«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը հարց է, ուղղել ԱՄՆ Պետդեպարտամենտին այն մասին թե, Հաշվի առնելով Արևմտյան որևէ հարթակում հանդիպում ունենալու Ադրբեջանի դժկամությունը, ո՞րն է Միացյալ Նահանգները համարում Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հաջորդ քայլը: Հարցմանն ի պատասխան Պետդեպարտամենը ընդգծել է, երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների կարևորությունը:
«Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավել երկու երկրների ղեկավարությանը արժանապատիվ և տեւական խաղաղության հասնելու համար, որտեղ բոլորի իրավունքները հարգված են: Կարծում ենք՝ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ուղիղ ձևով քննարկեն և լուծեն հարցերը»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ-Բրայենի հայտարարություններին՝ դրանք անվանելով «կողմնակալ, անարդյունավետ, անհիմն և անընդունելի»: Որից, հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հրաժարվում են Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից։
«Կարևոր է նշել, որ այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»,- նշված է հայտարարությունում: