Հայաստանի տարածքում Ռուսաստանի քաղաքացու առևանգումը, նրա տեղափոխումը ռուսական 102-րդ ռազմակայան` ոտնձգություն է Հայաստանի ինքնիշխանության դեմ, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի Դմիտրի Սետրակովի ազատ արձակմանը հասնելու և տեղի ունեցած հանցագործության մեղավորներին դատարանի առջև կանգնեցնելու համար՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Իրավապաշտպանը մանրամասնեց՝ դեռ դեկտեմբերի 8-ին են ահազանգ ստացել, որ Հայաստանում գտնվող ռուսական ռազմական ոստիկանության աշխատակիցները ռազմակայանի տարածքից դուրս՝ Գյումրիում, հենց փողոցում դեկտեմբերի 6-ին կամ 7-ին ձերբակալել և ռազմակայանի տարածք են տեղափոխել Սետրակովին, ով պայմանագրային զինծառայող է եղել, սակայն Ուկրաինայի դեմ Կրեմլի նախաձեռնած պատերազմի մեկնարկից հետո, հրաժարվել է շարունակել ծառայությունը և իր բազմաթիվ հարենակիցների նման մեկնել է Հայաստան։
Your browser doesn’t support HTML5
Սաքունցը կապվել է ռուսական ռազմակայան։
«Իսկ երբ որ հարցրեցի՝ ի՞նչ հիմքով, ի՞նչ իրավասությամբ, ի՞նչ իրավունքով են նրան ձերբակալել, հայտնեցին, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանն է, որ բոլոր, այսպես կոչված, դեզերտիներին (ռուսերեն բառ ասեմ) պետք է ձերբակալել։ Իսկ այն հարցին, թե, ի վերջո, նա Հայաստանի Հանրապետության տարածքում է գտնվում, ոչ թե Ռուսաստանի Դաշնության որևիցե մարզում, ասացին՝ դա տարածվում է ամեն տեղ»,- «Ամերիկայի ձայնին» փոխանցեց Սաքունցը։
102-րդ ռազմակայանից տեղեկացրել են, որ Դմիտրի Սետրակովի դեմ քրեական գործ է հարուցված՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ զորահավաքային կամ մարտական գործողությունների ընթացքում ծառայության վայրը մեկ ամսից ավելի ժամկետով լքելու հոդվածով։ Գործը քննում է թիվ 519 զինվորական քննչական վարչությունը։ Այժմ Սետրակովը 27-օրյա հաուպտվախտի մեջ է, որից հետո կտեղափոխվի Ռուսաստան։ Նրան սպառնում է 5-10 տարվա ազատազրկում։
«Առևանգում․․․ իրերը պետք է իր անունով կոչել։ Առևանգումը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության մարմինների աշխատակիցների կողմից։ Եվ սա ուղղակի աննախադեպ է այն իմաստով, որ, փաստորեն, Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության անվտանգության մարմինները կարող են Հայաստանի Հանրապետության տիրապետության ներքո գտնվող, մեր իրավական համակարգի անմիջական հսկողության տակ գտնվող անձին առևանգել և նրա նկատմամբ քրեական գործ հարուցել»,- նշեց Արթուր Սաքունցը։
Արթուր Սաքունցը ընդգծեց՝ ռուսական ռազմական ոստիկանության աշխատակիցների գործողությունները ռազմաբազայից դուրս ոչ միայն կոպիտ կերպով խախտել են հայաստանյան օրենքները, այլև՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի գործունեությունը կարգավորող հայ-ռուսական պայմանագրերը, ըստ որոնց ռուսաստանյան ռազմական ոստիկանությունը իրավասու է գործել բացառապես ռազմակայանի տարածքում։ Այնինչ, փաստորեն, Հայաստանի տարածքում գործում են օտար պետության՝ Ռուսաստանի քրեական օրենսգիրքը, օտար պետության իրավապահ մարմինները, մինչդեռ հայաստանյան կողմը օրեր անց էլ լռություն է պահպանում։
«Ուրբաթ օրը մենք անհապաղ կազմեցինք հաղորդում՝ ուղղված Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն՝ պահանջելով, որպեսզի քրեական գործ հարուցվի Ռուսաստանի Դաշնության ռազմական ոստիկանության աշխատակիցների նկատմամբ և նաև միջոցներ ձեռք առնվի, որպեսզի Դմիտրի Սետրակովը անհապաղ վերադարձվի Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ենթակայության կամ հսկողության ներքո։ Նաև դիմում ուղարկեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- տեղեկացրեց իրավապաշտպանը։
Հայաստանի գլխավոր դատախազությունից «Ամերիկայի ձայնին» փոխանցեցին, թե ընթացք են տվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումին։ Բայց հստակ չէ՝ արդյո՞ք Աննա Վարդապետյանի գլխավորած կառույցը քրեական գործ հարուցելու է, թե օտար պետության ներկայացուցիչները Հայաստանում ինչպես են ազատությունից զրկել մարդուն՝ չունենալով իրավական որևէ հիմք։
Իսկ այն, որ Սետրակովի «ձերբակալման» կամ առևանգման գործում Հայաստանի իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, ռազմական ոստիկանությունը որևէ առնչություն չեն ունեցել՝ «Ամերիկայի ձայնին» հայտնեցին ներքին գործերի ու պաշտպանության նախարարություններից։
Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանից հրաժարվեցին պատասխանել «Ամերիկայի ձայնի» հարցերին։
Ինչևէ, հատկապես նախորդ ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրած թեմաներից էր Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումը, ինչը նոր իմաստ ստացավ այս սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո։ Ընդ որում, թե՛ Երևանում, թե՛ Ստրասբուրգում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ունեցած ելութներում կառավարության ղեկավարը բավականին թափանցիկ ակնարկեց Կրեմլի կողմից Հայաստանի ինքնիշխանությանը ներկայացրած սպառնալիքի մասին։
«Հայաստանի Հանրապետությունն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել և իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել: Բայց իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել՝ մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել»,- այս սեպտեմբերի 24-ին՝ անկախության մասին իր ուղերձի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ե՛վ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, և՛ այս թեմայի շուրջ հայաստանյան քննարկման մասնակիցները ընդգծում են՝ հարմար առիթ է ի ցույց դնել, թե հայաստանյան իշխանությունները իրականում որքանով են հետևողական երկրի ինքնիշխանության պաշտպանության գործում։