Ներկայացուցիչների պալատը դատապարտեց կոնգրեսական Թլայբին` մերձավորարևելյան հակամարտության վերաբերյալ աղմկահարույց հայտարարությունների համար

Միչիգանից ընտրված դեմոկրատ պատգամավոր Ռաշիդա Թլայբ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի ուշ երեկոյան քվեարկությամբ դատապարտեց Միչիգանից ընտրված դեմոկրատ պատգամավոր Ռաշիդա Թլայբին՝ պաղեստինյան ծագմամբ միակ կոնգրեսականին։

234 կողմ, 188 դեմ ձայների հարաբերակցությունը ստացվեց այն բանից հետո, երբ բավականաչափ դեմոկրատներ միացան հանրապետականներին՝ դատապարտելու իրենց կուսակցին, որից հետո կարող է հետևել Ներկայացուցիչների պալատից նրան հեռացնելու քայլը: Երեք անգամ Կոնգրես անցած Թլայբը հայտնվել էր քննադատության թիրախում՝ մերձավորարևելյան հակամարտության վերաբերյալ իր աղմկահարույց հայտարարությունների համար:

Երեքշաբթի կայացած քննարկումը բուռն էր։ Ջորջիա նահանգնից ընտրված հանրապետական պատգամավոր Ռիչ ՄըքՔորմիքը Թլայբին մեղադրեց, թե նա «անհավանական կեղծիքներ է տարածել մեր ամենամեծ դաշնակցի՝ Իսրայելի և հոկտեմբերի 7-ի հարձակման մասին»:

Թլայբն արձագանքեց, որ չի լռի, և թույլ չի տա, որ խեղաթյուրեն իր խոսքերը՝ հավելելով, թե իր քննադատությունը հրեական պետության հասցեին միշտ ուղղված է եղել նրա կառավարությանը։

«Կարևոր է մարդկանց ու իշխանության տարանջատումը։ Գաղափարը, որ Իսրայելի կառավարությանը քննադատելը հակասեմական քայլ է, շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում: Եվ այն օգտագործվում է լռեցնելու տարբեր ձայներ, որոնք հնչում են մեր երկրում՝ մարդու իրավունքների մասին»,- ասաց Ռաշիդա Թլայբը:

Դեմոկրատ կանգրեսականի հասցեին քննադատությունն էլ ավելի սրվեց, երբ «Համաս»
խմբավորման զինյալները հոկտեմբերի 7-ի գրոհեցին հրեական պետությունը՝ սպանելով մոտ 1 400 իսրայելցիների: Թլայբը, ում ընտանիքի մի մաս տակավին բնակվում է Հորդանան գետի արևմտյան ափին, խիստ քննադատության ենթարկվեց, երբ խուսափեց դատապարտել «Համասի» գրոհայինների արարքը։

Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։

Ի սկզբանե բոլոր դեմոկրատները Թլայբի կողքին էին, և այդ պատճառով նրան դատապարտելու նախորդ շաբաթ արված փորձը տապալվեց, սակայն ժամանակ անց նրա գործընկերներից շատերը, այդ թվում՝ նշանավոր հրեա կոնգրեսականներ, մտքափոխ եղան՝ հատկապես Թլայբի այն արտահայտությունների պատճառով, որ հիշեցնում են Իսրայելի հակառակորդ պետությունների, խմբավորումների հռետորաբանությունը։

Ի վերջո, երեքշաբթի երեկոյան մոտ քսան դեմոկրատ կոնգրեսականներ միացան հանրապետականներին՝ դատապարտելով Թլայբին։

Մինչ երկու կուսակցությունների մեծամասնությունը պատմականորեն ամուր կանգնած է Իսրայելի կողքին, դեմոկրատների շրջանում երբեմն տարաձայնություններ են ի հայտ գալիս մերձավորարևելյան հակամարտության ուղղությամբ Վաշինգտոնի քաղաքականության շուրջ:

