Փաշինյանը ձգտում է, որ Հայաստանն առաջ շարժվի սահմանների և Արևմուտքի հետ հարաբերությունների բացման ուղղությամբ. պետքարտուղարի տեղակալ

Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայան

Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայանը նոյեմբերի 27- ին Բրյուսելից լրագրողների հետ առցանց ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հայաստանի ու Արևմուտքի միջև անվտանգային ոլորտի համագործակցության, մասնավորապես, Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից հնարավոր աջակցության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման մասին հայ լրագրողի հնչեցրած հարցերին:

Պետքարտուղարի տեղակալը առաջարկեց, որ Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով աջակցության հետ կապված հարցին պատասխանեն իր ԵՄ գործընկերները։ Դրա հետ մեկտեղ, Ջեյմս Օ՛Բրայանը հավելեց.

«Վարչապետ Փաշինյանը շատ համարձակ է գործել ու հասկացրել, որ ձգտում է, որ Հայաստանն առաջ շարժվի սահմանների և Արևմուտքի հետ հարաբերությունների բացման ուղղությամբ՝ չցանկանալով, որ Հայաստանը ամբողջապես կախված լինի Ռուսաստանից, այնպես, ինչպես ձգտում էին դրան նախկին առաջնորդները: Նա ձեռնարկել է մի շարք բարեփոխումներ, որոնք պետք է շատ խրախուսելի լինեն Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ միտված են ապահովելու այնպիսի արագ տնտեսական աճ, որն ունեցել է [Հայաստանը] վերջին մեկ կամ երկու տարվա ընթացքում:

Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաև համարձակորեն բարձրաձայնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա, կառուցել իր անվտանգային հարաբերությունները և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա, և այս ամենը մի բան է, որը մենք շատ կցանկանայինք տեսնել: Այնպես որ, Հայաստանին աջակցող ցանկացած փաթեթ ողջունելի է: Այն, թե ինչպես ԵՄ-ը կորոշի դա իրականացնել այնտեղ, իր գործն է, բայց մենք հանձնառու ենք աշխատել մեր եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ՝ վստահ լինելու համար, որ Հայաստանի ժողովուրդը կարող է օգուտ քաղել Փաշինյանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների քաղաքականությունից»,- նշել է Ջեյմս Օ'Բրայանը: