Վիճակախաղ անցկացնող ամերիկյան ընկերությունը սիրիացի ներգաղթյալ եղբայրներին կվճարի մեկ միլիոն դոլար

«Powerball»

Կալիֆորնիայում բնակություն հաստատած սիրիացի ներգաղթյալ եղբայրներն առաջիկայում կիսելու են մեկ միլիոն դոլար՝ այն գումարը, որը որպես պարգևավճար նրանց փոխանցելու է վիճակախաղ անցկացնող ընկերությունը՝ հաղթած տոմսը վաճառելու համար։ Շահույթն, ի դեպ, մեծությամբ երկրորդն է «Powerball»

Սիրիայից գաղթած Նիդալ Խալիլը մոտ 30 տարի վիճակախաղի տոմս է վաճառում Կալիֆորնիայում գտնվող սննդամթերքի իր խանութում: Ինքն երբեք չի շահել, բայց մի օր իր հաճախորդներից մեկի գնած տոմսը տիրոջը պարգևեց 1,75 միլիարդ դոլար:

«[Խանութի] աշխատակիցը զանգահարեց և ասաց. «Մենք վաճառել ենք ջեքփոթը»: Սկզբում չէի հավատում։ Հետո՝ մտա «Facebook»․․․ բոլորը խոսում էին այդ մասին: Մենք, իրոք, վաճառել էինք շահող տոմսը՝ ջեքփոթը»,- ասում է Խալիլը։

Թեև հանրությունը տակավին անտեղյակ է, թե ով է հոկտեմբեր ամսվա հաղթողը, սակայն հայտնի է, որ Խալիլն ու նրա եղբայրը «California Lottery»-ից որպես պարգևավճար կստանան մեկ միլիոն դոլար՝ շահած տոմսը վաճառելու համար։

Խալիլը հուսով է, որ «Powerball»-ի հաղթողը Լոս Անջելեսից 120 կիլոմետր հյուսիս գտնվող Ֆրեյզեր Փարք համայնքի բնակիչներից է՝ իրենց մշտական հաճախորդներից։ Գրեթե երեսուն տարի՝ 1994 թվականից սիրիացի եղբայրները այդ համայնքում խանութ ունեն՝ «Midway Market & Liquor»-ը:

Հաճախորդներից Վալ Էվանսն ասում է, որ հաղթողը ինքը չէ․ «Այդ օրը չկանգնեցի խանութի մոտ ու վիճակախաղի տոմս չգնեցի։ Կանգնեցինք բենզին լցնելու համար, և չկարողացա տոմս գնել։ Լավ բան չեղավ»:

Ներգաղթյալ եղբայների մեկ այլ հաճախորդ Ալան Ուորենը չի բացառում, որ «Midway Market»-ից օգտվողների բախտը կարող է ևս մեկ անգամ բերել․ «Հույս ունեմ։ Հուսամ՝ տոմսերը, որոնք նոր գնեցի, կշահեն»։

Խալիլն պատմում է, որ ինքն ու եղբայրը շատ են աշխատել փոքր բիզնեսի տեր դառնալու համար․ «Վիճակախաղի հարցում պետք է բախտ ունենալ, որ վաճառես նման տոմս կամ շահես: Բայց կյանքում, հենց այնպես չեք կարող հաջողել։ Պետք է շատ աշխատել»։

Մտադիր է ստացած գումարով օգնել որդիներին․ «Հարկեր պետք է վճարենք։ Սկզբում կառավարությունը վերցնում է իր բաժինը։ Մնացած գումարը կուղղեմ քոլեջի ֆոնդ՝ իմ երկու երեխաների կրթության համար»։

Նիդալ Խալիլի խանութից գնված տոմսի շահույթը իր մեծությամբ երկրորդն է «Powerball» վիճակախաղի պատմության ընթացքում: Առաջին հորիզոնականում շարունակում է մնալ 2022 թվականի շահույթը՝ երկու միլիարդ դոլար, որի տոմսը գնել էին Կալիֆորնիայի Ալտադենա շրջանի բենզալցակայաններից մեկում, որն, ի դեպ, նույնպես պատկանում էր սիրիացի ներգաղթյալի։