Միացյալ Նահանգները հերքել ու անհեթեթ է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պնդումները, թե Արևմուտքն ու Ուկրաինան էին կանգնած անցած հանգստյան օրերին Դաղստանի օդանավակայանում տեղի ունեցած հակաիսրայելական անկարգությունների հետևում։
Հանդես գալով հեռուստատեսությամբ՝ Պուտինը հայտարարել է, որ Արևմուտքն ու Ուկրաինան են «մահացու քաոսի» հեղինակը՝ հավելելով, թե «ԱՄՆ ներկայիս իշխող վերնախավը և նրա արբանյակները համաշխարհային անկայունության հիմնական շահառուներն են»։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին այս հայտարարություններն անվանել է «դասական ռուսական հռետորաբանություն» և ընդգծել՝ «Արևմուտքը կապ չունի [տեղի ունեցածի] հետ»։
Your browser doesn’t support HTML5
«Սա պարզապես ատելություն է, մոլեռանդություն և ահաբեկում»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:
Պաշտոնական Կիևը նույնպես հերքել է իր առնչությունը կիրակնօրյա անկարգություններին, երբ հարյուրավոր մարդիկ ներխուժել էին Մախաչկալայի օդանավակայան ՝ վանկարկելով հակահրեական կոչեր ու բողոքելով Թել Ավիվից ինքնաթիռի ժամանման դեմ:
«Իհարկե, Ուկրաինան կապ չունի Ռուսաստանի Դաշնության տարածքում այլատյացության վերջին լայնածավալ դրսևորման հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Հոկտեմբերի 29-ի երեկոյան տարածված հայտարարությամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակն ընդգծել էր, թե հրեական պետությունն «ակնկալում է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները կապահովեն Իսրայելի բոլոր քաղաքացիների և հրեաների անվտանգությունը, որտեղ էլ որ նրանք լինեն, և վճռականորեն կգործեն հրեաների և իսրայելցիների [նկատմամբ ծավալվող] անկարգությունների դեմ»:
Փորձագետների մեկնաբանությունները
Անշուշտ, Արևմուտքն ու Ուկրաինան այս ամենի հետ կապ չունեն՝ համոզված է Կարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Անդրեյ Կոլեսնիկովը՝ հավելելով, թե Կրեմլը, հավանաբար, իր հայտարարությունները հաստատող որևէ ապացույց չունի։
«Բայց սա հնարավորություն է ռուսների գիտակցության մեջ ևս մեկ անգամ մտցնել դավադրության մասին տեսությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ն է կանգնած բոլոր անկարգությունների և պատերազմների հետևում։ [Պուտինի կողմից արված նման հայտարարությունը] նաև ռուսաստանցի մահմեդականների գործողությունների արդարացում է, քանզի նրանք Պուտինի համար կարևոր են և՛ որպես ընտրող, և՛ որպես թնդանոթի միս»,- «Ամերկայի ձայնի» ռուսական ծառայությանը փոխանցել է Կոլեսնիկովը։
Նա ուշադրություն հրավիրեց՝ ինչպես «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի ապստամբության ժամանակ էր, կրկին, ականտես ենք լինում ռուսաստանյան անվտանգության մարմինների թուլությանը․ «Ռուսաստանյան իրավապահ մարմինները գիտեն, թե ինչպես ճնշել բացառապես ազատական բողոքները, բայց ոչինչ չեն կարող անել, երբ ապստամբում է տեղի ժողովուրդը՝ ընդ որում, միանգամայն հանցավոր ձևով»։
Կարնեգի հիմնադրամի փորձագետը համոզված է՝ եթե Կրեմլը բացահայտ կերպով չանցներ «Համասի» կողմը, ապա նման անկարգություններ չէին ծագի, առնվազն՝ նման մասշտաբով․ «Պուտինյան Ռուսաստանի մոդելը՝ որպես յուրատեսակ «քաղաքակրթական պետություն», որը միավորում է տարբեր ժողովուրդների և մշակույթների, չի գործում։ Մի բան է Կրեմլում նստել գրպանային մուֆթիի, պատրիարքի և ռաբբիի հետ, այլ բան է իրականությունը: Բացի այդ, շնորհիվ [Ուկրաինայի դեմ ընթացող], այսպես կոչված, «հատուկ ռազմական օպերացիայի»՝ հասարակության մեջ բռնությունը դարձել է առօրյա մի երևույթ և նոր նորմ»։
Հրապարակախոս Գրիգորի Ամնուելի խոսքով, Մախաչկալայի և Հյուսիսային Կովկասի այլ շրջաններում տեղ գտած իրադարձությունների վերաբերյալ Պուտինի հայտարարությունը հին՝ խորհրդային ավանդույթների ոճով էր, որոնք բոլոր դժբախտությունների համար մեղադրում էին Արևմուտքին և «նրա արբանյակներին»։
«Դաղստանում հակաիսրայելական տրամադրություններն ինքնաբերաբար չեն առաջացել։ Կրեմլի ողջ քաղաքականությունն ուղղված է ազգամիջյան ատելություն սերմանելուն, և այստեղ էլ օգտակար է հակասեմականությունը»,- «Ամերիկայի ձայնին» փոխանցել է Ամնուելը:
Հրապարակախոսի ներկայացմամբ, ամբոխին բորբոքելու համար անգամ հատուկ ջանքեր պետք չեն. «Նույնիսկ լուցկի պետք չէ։ Մեկ կայծը բավական է։ Պարարտ հողը վաղուց է առկա։ Կրեմլի քարոզչամեքենան շարունակաբար պնդում է, թե ամբողջ Արևմուտքն աշխատում է Ռուսաստանի դեմ։ Այստեղից էլ՝ Իսրայելի հանդեպ ատելությունը, որը, հասարակ մարդկանց գիտակցությամբ, անշուշտ Արևմուտքի դաշնակիցն է։ Գումարած՝ հայտնի է, որ Իսրայելը հատուկ հարաբերություններ ունի ԱՄՆ հետ, որը երաշխավորում է մերձավորարևելյան այդ երկրի անկախությունն ու անվտանգությունը»։
Գրիգորի Ամնուելի կարծիքով, տեղի ունեցածը դժվար է հրեական ջարդեր անվանել․ «Դաղստանում, ըստ էության, հրեաներ չկան։ Կան մարդիկ, ովքեր դավանում են հուդայականություն՝ այսպես կոչված, լեռնային հրեաներ կամ թաթեր: Դա ավելի շուտ նպատակ է ցույց տալ Արևմուտքին, որ Կրեմլը մերձավորարևելյան իր քաղաքականությունում առաջնորդվում է «ժողովրդի»՝ մահմեդական զանգվածների ցանկությամբ, ինչպես նաև ցույց տալ, որ հյուսիսկովկասյան ժողովուրդները համերաշխ են պաշտոնական [Կրեմլի] քաղաքականության հետ»։
Ամնուելը եզրափակել է՝ կա այլ գործոն․ նման կերպ Մոսկվան, կարծես, փորձում է վերահասցեավորել տարածաշրջանում կուտակված դժգոհությունը, այդ թվում՝ կապված Ուկրաինայում շարունակվող արյունալի և անհասկանալի պատերազմի հետ․ «Միաժամանակ, նրանք հստակ չեն հաշվարկել բոլոր հետևանքները։ Չափն անցան: Նույն ներկայացումն է, ինչ Կրեմլի բեմադրած մյուսները։ Նրանք ցանկանում էին դրամատիզմ ավելացնել և թեժացնել իրավիճակը, բայց այն, ինչ ստացվեց՝ մահմեդականների անմիտ և անողոք խռովությունն էր: Սա ներկայացում է, բայց չստացված։ Բնավ չեմ զարմանա, եթե պարզվի, որ սցենարիստները ուժայիններն են, որոնց շրջանում միշտ տարածված է եղել հակասեմականությունը»։