Մինչ երեքշաբթի Իսրայելը շարունակում էր հարվածներ հասցնել Գազայի հատվածին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թել Ավիվում բանակցություններ էր վարում հրեական պետության առաջնորդների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Բլինքենի խոսքով, պատերազմի պատճառով տեղահանված խաղաղ պաղեստինցիներին պետք է թույլ տրվի վերադառնալ հարազատ տներ:
«Քանի որ Գազայի հյուսիային հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների տեմպը նվազել է, և Իսրայելի պաշտպանության բանակը կրճատում է այնտեղ իր ուժերը, այսօր համաձայնության ենք եկել ՄԱԿ-ի կողմից գնահատող առաքելություն գործուղելու շուրջ: Այն կորոշի, թե ինչ պետք է արվի, որպեսզի տեղահանված պաղեստինցիները կարողանան վերադառնալ հյուսիս»։
Բլինքենի խոսքով, «Համասը» կարող է թակարդներ պատրաստած լինել Գազայի հյուսիսային հատվածում, և այդ առումով կան անվտանգության հետ կապված մտահոգություններ, որոնք պետք է փարատվեն, նախքան պաղեստինցիները կկարողանան ապահով կերպով տուն վերադառնալ:
Խան Յունիս տեղահանված պաղեստիցիները երեքշաբթի խնդրեցին Բլինքենին աջակցել իրենց՝ տուն վերադառնալու հարցում։
«Իմ խնդրանքն է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին՝ մեզ տուն՝ հյուսիսային Գազա, վերադարձրեք։ Թեկուզ այնտեղ վրանում ապրենք․․․, ավելի լավ է, քան այստեղ: Քանի որ տառապում ենք։ Երեք ամիս է, ինչ այստեղ ենք: Ավելի լավ է վերադառնալ տուն»,- ասում է Էնաամ Իբրահիմ Հիջազին:
Բլինքենը փոխանցել է, թե իր մտահոգությունն է հայտնել իսրայելցի ղեկավարներին, թե Գազայում զոհվող խաղաղ բնակչության թիվը շարունակում է բարձր մնալ:
Հարցին, թե ինչու Միացյալ Նահանգները չի պարտադրում Իսրայելին գնալ հրադադարի, պետքարտուղարը արձագանքել է․
«Մեր ցանկությունն է, որ այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի: Բազմաթիվ մարդիկ են զոհվել, մյուսները՝ կրել տառապանքներ: Բայց կենսական է, որ Իսրայելը հասնի իր օրինական նպատակներին՝ երաշխավորել, որ հոկտեմբերի 7-ը չի կրկնվի»:
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Մերձավոր Արևելքի ինստիտուտի ներկայացուցիչ Խալեդ Էլգինդին կարծիք հայտնեց, թե Իսրայելի հայտարարած նպատակները չափազանց անորոշ են:
«Իսրայելն ամենևին էլ մոտ չէ իր նպատակին՝ այն պատճառով, որ չգիտենք, թե այն ինչ տեսք ունի: Իսկ «Համասը» դեռ հրթիռներ արձակելու կարողություն ունի, նրանք դեռ գետնի վրա պայքար են մղում։ Եվ [նման պայմաններում] ԱՄՆ վարչակազմի առջև հարց է ծագում՝ մարդկային կորուստները շատ մեծ չե՞ն»։
«Համասի» ղեկավարությամբ գործող Գազայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, ավելի քան 23 հազար պաղեստինցի է սպանվել հոկտեմբերի 7-ից ի վեր։ Հիշեցնենք՝ այդ օրը «Համասը» գրոհեց հրեական պետությունը, ինչի հետևանքով զոհվեց մոտ 1 200 մարդ:
ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան ու այլ երկրներ «Համասը» ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն։