Ամերիկացի օրենսդիրները հորդորում են Իսրայելին ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը

Իսրայելցի զինվորականների գործողությունները Գազայի հատվածում

Լլոյդ Օսթինը մեկնել է Մերձավոր Արևելք։ Ռազմական բախումներին զուգահեռ՝ աճում է միջազգային ու ներիսրայելական ճնշումը Նեթանյահուի կառավարության նկատմամբ՝ կապված պաղեստինցի խաղաղ բնակչության շրջանում տեղ գտնող զոհերի և «Համասի» մոտից պատանդներին ազատ արձակելու հարցի հետ։

Գազայի հատվածում շարունակվող արյունալի ու ավերիչ ռազմական գործողությունենրի ֆոնին՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը առաջիկա օրերին կայցելի Իսրայել, Կատար և Բահրեյն։ Մյուս կողմից, կոչով են հանդես եկել ամերիկացի օրենսդիրները՝ հորդորելով Իսրայելին ռազմական գործողությունների ընթացքում ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը:

«Վեցից ութ հազար երեխա է սպանվել, Գազայի բնակիչների 85%-ը ստիպված լքել է իր տունը։ Նրանք ապրում են ապաստարաններում։ Հիվանդություններն ահագնանում են»,- նշել է դեմոկրատ կոնգրեսական Դեբի Դինգելը։

«Հնարավոր է որոշակի առաջընթաց, [քանի որ] Իսրայելը վերջապես բացեց «Կերեմ Շալոմ» անցակետը, ինչը շատ կարևոր է։ Այսչափ երկար չպետք է տևեր»,- իր հերթին՝ ասել է դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը։

Your browser doesn’t support HTML5

Գազայում ռազմական գործողությունների ֆոնին աճում է ճնշումը Իսրայելի նկատմամբ՝ կապված պաղեստինցի խաղաղ բնակչության շրջանում զոհերի հետ

«NBC»-ի հետ հարցազրուցում հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հույս է հայտնել, որ Իսրայելը կաշխատի խուսափել քաղաքացիական զոհերից՝ հորդորելով հրեական պետությանը մտորել ապագայի մասին․ «Սաուդյան Արաբիան և արաբական մյուս երկրները չեն կարող կարգավորել [հարաբերությունները] Իսրայելի հետ, եթե այն մեղավոր է պաղեստինցիների մահվան համար»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ճնշման է ենթարկվում նաև երկրի ներսում՝ կապված պատանդների ազատ արձակման հարցի հետ։ Հիշեցնենք, այս հոկտեմբերի 7-ին հրեական պետության դեմ «Համասի» հարձակման հետևանքով առևանգվեցին ավելի քան 240 իսրայելցիներ ու օտարերկրացիներ:

Անցած շաբաթ պատանդներից երեքը սխալմամբ սպանվել էին Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների կողմից։ Մեկին հողին հանձնեցին կիրակի։

Նաև այս միջադեպն էր պատճառը, որ մյուս պատանդների հարազատները բողոքի ցույցեր իրականացնեն Իսրայելի պաշտպանության նախարարության մոտ՝ պահանջելով բանակցություններ սկսել «Համասի» հետ՝ պատանդների ազատ արձակման նպատակով:

«Ցանկանում ենք նրանց ողջ դուրս բերել: Ահա, թե ինչու ենք այստեղ։ [Գալու ենք] ամեն օր՝ մինչև կառավարությունից չլսենք, որ բանակցում են»,- ասել է պատանդներից մեկի հարազատ Շերոն Կալդերոնը:

Հայտնի է «Համասի» դիրքորոշումը, թե այլևս չի ազատի պատանդներին, քանի դեռ իսրայելական բանակի գործողությունները չեն դադարել։ Մյուս կողմից, Կատարը, որ հայտնի է միջնորդական առաքելությամբ, շարունակում է աշխատանքները պատանդների ազատ արձակման և մարդասիրական հրադադար հաստատելու ուղղությամբ։

Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։