ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է Երևանի ու Բաքվի համատեղ հայտարարությունը՝ «երկու ադրբեջանցի և երեսուներկու հայ կալանավորների ազատ արձակման մասին»: Վաշինգտոնը շեշտել է՝ կշարունակի հետևողականորեն աջակցել «տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին»։
Պետքարտուղարության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը երկու ադրբեջանցի և երեսուներկու հայ կալանավորների ազատ արձակման մասին: Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր միջոց է, քանի որ կողմերը աշխատում են խաղաղության համաձայնագրի ավարտի և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ համատեղ ջանքերով ստեղծելու ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքեր՝ Հարավային Կովկասի ժողովուրդների համար»։
Your browser doesn’t support HTML5
Վաշինգտոնում ընդգծել են՝ կշարունակեն հետևողականորեն աջակցել «տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին»։
Հայ-ադրբեջանական համատեղ հայտարաությանը արձագանքել է նաև ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը՝ «X» հարթակում գրելով․ «Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են համաձայնության գալ 32 հայ գերիների ազատ արձակելու հարցում։ Սա կարևոր քայլ է առաջ, բայց ԱՄՆ-ը պետք է Հայաստանին տրամադրի աջակցություն անվտանգության ոլորտում՝ Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար»։
Կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը ողջունել է նաև Բրյուսելը:
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը «X» հարթակում Երևանի ու Բաքվի հայտարարությունը բնութագրել է «մեծ առաջընթաց»։
«Կողմերի միջև երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է ԵՄ գլխավորած բրյուսելյան գործընթացի հիմնական նպատակը. այսօրվա առաջընթացը առանցքային քայլ է»,- գրել է Միշելը՝ նաև ողջունելով կալանավորվածների ազատ արձակումն ու «քաղաքական երկխոսության աննախադեպ բացումը»:
«Այժմ հորդորում եմ առաջնորդներին՝ շուտափույթ ավարտին հասցնել Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության համաձայնագիրը»,- եզրափակել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:
Իր հերթին՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը «X»-ում ողջունելով կալանավորների փոխադարձ ազատ արձակման և վստահության ամրապնդման այլ միջոցների մասին Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ այն որակել է «կարևոր քաղաքական քայլ»։
«Մենք համակարծիք ենք՝ տարածաշրջանում առկա է խաղաղությանը հասնելու պատմական հնարավորություն և մենք հանձնառու ենք աջակցելու այդ ջանքերին»,- ընդգծել է Բորելը։
Հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությանը անդրադարձել են նաև Հյուսիսատլանտյան դաշինքում․ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, գլխավոր քարտուղարի օգնական Խավիեր Կոլոմինան գրառմամբ ողջունել է քայլը, «որով հայտարարվում է կալանավորների փոխադարձ ազատ արձակման, վստահության ամրապնդման այլ միջոցների և երկար սպասված խաղաղ համաձայնագրի հասնելու հստակ պարտավորության մասին»։ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է այս ջանքերին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ գրել է նա «X»-ում։
Նույն սոցհարթակում Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ողջունել է նաև Նիդերլանդների արտգործնախարար Հանկե Բրուինս Սլոտը․ «Մենք հավատարիմ ենք մնում այս քայլերին աջակցելուն. սա կարևոր է՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման ու Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քարի Հենդրիքսոնը նույնպես դրական են արտահայտվել Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությանը, «ուր նշվում է երկու երկրների համատեղ հանձնառությունը՝ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի կնքման հարցում»։ Նրանք հայտարարությունը որակել են «պատմական քայլ»՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար:
Արձանգանքել է նաև Ուկրաինայի արտգործնախարարությունը՝ աջակցություն հայտնելով «Ադրբեջանի և Հայաստանի քայլերին՝ ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը», նաև նշելով, թե Կիևը հավատարիմ է «նրանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:
Ռուսաստանի արտգործնախարարությունը ևս անդրադարձել է հայ-ադրբեջանական զարգացումներին։ Այդ երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի անունից տարածած մեկնաբանության մեջ նշված է, որ Մոսկայում գոհունակությամբ են ընդունել Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի աշխատակազմերի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է երկու երկրների միջև հարաբերությունները նորմալացնելու և խաղաղության համաձայնագիր կնքելու փոխադարձ մտադրությունը։
«Ողջունում ենք Բաքվի և Երևանի միջև համաձայնությունը՝ հայ և ադրբեջանցի զինվորականների ազատ արձակման վերաբերյալ։ Ռուսաստանը հետևողականորեն առաջ է քաշել կալանավորներին՝ «բոլորը բոլորի հետ» սկզբունքով փոխանակելու գաղափարը։ Սա նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը և նոր հնարավորություններ է բացում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանման համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020-2022 թվականների համապարփակ եռակողմ համաձայնություններին համապատասխան։ Պատրաստ ենք շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման և քաղաքացիական հասարակության միջոցով շփումների հարցում»,- կարդում ենք ռուսաստանյան հայտարարությունում:
Մոսկվան նաև ողջունել է Երևանի որոշումը՝ որպես բարի կամքի դրսևորում հօգուտ Ադրբեջանի հրաժարվել Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի կոնվենցիայի համաժողովն իր մոտ անցկացնելու մտադրությունից, ինչպես նաև Բաքվի հայտարարած աջակցությունը Հայաստանի թեկնածությանը՝ այդ կառույցի բյուրոյին անդամակցելու համար։ Ռուսական կողմը ընդգծել է, որ այս հարցերի շուրջ Մոսկվան շփումներ է ունեցել Բաքվի ու Երևանի հետ։
Դրական արձագանք կա նաև Անկարայից․ «Աջակցում ենք վստահության ամրապնդման լրացուցիչ քայլերի կատարման շուրջ քննարկումները շարունակելու ջանքերը։ Ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի հնարավորինս շուտ, որը կհանդիսանա Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն զարգացումներից մեկը»,- ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում:
Իր հերթին, Փարիզը ևս ողջունել է հայ-ադրբեջանական համաձայնությունը: ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունը X սոցհարթակի իր էջում գրառում է կատարել, ըստ որի՝ Ֆրանսիան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև համատեղ հայտարարությունը՝ այն որակելով «դրական ազդակ» և «հուսադրող ազդանշան»: