220 կողմ 209 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետականները վերջապես կարողացան եզրափակել Կոնգրեսի ստորին պալատի ղեկավարի ընտրության՝ երեք շաբաթ շարունակվող աղմկահարույց գործընթացը:
Ներկայացուցիչների տան նոր խոսնակը պահպանողական հանրապետական կոնգրեսական Մայք Ջոնսոնն է։
«Խորը հավատ ունեցող անձնավորություն է Մայքը, ով մարմնավորում է [իր ժողովրդին] ծառայող առաջնորդի: Մեծ հարգանք վայելող սահմանադրական իրավաբան Մայքն իր կյանքը նվիրել է Ամերիկային, ազատությանը և երջանկության հասնելու հիմնարար սկզբունքների պահպանմանը»,- ասել է հանրապետական կոնգրեսական Էլիզ Ստեֆանիկը:
Your browser doesn’t support HTML5
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը զուրկ էր խոսնակից և չէր կարողանում օրենքներ ընդունել հոկտեմբերի 3-ից ի վեր, երբ հանրապետական Քևին ՄըքՔարթին պաշտոնանկ արվեց Ներկայացուցիչների պալատի ղեկավարի պաշտոնից՝ աննախադեպ մի քայլ ԱՄՆ պատմության ընթացքում: ՄըքՔարթին թողեց իր պաշտոնը՝ պահպանողական թևի հանրապետական ութ կոնգրեսականների շնորհիվ, քանի որ Ներկայացուցիչնրի տունը հավանության էր արժանացրել կառավարության կարճաժամկետ ֆինանսավորման օրինագիծը:
«Վերջին տասնամյակում Հանրապետական կուսակցությունում ներքին տարաձայնությունները ակնառու են դարձել։ Կուսակցությունն, իրոք, ցնցում տարավ, երբ [կառավարության] ֆինանսավորման հարցի շուրջ պայքարում խոսնակ ՄըքՔարթին չկարողացավ բավարար ձայներ հավաքել կուսակիցների շրջանում»,- նշել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ներկայացուցիչ Քեյսի Բուրգաթը:
Խոսնակի աթոռին Ջոնսոնն առաջադրվեց երեքշաբթի ուշ երեկոյան, երբ մեկ այլ կոնգրեսական՝ Թոմ Էմերը հետ կանչեց իր թեկնածությունը՝ սոցցանցում քննադատության արժանանալով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Սպիտակ տան նախկին ղեկավարը Էմերին անվանել էր «սոսկ անվանապես հանրապետական»՝ ավելի ուշ գովաբանելով Ջոնսոնին:
«Կարծում եմ, Մայք Ջոնսոնն իրեն շատ լավ է դրսևորել: Փայլուն կոնգրեսական է, հարգված բոլորի կողմից: Չեմ լսել գեթ մեկ բացասական մեկնաբանություն նրա հասցեին։ Բոլորին դուր է գալիս, և հարգված է բոլորի կողմից»:
Ջոնսոնը՝ հղիության արհեսատական դադարեցման ընդգծված հակառակորդներից է և 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու ջատագովներից մեկը:
Ներկայացուցիչների տան բոլոր 209 դեմոկրատները քվեարկել են իրենց առաջնորդ Հակիմ Ջեֆրիսի օգտին՝ ընդգծելով, թե Ջոնսոնը ծայրահեղ տեսակետների տեր գործիչ է:
«Արդյո՞ք այս ամենը նպատակ չուներ, որ Կոնգրեսի հանրապետականները ընտրեն այն անձին, ով կարող է իրականացնել իրենց ծայրահեղ օրակարգը»,- ասել է դեմոկրատ կոնգրեսական Փիթ Ագիլերը:
Ամերիկացի օրենսդիրները ընդամենը 23 օր ունեն մինչև կառավարության կարճաժամկետ ֆինանսավորման օրինագծի գործունեության ավարտը: Սպասվում է, որ նրանք նաև քննարկելու են Սպիտակ տան առաջարկած օրինագիծը՝ Ուկրաինային 61 միլիարդ դոլար և Իսրայելին 14 միլիարդ դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ: