ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է իսրայելցի պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ

Գազայում պահվող իսրայելցի պատանդների հարազատները և բարեկամները երթի են մասնակցել վերջիններիս լուսանկարներով, Իսրայել, 2023 թվականի նոյեմբերի 16

Սպիտակ տունը հայտնել է, որ իր ջանքերն առավել, քան երբևէ մոտ են համաձայնության կայացմանը, ըստ որի «Համասը» պետք է ազատ արձակի շուրջ 230 պատանդների։ Վաշինգտոնը ընդգծել է՝ չի ցանկանում, որպեսզի Գազայի հիվանդանոցները վերածվեն մարտադաշտի։

Սպիտակ տան փոխանցմամբ, շարունակվում են ինտենսիվ աշխատանքները «Համասի» կողմից պատանդառված մարդկանց ազատ արձակելու ուղղությամբ, սակայն համաձայնություն դեռ չկա։

Միևնույն ժամանակ, Գազայում գտնվող մեկ այլ բուժհաստատություն՝ «Ինդոնեզական հիվանդանոցը», հայտնվել է իսրայելական ուժերի թիրախում:

«Չենք ցանկանում որ հիվանդանոցները վերածվեն մարտադաշտի: Որևէ տեղեկություն չունեմ «Ինդոնեզական հիվանդանոցի» վերաբերյալ: Փոխարենը, «Ալ-Շիֆա» [հիվանդանոցի] դեպքում ունեինք տվյալներ, որոնք հաստատում էին Իսրայելի պնդումները, թե «Համասն» օգտագործում էր հիվանդանոցը որպես [տեղաշարժվելու, կապի] հանգույց»,- արձագանքելով «Ամերիկայի ձայնի» հարցին՝ նշել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:

Your browser doesn’t support HTML5

Չենք ցանկանում, որպեսզի հիվանդանոցները վերածվեն մարտադաշտի․ Սպիտակ տունը՝ Իսրայելի կողմից Գազայում մեկ այլ հիվանդանոցի թիրախավորման մասին

Քիրբին ընդգծել է՝ տեղյակ է, որ Գազայում հիվանդանոցները լի են հիվանդներով, որոնք չեն կարողանում տեղաշարժվել, և բժիշկներն ու բուժքույրերը փորձում են հոգ տանել նրանց մասին: Ամերիկացի պաշտոնյայի խոսքով, Իսրայելի խնդիրն է, որպեսզի մի կողմում դնի գետնին առկա իրողությունը, մյուս կողմում՝ այն փաստը, որ «Համասն» օգտագործում է հիվանդանոցները որպես թաքստոց իր զինյալների համար:

«Ամերիկայի ձայնի» զրուցակիցն է Ջակարտայում գործող «MER-C» կազմակերպության նախագահը, որի գլխավորած ընկերությունն է կառուցել Գազայի «Ինդոնեզական հիվանդանոցը»:

«Գրոհել են երրորդ հարկի ուղղությամբ։ Վերակենդանացման բաժանմունքում իսկական քաոս էր՝ ավելի քան 700 ծանր վիրավորներ, 12 զոհվածներ, այդ թվում՝ երկու բժիշկ՝ վիրաբույժ, եթե չեմ սխալվում»,- ասում է «MER-C»-ի նախագահ Սարբինի Աբդուլ Մուրադը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ, թե ռազմական գործողությունների ավարտից հետո, Գազայի հատվածը և Հորդանան գետի արևմտյան ափը պետք է ղեկավարվեն Պաղեստինի Ինքնավարության կողմից, ոչ թե «Համասի»:

Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Մերձավոր Արևելքի ինստիտուտի ներկյացուցիչ Բրայան Քաթուլիսը նշել է՝ թեև մերձավորարևելյան խնդրի վերաբերյալ Բայդենը «որոշ կարևոր գաղափարներ ունի», բայց անգամ ԱՄՆ ու Իսրայելի միջև փոխհամաձայնություն չկա՝ «պատերազմի ավարտից հետո եկող օրվա վերաբերյալ»:

«Միացյալ Նահանգների կարծիքով, կարող է լինել ինչ-որ արաբական ուժ, որը որոշ ժամանակով կօգնի կառավարել Գազայի հատվածը, սակայն այդ գաղափարը հանդիպում է արաբական երկրների արտգործնախարարների մեծ մասի, այդ թվում՝ Հորդանանի արտգործնախարարի, մերժմանը: Ուստի, դեռ շատ աշխատանք կա անելու՝ կարճաժամկետ հարցերի՝ պատանդների ազատ արձակման, կրակի դադարեցման, լուծման ուղղությամբ, այնպես էլ՝ երկարաժամկետ խնդիրների հանգուցալուծման նպատակով՝ օրինակ, թե ինչպիսին է պետք է լինի [պաղեստինյան] կենսունակ պետությունը»,- ասում է Քաթուլիսը:

Այս ամենի ֆոնին՝ Գազայում՝ պաղեստինցի խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճող թիվը մեծացնում է ճնշումը Սպիտակ տան ղեկավարի նկատմամբ: «Համասի» կողմից վերահսկվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, հոկտեմբերի 7-ից ի վեր՝ իսրայելական ուժերի գրոհների հետևանքով սպանվել է ավելի քան 13 հազար պաղեստինցի: