Կիրակի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի օրակարգը հագեցած էր արաբական երկրների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումներով։ Տարածաշրջան ամերիկյան դիվանագիտության ղեկավարի այցելության նպատակն է թուլացնել լարվածությունը և կանխել Իսրայել-«Համաս» հակամարտության ընդարձակումը:
Մերձավոր Արևելքում արյունահեղությունը չի դադարում անցած հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ «Համասը» գրոհեց հրեական պետությունը՝ սպանելով մոտ 1 200 մարդու և պատանդ տանելով շուրջ 240-ի:
Հիշեցնենք, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան ու այլ երկրներ «Համասը» ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն:
Հորդանանի իր գործընկեր Այման Սաֆադիի հետ հանդիպումից հետո, Բլինքենն այցելել է պաղեստինցի փախստականների համար նախատեսված ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տեղի պահեստը:
«Կարևոր է, որպեսզի ավելացնենք կարիքավոր մարդկանց համար նախատեսված օգնությունը: Կարևոր է նաև այն հասցնել Գազայի տարածք և տեղում արդյունավետ կերպով բաշխել այն: Կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը այնուհետև այցելել է Կատար և բանակցություններ վարել վարչապետ Մուհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի հետ: Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Բլինքենը քննադատել է Իսրայելի կառավարության որոշ անդամների հայտարարությունները, թե պաղեստինցիներին պետք է հարկադիր վերաբնակեցնել Գազայից դուրս․ «Այդ հայտարարություններն անպատասխանատու են, զգայական և միայն բարդացնում են Գազայի ապագան, երբ «Համասն» այլևս չի վերահսկի այն և չի կարողանա սպառնալ Իսրայելին»:
Իր հերթին՝ «NBC»-ի եթերում պարզաբանմամբ է հանդես եկել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, թե Գազայի հատվածից պաղեստինցիների վտարումը հրեական պետության պաշտոնական դիրքորոշումը չէ․ «30 անդամներից բաղկացած կառավարությունում, նախարարը կարող է ասել այն, ինչ ցանկանում է։ Ինձ, գուցե, դուր չի գալիս, բայց դա է Իսրայելում քաղաքականությունը: Պաշտոնապես, բացահայտ և միանշանակ հայտարարում եմ՝ այն Իսրայել [պետության] դիրքորոշումը չէ»:
«Համասի» հետ ընթացող հակամարտությանը կառավարության նիստին անդրադարձել է նաև վարչապետ Բենիամին Նեթանյահուն, թե ռազմական գործողությունները չեն դադարի, քանի դեռ բոլոր նպատակները կյանքի չեն կոչվել․ ««Համասի» վերացումը, մեր բոլոր պատանդների վերադարձը և խոստումը, որ Գազան այլևս սպառնալիք չի լինի Իսրայելի համար»:
Միևնույն ժամանակ, չի դադարում ճնշումը Իսրայելի նկատմամբ, հատկապես՝ խաղաղ պաղեստինցիների անվտանգությունը հնարավորինս ապահովելու համար։ Բլինքենը հայտարարել է, որ վերստին կբարձրացնի այդ հարցը՝ այս շաբաթ Իսրայելում նախատեսված բանակցությունների ժամանակ: