Գազայի ամենամեծ՝ «Ալ-Շիֆա» հիվանդանոցը հայտնվել է Իսրայել-«Համաս» հակամարտության կենտրոնում: «Համասի» ղեկավարած առողջապահության նախարարությունը հրապարակել է մի տեսանյութ, ուր պատկերված է հիվանդանոց իսրայելական ուժերի ներխուժման պահը, և թե ինչպես են հիվանդներին տեղափոխում ծխով լի միջանցքներով:
Տեսանյութ է հրապարակել նաև իսրայելական բանակը, ուր ցուցադրված են հիվանդանոցում հայտնաբերված և, ըստ իսրայելական կողմի, «Համասի» զինյալներին պատկանող զենքերն ու տարաբնույթ տեխնիկան։ Վերջինս հերքում է, որ բժշկական կենտրոնն օգտագործվել է ռազմական նպատակներով։
Հայտարարությամբ է հանդես եկել նախագահ Բայդենը, թե «Համասի» կողմից հիվանդանոցի տարածքն ու շրջակայքը զենքերի պահեստ ու զինյալների տեղակայման վայր վերածելը, պատերազմական հանցագործություն է: Սպիտակ տան ղեկավարի ներկայացմամբ, «Ալ-Շիֆայի» գործողության ժամանակ Իսրայելը գործել է փոքր ուժերով և զգուշորեն՝ ընդգծելով, որ Թել Ավիվի հետ Վաշինգտոնը քննարկել էր «զգուշորեն գործելու անհրաժեշտությունը»:
Հիշեցնենք, ԱՄՆ-ն ճանաչել է «Համասը» ահաբեկչական կազմակերպություն։
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվել է ավելի քան 11 400 պաղեստինցի։ Հոկտեմբերի 7-ին հրեական պետության դեմ «Համասի» իրականացրած գրոհի հետևանքով սպանվել են 1400 իսրայելցիներ, պատանդ է տարվել շուրջ 240-ը:
Բայդենն անդրադարձել է հարցին թե երբ կավարտվեն ռազմական գործողությունները․ «Կարծում եմ, որ այն կդադարի, երբ «Համասն» այլևս զրկվի իսրայելցիներին սպանելու, սարսափելի այլ բաներ անելու կարողությունից»:
ԱՄՆ պետքարտուղարությունում՝ ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են խոսնակ Մեթյու Միլլերից, թե ինչու Միացյալ Նահանգների նախագահը կոչ չի անում դադարեցնել կրակը՝ նշելով, որ ըստ հարցումների բազմաթիվ ամերիկացիներ կողմ են Գազայում կրակի դադարեցմանը:
«Մեր որոշումները չենք կայացնում հարցումների հիման վրա, և նախագահն ու պետքարտուղարը եկել են այն եզրակացության, որ այժմ հրադադարը օգուտ կբերի միայն «Համասին»»,- արձագանքել է Միլլերը:
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Միջազգային հարաբերությունների Չիկագոյի խորհրդի ներկայացուցիչ Էլիզաբեթ Շաքելֆորդը նշել է, որ Իսրայելին ցուցաբերվող ամերիկյան ընդլայնվող աջակցության թիկունքին ԱՄՆ Կոնգրեսի զույգ կուսակցություններն են՝ հավելելով, թե, անշուշտ, Վաշինգտոնը կարող է օգտագործել հրեական պետության նկատմամբ ունցած լծակները՝ հասնելու, որ քիչ զոհեր լինեն պաղեստինցի խաղաղ բնակչության շրջանում․ «Ամերիկացի պաշտոնյաներն, օրինակ, խորհուրդ են տալիս Իսրայելին օգտագործել փոքր հզորության ռումբեր, որոնք կարող են սահմանափակ կողմնակի վնասներ պատճառել, այդ թվում՝ հարվածելով քաղաքացիական անձանց»:
Հինգշաբթի Իսրայելը կոչ արեց պաղեստինցիներին թողնել հարավային Գազայի չորս բնակավայրեր։ Սա մտահոգության տեղիք է տվել՝ արդյո՞ք ռազմական գործողությունները տարածվելու են նաև Գազայի հարավային հատվածում, ուր նախորդ շաբաթներին խմբվել են բազմաթիվ պաղեստինցիներ՝ փախչելով ռազմական գործողությունների արհավիրքից։