Իսրայելում հանրության ուշադրությունը կենտրոնացած է մոտ 240 պատանդների, այդ թվում՝ 30 երեխաների ճակատագրի ուղղությամբ։ Պատանդներին ազատ արձակումը պահաջող ցույցերը ավելի հաճախակի են դարձել՝ պնդելով, թե Իսրայելը պետք է մերժի հրադադարի հաստատումը, թույլ չտա մարդասիրական օգնության առաքումը Գազա, քանի դեռ պատանդները չեն ազատվել:
Պատանդներին ազատելու հարցերով նախկին բանակցող Գերշոն Բասկինն կարծում է, որ անազատության մեջ գտնվող այդ մարդկանց մեծ մասը դեռ ողջ է և պահվում է Գազայի ստորգետնյա թունելներում:
«Նրանց, հավանաբար, խնամում են։ Չեմ հավատում, որ նրանց խոշտանգում են։ Նրանք, հավանաբար, ունեն նվազագույն սնունդ, որն անհրաժեշտ է կենդանի մնալու համար, ջուր, գուցե՝ նույնիսկ բժշկական ինչ-որ պարագաներ, քանի որ «Համասը» նրանց համարում է արժեքավոր՝ պաղեստինցի բանտարկյալներին իսրայելական բանտերից ազատելու համար»,- ասում է Բասկինը:
Բազմաթիվ իսրայելցիների խոսքով, «Համասի» զինյալների կողմից 1 400 իսրայելցիների դաժան սպանությունը, առևանգումները, ինչպես նաև Գազայում իսրայելական բանակի աճող կորուստները, խաթարել են նրանց ապահովության զգացումը:
«Իսրայելական հասարակությունը երբեք այսչափ խոցված չի եղել։ [Պատճառը] ոչ միայն զոհերի, պատանդների հսկայական թիվն է, այլև հազարից ավելի իսրայելցիներին մորթելու եղանակը: Եվ սա դեմ է դուրս գալիս այս պետության հիմնադրման գլխավոր գաղափարին, որ Իսրայելը ստեղծվել է հրեա ժողովրդի համար ապահով ապաստան լինելու համար: Իսրայելի [ստեղծման] նպատակը այն չէր, որ այլևս երբեք չենք հանդիպի ցեղասպան թշնամու, այլ այն, որ հրեաները երբեք անօգնական չեն մահանա»,- ասում է Շալոմ Հարթման ինստիտուտի ավագ գիտաշխատող Յոսի Քլեին Հալևին:
Գազայի խաղաղ բնակիչները նույնպես իրենց անօգնական են զգում։ Զոհերի մեծ թիվը և համատարած ավերածությունները սարսափ են տարածում ավելի քան 2 միլիոն պաղեստինցիների շրջանում՝ հարկադրելով շատերին լքել հարազատ տները: Թեև իսրայելական բանակը նախազգուշացրել է քաղաքացիական անձանց՝ հեռանալ Գազայի հյուսիսային հատվածից, ուր գործողություններ են ձեռնարկվում «Համասի» դեմ, սակայն վերջերս իսրայելական ռազմուժը սկսել է թիրախավորել նաև Գազայի հարավը:
«Երբ մեզ ռմբակոծեցին, կորցրեցի գիտակցությունս: Եղբայրս՝ Զեյդը և երկու զարմիկներս նահատակվեցին։ Երրորդին դեռ չենք գտնում։ Տան տերը, նրա որդին նույնպես մահացան: Երևի 10-ից ավելի մարդ նահատակվեց, մյուսները՝ վիրավոր են»,- ասում է «Նուսեյրաթ» փախստականների ճամբարում բնակվող Քարեմ Մաթարը:
Իսրայելի պաշոնական ներկայացուցիչների խոսքով, հակամարտությունը կավարտվի միայն այն դեպքում, երբ կոչնչացվի «Համասի» ռազմական ենթակառուցվածքը: Չնայած այս դիրքորոշմանը, անգամ Վաշինգտոնն է մեծացնում ճնշումը Թել Ավիվի նկատմամբ՝ հասնելու ժամանակավոր զինադադարի ձեռքբերմանը, ինչը դեռ մերժվում է Իսրայալի կողմից։
Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։