Օրեր անց, երբ Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութի ապստամբները գրոհեցին ԱՄՆ ռազմանավը Կարմիր ծովում, Իրանի արտգործնախարարը նախազգուշացրեց Վաշինգտոնին՝ Իսրայել-«Համասի» հակամարտության ուղղությամբ տարվող ամերիկյան քաղաքականության առնչությամբ։
«Ցանկացած պահի կարող է տեղի ունեալ անկառավարելի և անկանխատեսելի պայթյուն։ Սա այն է, ինչ ամերիկացիները ցայսօր չեն գիտակցել, և եթե առաջիկայում չհասկանան, հետևանքները կազդեն ԱՄՆ վրա»,- ասել է Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:
Հանրապետական օրենսդիրները վստահ են՝ Բայդենի վարչակազմի քաղաքականությունն է նպաստել, որ Իրանը նման կեցվածք ընդունի:
«Իրանը մեծացնում է իր կշիռը Մերձավոր Արևելքում՝ Եմենից մինչև Գազա, ուր Թեհրանը կամ նրան ենթակա ուժերը ուղղակի գրոհում են ԱՄՆ ռազմական օբյեկտներն ու ռազմանավերը՝ ըստ էության, առանց հետևանքների»,- հայտարարել է հանրապետական կոնգրեսական Բլեյն Լոյթքեմեյերը:
Հանրապետականները նաև քննադատել են Բայդենի վարչակազմին՝ իրանական 6 միլիարդ դոլարի ակտիվներն ապասառեցնելու շուրջ Թեհրանի հետ այս տարի ձեռք բերված համաձայնության համար, որի դիմաց Իրանը ազատ արձակեց ամերիկացի հինգ պատանդների:
«Երբ այս կառավարությունը փող է տրամադրում Իրանին կամ թուլացնում է պատժամիջոցները, արդյունքում՝ ֆինանսավորում է ահաբեկչական գործողությունները, որոնք ուղղված են Իրանի ժողովրդի, Իսրայելի ժողովրդի և մի օր՝ շուտով, վախենամ, Միացյալ Նահանգների ժողովրդի դեմ»,- հայտարարել է հանրապետական կոնգրեսական Թոմ ՄըքՔլինթոքը:
Ներկայացուցիչնրի տունը՝ երկու կուսակցությունների աջակցությամբ ընդունեց՝ «No Funds for Iranian Terrorism Act» օրինագիծը, որի նպատակը վերոհիշյալ 6 միլիարդի վերստին սառեցումն է:
«Իրանը կարող է կրկին առավելություն ստանալ՝ այս պատանդներին ազատ արձակելուց հետո, ամերիկացի նոր պատանդ վերցնելով: Փորձելու ենք թույլ չտալ այդ։ Սա լեգիտիմ գործարք չէ, երբ ամերիկացիները պատանդ են պահվում»,- հայտարարել է դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանը:
Ամերիկացի օրենսդիրները վստահ են, Իրանում ժամանակ առ ժամանակ ծագող բողոքի ցույցերը, ուր ակտիվ են հատկապես իրանցի կանայք, վկայում են, որ ռեժիմի փոփոխությունը, ի վերջո, սկիզբ կառնի երկրի ներսից:
«Անհրաժեշտ է բարձրաձայնել Իրանի կանանց խիզախության մասին, որը յուրաքանչյուր իրանցու ազատության համար է»,- նշել է դեմոկրատ կոնգրեսական Զոի Լոֆգրենը:
Ամերիկացի օրենսդիրները երեքշաբթի վերստին Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել «H.Res.100» բանաձևի նախագիծը, որը արտահայտում է ԱՄՆ աջակցությունը Իրանում ժողովրդավարական ու աշխարհիկ կարգերի հաստատամը և միջուկային զենք ստեղծելու ծրագրերից հրաժարվելուն։