Իսրայել՝ «Համասի» զինյալների ներխուժումից ընդամենը երկու օր անց՝ Ռուսաստանի արտգործնախարարը Մոսկվայում հյուրընկալեց Արաբական լիգայի գլխավոր քարտուղարին, և Սերգեյ Լավրովը կրկնեց Կրեմլի դիրքորոշումը իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ․ «Կարող է լինել միայն մեկ նախաձեռնություն. կարգավորել իսրայելլա-պաղեստինյան խնդիրը ՄԱԿ-ում ընդունված որոշումների հիման վրա»:
Տևական ժամանակ է Ռուսաստանը ձգտում էր հավասարակշռություն պահպանել Իսրայելի և Պաղեստինի միջև։ Ռուսաստանյան այդ մոտեցումը գործում էր նաև Իրանի աջակցությունը վայելող «Համասի» պարագայում, որի ղեկավարներին Ռուսաստանի արտգործնախարարը հյուրընկալել էր Մոսկվայում 2022 թվականի սեպտեմբերին՝ գիտակցելով, որ նման քայլը կսրի հարաբերությունները իսրայելցիների հետ:
Your browser doesn’t support HTML5
Իսրայելա-պաղեստինյան հարցում խախտելով Ռուսաստանի լռությունը՝ նախագահ Վլադիմիր Պուտինը հարմար պահ համարեց մեղադրել Վաշինգտոնին՝ ներկայիս արյունահեղության համար․ «Սա Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների քաղաքականության ձախողման վառ օրինակն է, որը փորձում էր մենաշնորհ հաստատել [իսրայելա-պաղեստինյան խնդրի] լուծման գործում, բայց, ցավոք, շահագրգռված չէր՝ գտնելու կողմերի համար ընդունելի փոխզիջումներ»։
Պաշտոնական Վաշինգտոնը դեռ չի արձագանքել Պուտինին:
Վերլուծաբաների խոսքով, ԱՄՆ-ին քննադատելուց զատ, Ռուսաստանը հնարավորություն է փնտրում ուժեղացնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում:
«Ռուսաստանը ամուր կապեր ունի Իսրայելի հետ։ Չմոռանանք ուկրաինական պատերազմի հարցում Իսրայելի դիրքորոշումը, որը լուրջ քննադատության արժանացավ Արևմուտքում: Մյուս կողմից, Ռուսաստանն, իրոք, տևական հարաբերություններ ունի «Համասի» հետ, բայց, կարծում եմ, դրանք նույն կարգի չեն»,- ասում է «Chatham House»-ի փորձագետ Գալիպ Դալայը:
Սակայն այս հարցում Կրեմլի համար ամենախնդրահարույց գործոնն Իրանն է՝ «Համասի» և «Հեզբոլլահի» առանցքային աջակիցը։
Նման կարծիք ունի ռուսաստանցի քաղաքագետ Արկադի Դուբնովը․ «Ռուսաստանի ներգրավվածությունն, իրականում, նշանակում է, որ Մերձավոր Արևելքում սկիզբ առած հակամարտությունը Երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու ճանապարհին է։ Մոսկվան հակված չէ մեծ ռիսկի գնալ։ [Փոխարենը]՝ Իրանն է մեծ ռիսկի դիմում: Կարծում եմ, սա սցենարներից մեկն է, որը պետք է [դիտարկվի], եթե Իրանի ռազմական կցորդը՝ «Հեզբոլլահը» ներգրավվի ռազմական գործողություններում»:
Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին՝ մերձավորարևելյան զարգացումները նոր խնդրներ են ստեղծում համաշխարհային խաղաղության համար։