Հյուսիսային Կորեայի հաղորդմամբ, հաջողությամբ տիեզերք է արձակել լրտեսական արբանյակ

2023 թվականի նոյեմբերի 22-ին Հյուսիսային Կորեայի պաշտոնական կենտրոնական լրատվական գործակալությունից (KCNA) վերցված նկար

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ երեքշաբթի ուշ երեկոյան հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել իր առաջին լրտեսական արբանյակը՝ խոստանալով կարճ ժամանակ անց տիեզերք արձակել ևս մի քանիսը։ Նման արբանյակները կարող են ընդլայնել Փհենյանի հնարավորությունները՝ ԱՄՆ և Հարավային Կորեայի ռազմուժին հետևելու գործում

Հյուսիսային Կորեան վերահսկել է արբանյակների արձակումը․ տեղի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ լրտեսական արբանյակը հաջողությամբ դուրս է բերվել ուղեծիր: Փհենյանը նպատակ ունի լրտեսական արբանյակների միջոցով վերահսկել ԱՄՆ ու տարածաշրջանում Վաշինգտոնի դաշնակիցների զորքերի տեղաշարժը, սակայն, ըստ դիտորդների, շատ բան կախված կլինի այդ սարքերի արած պատկերների որակից ու քանակից:

Այս տարվա սկզբին Հարավային Կորեայի զինվորականները ծովում հայտնաբերել էին հյուսիսկորեական արբանյակի մասեր: Նշվեց, թե սարքը ռազմական նշանակության չէ, սակայն, ըստ վերլուծաբան Թիանրան Սյուի, նման պնդումը առնվազն վիճելի է:

«Անգամ տարրական հնարավորություններով արբանյակը կարող է բարելավել Հյուսիսային Կորեայի իրազեկվածության մակարդակը»,- ասում է նա:

Թեև երեքշաբթի՝ հյուսիսկորեական արբանյակի արձակումը անակնկալ չէր, սակայն այդ պատճառով Ճապոնիայի հարավում իշխանություններն անգամ նախազգուշացրեցին մարդկանց՝ պատրաստ լինել տարհանման։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան դատապարտել է Փհենյանի քայլը։

«Նույնիսկ եթե նպատակը արբանյակի արձակումն է՝ [Հյուսիսային Կորեայի կողմից] բալիստիկ հրթիռների օգտագործումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի կոպիտ խախտում է: Այն լուրջ խնդիր է, որը մեծապես վերաբերում է մեր ժողովրդի անվտանգությանը»,- ասել է Կիսիդան:

Արձագանքելով Փհենյանի քայլին՝ Մեծ Բրիտանիայում պետական այցով գտնվող Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը կարգադրել է մասամբ կասեցնել երկու Կորեաների միջև կնքված ռազմական համաձայնագրի կատարումը։

Համաձայնագիրը կնքվեց 2018 թվականին՝ Սեուլի ու Փհենյանի միջև հազվադեպ՝ համեմատաբար բարիդրացիական հարաբերությունների ժամանակաշրջանում։

Այդ փուլը, սակայն, կարճ տևեց, քանի որ շուտով Հյուսիսային Կորեան վերսկսեց իր ռազմական փորձարկումները:

Այս ամսվա վերջին Հարավային Կորեան նախատեսում է արձակել տեղական արտադրության առաջին լրտեսական արբանյակը՝ «SpaceX» հրթիռի միջոցով: