զեկույցում ներկայացված 177 պետություններից երկու երրորդից ավելին ստացել են 50 միավորից պակաս՝ ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի 0-ից (կոռուպցիայի ամենաբարձր մակարդակ) մինչև 100 (կոռուպցիայի ամենացածր մակարդակ) սանդղակի:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կառավարիչների խորհրդի անդամ Ուգետտ Լաբելի համաձայն, «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2013» զեկույցը ցույց է տալիս, որ բոլոր պետությունները շարունակում են դեմ առ դեմ կանգնած մնալ կոռուպցիոն ռիսկերի հետ կառավարման բոլոր մակարդակներում՝ սկսած տեղական մակարդակի վրա թույլտվությունների տրամադրումից մինչև օրենքների և իրավական նորմերի պրակտիկ իրականացումը:

«Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2013» զեկույցի համաձայն, առաջին տեղն այս տարի կիսել են Դանիան և Նոր Զելանդիան. այս պետություններից յուրաքանչյուրի կոռուպցիայի ընկալման ինդեքսը կազմել է 91՝ կազմակերպության սանդղակով:

Զեկույցի վերջին հորիզոնականները, ինչպես և անցյալ տարի, այս տարի զբաղեցրել են Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան և Սոմալին՝ 8 միավոր ցուցանիշով:

«Ամենաբարձր արդյունքները ցուցաբերած պետությունների փորձը ցույց է տալիս, թե ինչպես թափանցիկությունը նպաստում է հաշվետվողականության և ապահովում է կոռուպցիայի դադարեցման: Այնուամենայնիվ, զեկույցում նույնիսկ բարձր դիրքերի հասած պետությունները դեռևս չեն հաղթահարել «պետության կողմից սեփականաշնորհման», ընտրարշավների ֆինանսավորման սկզբունքի և պետական խոշոր պայմանագրերի իրականացման վերահսկողության հետ կապված խնդիրները, որոնք մնում են կոռուպցիոն ռիսկերի հիմնական աղբյուրը», - ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կառավարիչների խորհրդի անդամ Լաբելը:

Հայաստանում կոռուպցիայի ընկալման ինդեքսն անցյալ տարվա համեմատությամբ բարելավվել է. այս ցուցանիշը 2013 թվականի զեկույցում կազմել է 36՝ հնարավորություն տալով Հայաստանի զբաղեցնել զեկույցի 94-րդ հորիզոնականը, մինչդեռ անցյալ տարի նույն ցուցանիշը կազմում էր 34 միավոր, իսկ երկիրը գտնվում էր 105-րդ տեղում:

Հայաստանի ցուցանիշը ցածր է Վրաստանի գրանցած ցուցանիշից, որն այս տարի սակայն զբաղեցրել է 55-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատությամբ զիջելով չորս տող:

«Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2013» զեկույցում Ադրբեջանն ու Ռուսաստանը զբաղեցրել են 127-րդ տեղը՝ 28 միավորով:

Միացյալ Նահանգները «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2013» զեկույցի 177 պետությունների ցանկում, ինչպես և անցյալ տարի, զբաղեցրել է 19-րդ տեղը: Զեկույցում Չինաստանը և Հնդկաստանը նույնպես զբաղեցնում են նույն դիրքն, ինչ անցյալ տարի՝ համապատասխանաբար, 80-րդ և 94-րդ տեղերը:
XS
SM
MD
LG