Թայվանում համապետական ընտրություններին ընդառաջ՝ կարևոր հարցերից է Չինաստանի հետ հարաբերությունները

Թայվան-Չինաստան

Շաբաթ օրը Թայվանում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են: Շատերի դիտարկմամբ, քվեարկության ելքն իր ազդեցությունը կունենա Պեկինի հետ հետագա հարաբերությունների վրա, իսկ Չինաստանը չի դադարում սպառնալ կղզի-պետությանը։

Թայվանը մոտենում է համապետական ընտրություններին, և գլխավոր հարցը Չինաստանի հետ հետագա հարաբերություններն են։ Նորություն չէ, որ Պեկինը կղզին համարում է իրենը։

Թայվանում իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցության ներկայացմամբ, Չինաստանի հետ խնդրի կարգավորման միակ տարբերակը կղզու ինքնիշխանության պահպանումն է:

«Չինաստանի վրա հույս դնելու փոխարեն ավելի լավ է վստահել Թայվանին: Ավելի լավ է ապավինել աշխարհին»,- ասում է նախագահի թեկնածու Ուիլյամ Լայը:

Այս մոտեցման ջատագովն է նաև հեռացող նախագահ Ցայ Ին Վենը, սակայն նրա կառավարման տարիներին, ինչպես հայտնի է, Պեկինն ավելի ագրեսիվ դարձավ:

Այնինչ, ընդդիմադիր հիմնական թեկնածու Հոու Յու-Իը կողմ է Չինաստանի հետ երկխոսությանը՝ լարվածությունը նվազեցնելու նպատակով: Նրա ղեկավարած «Գոմինդան» կուսակցության կողմնակիցներն ասում են, որ Չինաստանի հետ լեզու չգտնելը մեծ ռիսկեր է պարունակում:

«Փոքր երկիր ենք և պետք է խելացի գործենք: Չենք կարող մեզ թույլ տալ պատերազմի մեջ ներքաշվել Չինաստանի հետ»,- ասում է Թայվանի ներքին գործերի նախկին նախարար Լի Հոն Յուանը:

Ցայի օրոք Թայվանն ավելացրել է ռազմական ծախսերը և սերտացրել կապերը Միացյալ Նահանգների հետ:

Նախորդ ժամանակաշրջանում Չինաստանի հետ ծագող լարվածությունները լրացուցիչ վկայությունն են, որ Պեկինի հետ ստատուս քվոյի պահպանումն ավելի դժվար է դարձել:

«Թայվանի նեղուցում կայունության պահպանումը [կարևոր է]՝ հաշվի առնելով, որ գործ ունենք ուժեղ Չինաստանի հետ, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը ռազմավարական մրցակցության մեջ են, և Թայվանն, իրոք, շահագրգռված չէ [Չինաստանի] հետ միավորմամբ»,- ասում է Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Ամանդա Հսիաոն:

Սակայն Թայվանում քչերն են մտահոգ պատերազմի հեռանկարով, չնայած Պեկինից բխող սպառնալիքին:

«Միայն այն պատճառով, որ Թայվանի շուրջ թռչում են Չինաստանի բազմաթիվ կործանիչներ, չի նշանակում, որ Թայվանում մարդիկ սկսել են քիչ «Starbucks» գնել: Որովհետև այն շարունակվում է տասնամյակներ, և չի խանգարում մարդկանց ապրել իրենց առօրյա կյանքով, նույնիսկ եթե նրանք վստահ են, թե ինչ է կատարվում իրենց շուրջը»,- ասում է Չենչիի ազգային համալսարանի ներկայացուցիչ Լև Նաչմանը:

Ինչևէ, Թայվանում փորձում են պահպանել ժողովրդավարությունը որքան հնարավոր է երկար: