Զելենսկու խոսքով, կօգտագործի վաշինգտոնյան հանդիպումները՝ քննարկելու, թե Կրեմլի դեմ պայքաորւմ ինչ արդյունքների կարելի է հասնել հաջորդ տարի՝ «հիմնվելով այս տարվա ձեռքբերումների վրա»:
Երկուշաբթի ելույթ ունենալով ԱՄՆ պաշտպանության ազգային համալսարանում՝ Ուկրաինայի նախագահն ասել է, որ Կիևը պետք է «գերիշխի երկնքում», ուստի նրան անհրաժեշտ են հրթիռներ, անօդաչուներ և ինքնաթիռներ՝ ուկրաինական բանակի օդային թևը և հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար:
«Կարևոր է, որ քաղաքական գործիչները չփորձեն դավաճանել զինվորականներին, քանզի որքան զենքն է անհրաժեշտ պաշտպանության համար, այդքան էլ՝ ազատությունը, որը միասնություն է պահանջում»,- հայտարարել է Զելենսկին։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողներին փոխանցել է, որ Զելենսկին Բայդենին կներկայացնի ուկրաինական ռազմաճատակում առկա իրավիճակը։ Փոխարենը, ԱՄՆ-ի նախագահը Զելենսկուն և ուկրաինացի ժողովրդին կփոխանցի ուղերձն այն մասին, որ Վաշինգտոնը պատրաստվում է շարունակել աջակցությունը, հատկապես՝ դժվար ժամանակաշրջանում։
Քիրբիի խոսքով, Բայդենը մտադիր է պարզաբանել, թե Ուկրաինայի և Իսրայելի համար նախատեսված ֆինանսավորումն ինչու է կենսական ԱՄՆ ազգային շահերի համար:
Հայտնի է, որ Սպիտակ տան ղեկավարը Կոնգրեսին խնդրել է հաստատել 110 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական ֆինանսավորման փաթեթը Ուկրաինայի և Իսրայելի համար՝ ԱՄՆ ազգային անվտանգությանը վերաբերող այլ առաջնահերթությունների հետ մեկտեղ: Կիևի համար նախատեսված է 61 միլիարդը։
Սակայն Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանրապետականները հրաժարվել են ընդունել համապատասխան օրինագիծը՝ պնդելով, որ նախ անհրաժեշտ է ամրապնդել երկրի սահմանները՝ ապօրինի ներգաղթն առնվազն նվազեցնելու համար։ Որոշ հանրապետականներ անգամ պահանջում են անհապաղ արտաքսել ԱՄՆ անօրինական մուտք գործած միգրանտներին՝ զրկելով նրանց Միացյալ Նահանգներում ապաստան ստանալու հնարավորությունից: Բայդենի վարչակազմի ընդդիմախոսները նաև կոչ են անում կրճատել այն ծրագրերը, որոնք թույլ են տալիս հարյուր հազարավոր միգրանտների օրինական մուտք գործել ԱՄՆ:
Ինչևէ, ԱՄՆ-ն արդեն իսկ Ուկրաինային տրամադրել է 111 միլիարդ դոլարի օգնություն՝ 2022 թվականի փետրվարից՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր։
Երկուշաբթի իր ելույթում Զելենսկին ընդգծել է Ռուսաստանին հաղթելու կարևորությունը, քանզի Կրեմլի հաղթանակի պարագայում Մոսկվան չի սահմանափակվի Ուկրաինայով։
«Նրա՝ [Պուտինի] զենքը ձեր դեմ՝ քարոզչությունն ու ապատեղեկատվությունն է։ Բայց եթե հնարավորություն լինի, նա ավելի հեռուն կգնա»,- ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը հիշեցրել է՝ ուկրաինական ուժերը ազատագրել են նախորդ տարվա փետրվարից ի վեր Ռուսաստանի բռնազավթած տարածքների 50%-ը՝ մարտի դաշտում դրսևորելով իսկական քաջություն ու համառություն։
«Հենց հիմա՝ կատաղի մարտերով մեր զինվորները դիրքեր են զբաղեցնում ճակատում և պատրաստվում հետագա գործողություններին։ Մենք թույլ չենք տվել, որ Ռուսաստանը որևէ հաղթանակ տանի այս տարի»,- ընդգծել է Զելենսկին։
Ելութ է ունեցել նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնի աջակցությունը Կիևին անսասան է:
«Եթե այսօր չկանգնեցնենք Կրեմլին, չզսպենք այլ հավանական ագրեսորներին, ապա կհրահրենք ավելի հուժկու ագրեսիա, ավելի շատ արյունահեղություն և ավելի շատ քաոս»,- ասել է Օսթինը:
Զելենսկու վաշինգտոնյան հանդիպոմներին զուգահեռ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը երկուշաբթի հավանություն է տվել Ուկրաինային հատկացնել 900 միլիոն դոլար՝ որպես երկարաժամկետ վարկի մաս:
«Շնորհակալություն՝ Ուկրաինային աջակցելու համար»,- «Telegram»-յան իր ալիքում գրել է Զելենսկին՝ երկուշաբթի Վաշինգտոնում հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիևայի հետ հանդիպումից հետո։
Վերջինիս խոսքով, Ուկրաինայի տնտեսությունն ապացուցել է, որ կայուն է, չնայած 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժմանը․ «Ակնկալվում է, որ [Ուկրաինայի տնտեսության] վերականգնումը կշարունակվի, թեև այս հեռանկարը ռիսկեր է պարունակում՝ պատերազմի հետևանքով ստեղծված անորոշության պատճառով։ Կարևոր է, որ արտոնյալ պայմաններով արտաքին ֆինանսավորումը շարունակվի՝ ժամանակին և կանխատեսելի հիմքերով»:
Աջակցությանը հետ միաժամակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը հորդորել է Կիևին երկրի արտաքին պարտքի «հավակնոտ վերակառուցում» իրականացնել 2024 թվականի առաջին կիսամյակում, որը պետք է նպաստի Ուկրաինայի ֆինանսական պարտավորությունների անխափան իրականացմանը։
Զելենսկու վաշինգտոնյան այցին զուգահեռ՝ Ռուսաստանի նախագահը երկուշաբթի ժամանել է Սևերոդվինսկ նավահանգիստ՝ զննելու միջուկային սպառազինություն ունեցող «Красноярск» և «Император Александр III» սուզանավերը։ Անցած ամիս Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Император Александр III»-ը հաջողությամբ փորձարկել է միջուկային մարտագլխիկ կրելու ունակ «Булава» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը:
Անվտանգության ոլորտի դիտորդները ուշադրություն են հրավիրում՝ ուկրաինական պատերազմի ֆոնին միջուկային զենքն ավելի մեծ նշանակություն է ձեռք բերել Պուտինի համար, նրա հռետորաբանությունում: