Իլոն Մասկը Իսրայելում է՝ քննարկելու Գազայում «Starlink»-ի օգտագործման հարցը

Իլոն Մասկ

«X» սոցիալական ցանցի և «SpaceX» ընկերության սեփականատերը հանդիպել է Իսրայելի վարչապետին, հանդիպելու է նախագահին։

Մասկի հետ հանդիպումից առաջ Իսրայելի ղեկավարության ներկայացուցիչները նշել են, որ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել՝ օգտագործել «Starlink»-ի տրամադրած արբանյակային կապը՝ ինտերնետը, Գազայի հատվածում, ուր «Համասի» հետ զինադադարը համընկավ Մասկի այցի հետ։

Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասի» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։

Մասկի գրասենյակը դեռևս չի մեկնաբանել միլիարդատիրոջ մերձավորարևելյան այցը։

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ու Իլոն Մասկի հանդիպմանը ներկա են գտնվելու նաև «Համասի» պատանդառած իսրայելցիների հարազատները: Քննարկման օրակարգում է «համացանցում հակասեմականության աճի դեմ պայքարի անհրաժեշտությունը»՝ նշել է Հերցոգի մամլո գրասենյակը:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Մասկի հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են արհեստական բանականությանն առնչվող անվտանգության հարցեր: Նախատեսվում էր քննարկումը հեռարձակել «X» սոցցանցի օգտատերերի համար՝ տեղեկացրել է Նեթանյահուի մամլո ծառայությունը։

Այս սեպտեմբերի 18-ին Կալիֆորնիայում կայացած նախորդ հանդիպմանը Նեթանյահուն Մասկին կոչ էր արել հավասարակշռված մոտեցում ցուցաբերել խոսքի ազատության պաշտպանությանն ու ատելության խոսքի դեմ պայքարին՝ «X» հարթակում հակասեմական շուրջ շաբաթներ շարունակվող քննարկուննբերի ֆոնին։

Անցած ամիս՝ «Համասի» ու Իսրայելի միջև սկսված ռազմական գործողություններից հետո, Մասկն առաջարկել էր «Starlink»-ն օգտագործել Գազայի հատվածում «միջազգային ճանաչում ունեցող մարդասիրական կազմակերպությունների» հաղորդակցությանն աջակցելու համար:

Այդ ժամանակ Իսրայելի կապի նախարար Շլոմո Կարխին դեմ էր արտահայտվել՝ նշելով, թե «Համասը» կօգտագործի այն՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»:

Այնուամենայնիվ, նախարարը երկուշաբթի հայտարարել է, որ Իսրայելը և Մասկը սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել, որ ««Starlink»-ի սարքերը կարող են օգտագործվել միայն Իսրայելի կապի նախարարության թույլտվությամբ՝ ներառյալ Գազայի հատվածում»:

«X»-ում Մասկին ուղղված գրառման մեջ, Կարխին հույս էր հայտնել, որ նրաա այցը Իսրայել «կամրապնդի կապը հրեա ժողովրդի ու այն արժեքների հետ, որոնք կիսում են աշխարհի հետ»:

Մասկը դեմ է արտահայտվել հակասեմականությանը և այն ամենին, ինչ «ատելություն է խթանում», ներառյալ՝ «X» հարթակում:

Մերձավորարևելյան հակամարտության ֆոնին՝ ողջ աշխարհում հակասեմականության ու իսլամաֆոբիայի աճ է գրանցվում, թեև ներկայում Իսրայելն ու «Համասը» զինադադարի մեջ են՝ փոխադարձաբար ազատ արձակեով պատանդներին ու բանտարկյալներին։

Նոյեմբերի 15-ին «X» հարթակում Մասկն իր համաձայնությունն էր հայտնել հրապարակված մի գրառման հետ, ուր պնդում կար, թե իբր հրեաները ատելություն են հրահրում սպիտակամորթների դեմ։ Սոցհարթակի սեփականատերը նշել էր, թե «Մեծ փոխարինման» դավադրապաշտական տեսության մասին հիշատակած օգտատերը «ճշմարտությունն» է ասում:

Սպիտակ տունը դատապարտել է «X»-ում «հակասեմական և ռասիստական ատելության քարոզչությունը»՝ նշելով, թե այդ ամենը «հակասում է ամերիկացիների հիմնական արժեքներին»:

Ամերիկյան խոշոր ընկերությունները, այդ թվում՝ «Walt Disney»-ը, «Warner Bros Discovery»-ն և «NBC Universal»-ը դադարեցրել են իրենց գովազդները Մասկին պատկանող սոցիալական հարթակում:

«Մեծ փոխարինում» կոչվող դավադրապաշտական տեսության համաձայն, հրեաները և ձախակողմյան ակտիվիստները ծրագրում են արևմտյան երկրների սպիտակ բնակչության էթնիկ և մշակութային փոխարինումը ոչ սպիտակամորթ ներգաղթյալներով, ինչը կհանգեցնի «սպիտակ ժողովրդի ցեղասպանությանը»:

Հակասեմականության դեմ պայքարող «Anti-Defamation League»-ի համաձայն, Գազայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, ԱՄՆ-ում հակասեմական միջադեպերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 400%-ով:

Մասկն ընդգծել է, որ «X»-ը հարթակ է՝ տարբեր տեսակետներ հրապարակելու համար, սակայն ընկերությունը կսահմանափակի որոշ հաղորդագրությունների տարածումը, որոնք կարող են խախտել ընկերության քաղաքականությունը՝ նշելով, թե կողմ են ազատ խոսքին, ոչ տեղեկատվության ազատ տարածմանը։