Հրեա կոնգրեսական, դեմոկրատ Բրեդ Շնայդերն անդրադարձավ օգտագործվող «[Հորդանան] գետից մինչև ծով» կարգախոսը, որը ճիշտ այն տարածքն է, ուր գտվում են այսօրվա Իսրայելն ու Պաղեստինը․ «Այն պարզապես Իսրայելը ոչնչացնելու և հրեաներին սպանելու կոչ է։ Մի՛շտ պաշտպանելու եմ ազատ խոսքի իրավունքը։ Թլայբն իրավունք ունի ասել այն, ինչ ցանկանում է, սակայն այս խոսքերը չեն կարող անպատասխան մնալ»։

Թեև Ներկայացուցիչների պալատի կողմից դատապարտումը իրավական հետևանքներ չի ունենում, բայց համարվում է կոշտ նախատինք գործընկերների կողմից, քանի որ քննադատության ենթարկված օրենսդրին, սովորաբար, խնդրում են կանգնել պալատի կենտրոնում, երբ բարձրաձայն ընթերցվում է նրա դեմ ուղղված բանաձևը:

Սակայն Թլայբի դեմ ընդունված բանաձևը նման տարբերակ՝ հանրային դատապարտում չէր նախատեսում։

Թլայբը՝ երկրորդ մահմեդական կին կոնգրեսականն է, ում այս տարի պաշտոնապես դատապարտում են են հրեական պետության հասցեին անընդունելի հայտարարությունների համար:

Ներկայացուցիչների պալատի մեկ այլ մահմեդական կին անդամ Իլհան Օմարը փետրվարին հեռացվեց Կոնգրեսի ստորին պալատի ազդեցիկ՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովից՝ Իսրայելի հասցեին արված նմանատիպ հայտարարությունների համար:

Դեմոկրատների շրջանում ձախամետ դիրքորոշում ունեցող կոնգրեսականներից ոմանք քննադատում են նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով նրանից Իսրայելին ցուցաբերվող աջակցությունը պայմանավորել Գազայում իսրայելական բանակի գործողությունների մեղմացմամբ, քանզի պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գնալով աճում է։

Թեև Թլայբին դատապարռող բանաձևը ընդունվեց մերձավորարևելյան սուր հակամարտության ֆոնին, սակայն նման գործելաոճը սովորական է դարձել նախորդ տարիներին։

Տևական ժամանակ նման բանաձևերը դիտարկվում էին, որպես վերջին նախազգուշացում՝ Կոնգրեսից վտարելուց առաջ, և դիտարկվում էին ծանր համարվող դեպքերի ժամանակ, սակայն նախորդ տարիներին այդ բանաձևերը սովորական դարձան։

Մյուս կողմից, քիչ չէին այն դեմոկրատներն ու հանրապետականներ, ովքեր դեմ էին Թլայբին դատապարտելուն՝ հիմնավորելով, թե նման քայլը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել խոսքի ազատության սահմանափակման ուղղությամբ։

«Նման բանաձևը ոչ միայն նսեմացնում է մեր Սահմանադրությունը, այլև արժեզրկում է այդ բանաձևերը, որոնք նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր, իրականում, աններելի գործողություններ են կատարել՝ կաշառակերություն, խարդախություն, բռնություն և այլն»,- ասաց պատգամավոր Ջեյմի Ռասկինը, ով, ի դեպ, սատարում էր Թլայբին:

Նշենք, որ Թլայբի դեմ նախապատրաստվել էր ևս մեկ բանաձև՝ հանրապետական կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինի կողմից, սակայն այն չներկայացվեց քվեարկության, քանի որ անցավ ՄըքՔորմիքի բանաձևը:

Թլաիբն 26-րդ կոնգրեսականն է, որոնք երբևե արժանացել են Ներկայացուցիչների պալատի դատապարտմանը, և երկրորդ օրենսդիրն այս տարի: Այս հունիսին հանրապետականները քվեարկեցին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆին դատապարտող բանաձևի օգտին, ով մի քանի տարի առաջ անդրադարձել էր այդ ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի հետաքննությանը:

Երբ Ներկայացուցիչների պալատը դեմոկրատների վերահսկողության ներքո էր, 2021 թվականին դատապարտվեց Արիզոնայից ընտրված հանրապետական պատգամավոր Փոլ Գոսարը: Ավելի վաղ՝ 2010 թվականին Ներկայացուցիչների տունը որոշել էր դատապարտել Նյու Յորքից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Չարլի Ռանգելին: