Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի տեսանյութ է հրապարակել, ուր պատկերված է ռուսական կործանիչների ու հրետանու կողմից ուկրաինական դիրքերի ռմբակոծումը։ Ձմռանն ընդառաջ՝ ռուսական ուժերի գրոհներն արևելյան Ուկրաինայում ինտենսիվ են դարձել:
Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անդրադարձել է կասկածներին՝ արդյո՞ք Ուկրաինային ցուցաբերվող ամերիկյան ու ՆԱՏՕ-ական աջակցությունը շարունակվելու է․ «Բայց այսօր, այստեղ ՆԱՏՕ-ի պատասխանը հստակ է և միանշանակ՝ մենք պետք է և կշարունակենք աջակցել Ուկրաինային»։
Your browser doesn’t support HTML5
ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն, ակնհայտորեն ուղղված էին դաշնակիցներին, որոնց շրջանում մտահոգություն է ծագել, թե Միացյալ Նահանգների Կոնգրեսի որոշ հանրապետականներ չեն ցանկանում, որպեսզի Վաշինգտոնը շարունակի Կիևի ֆինանսավորումը: Բլինքենն ընդգծել է՝ Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնն է վերջերս խոսել է Ուկրաինային ցուցաբերվող աջակցության անհրաժեշտության մասին, ինչը, պետքարտուղարի խոսքով, «հուսադրող է»:
Դիտորդները, սակայն, ուշադրություն են հրավիրում՝ ԱՄՆ պետքարտուղարը չի որոշում՝ արդյո՞ք Վաշինգտոնը շարունակելու է իր աջակցությունը Կիևին։
«Այս առումով գործադիր իշխանության ներկայացուցիչ պետքարտուղար Բլինքենը շատ բան չի կարող անել: Հարցն, իրոք, գտնվում է օրենսդիր մարմնի ձեռքում»,- ասում է Մայքլ Քիմեյջը՝ Ամերիկայի կաթոլիկական համալսարանից:
«Ամերիկայի ձայնի» զրուցակցի ներկայացմամբ, այդուհանդերձ, մասնակցելով ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ ժողովներին և Իսրայել-«Համաս» հակամարտության պայմաններում՝ Բլինքենը «հզոր ուղերձ է հղում» Ուկրաինային ֆինանսավորելու առումով:
«Կարծիք կա, թե այսօր ԱՄՆ-ն կենտրոնացած է Մերձավոր Արևելքի ուղղությամբ և սակավ է հետաքրքրված Եվրոպայով: [Բայց] մասնակցելով և՛ ՆԱՏՕ-ի, և՛ ԵԱՀԿ հանդիպումներին՝ պետքարտուղար Բլինքենը հստակ կերպով փորձում է ազդանշան տալ, որ ԱՄՆ-ը շարունակում է ուշադրության ներքո պահել Եվրոպան»,- նշում է Քիմեյջը:
Բլինքենի մերձավորարևելյան այս այցը երրորդն է՝ հրեական պետության դեմ «Համասի» հարձակումից ի վեր: Էնթոնի Բլինքենի խոսքով, նպատակն է՝ երկարաձգել հրադադարը, ինչը թույլ կտա շարունակել պատանադների ազատ արձակումն ու Գազայի հատվածին մարդասիրական օգնության տրամադրումը: Իսրայելում վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո, Բլինքենը մեկնել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամալլա քաղաք, ուր հանդիպել է Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասին։ Նախատեսվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը կայցելի նաև Արաբական Միացյալ Էմիրություններ: