Միացյալ Նահանգները տարբեր ուղղություններով ջանքեր է գործադրում՝ մեղմելու Իսրայել-«Համաս» հակամարտությունը

Մի կադր՝ Բայդենի և Նեթանյահուի հանդիպումից

ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը կարգադրել է հավելյալ աջակցություն ցուցաբերել Իսրայելին, երբ հրեական պետությունը շաբաթ օրը անակնկալ հարձակման ենթարկվեց «Համաս» խմբավորման կողմից:

Իսրայելի կառավարության հայտարությունից հետո, թե երկիրն այլևս պատերազմի մեջ է, իսրայելական զինուժը նախորդ ժամերին շարունակել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում գտնվող թիրախներին։

Ինչպես հայտնի է, նախօերին՝ շաբաթ օրը հրեական պետությունը անակնկալ հարձակման ենթարկվեց «Համաս» խմբավորման կողմից:

Իսրայելում Միացյալ Նահագների դեսպանատունը հանդես է եկել ԱՄՆ քաղաքացիներին ուղղված նախազգուշացմամբ, թե իրավիճակը շարունակում է մնալ «անկանխատեսելի»։ Այս ամենին ֆոնին, ինչպես «ABC»-ին փոխանցել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Վաշինգտոնը շարունակում է ջանքերը՝ իրավիճակը մեղմելու համար։

«Հեռախոսազրույց եմ ունեցել Իսրայելի նախագահի և արտգործնախարարի հետ։ [ԱՄՆ] ողջ կառավարությունը կենտրոնացած է տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս գործադրվող ջանքերի ուղղությամբ՝ աջակցելու Իսրայելին և վստահ լինելու, որ յուրաքանչյուր երկիր օգտագործում է իր ունեցած ողջ ազդեցությունը՝ զսպելու «Համասին», ինչպես նաև համոզվելու, որ հակամարտությունը չի բռնկվի այլ շրջաններում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Ավելի քան 20 հազար մարդ արդեն ապաստան է խնդրել պաղեստինցի փախստականների համար ՄԱԿ-ի հովանու ներքո գործող դպրոցներում:

Your browser doesn’t support HTML5

Չնայած ներքին քաղաքական՝ Կոնգրեսում տիրող անկայուն իրավիճակին, Վաշինգտոնը հայտարարել է, թե կանգնած է Իսրայելի կողքին

«Համասի» կողմից ենթադրաբար պատանդ պահվող իսրայելցիների հարազատներն այցելել են ոստիկանական բաժանմունքներ՝ ԴՆԹ նմուշներ տրամադրելու համար, ինչը կարող է օգնել հետաքննությանը:

Վաշինգտոնը փորձում է հասկանալ՝ արդյո՞ք սպանվածների կամ պատանդների թվում կան ամերիկացիներ:

«Ցանկացած ամերիկացու, ով որևէ տեղ կալանավորված է կամ պատանդ է պահվում, [խնդիրը] առաջնահերթ է այս կառավարության, այս վարչակազմի համար»,- ընդգծել է Բլինքենը:

Տակավին ամբողջովին հստակ չէ, թե ինչպես է իրականացվել Իսրայելի նկատմամբ հարձակումը։ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու և ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, որ Վաշինգտոնը չի կարող իրեն թույլ տալ ուշադրությունից դուրս պահել [մերձավորարևելյան զարգացումները]՝ անգամ, եթե երկրում ներքաղաքական սուր պայքար է։

«Ամերիկան պետք է արթնանա։ Այս բացասականն ու մեզ բաժանող հանգամանքները պետք է մնան անցյալում: Պետք է կենտրոնանանք մեր և մեր ընկերների ազգային անվտանգության վրա»,- հայտարարել է նա:

Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Մեթ Գեյցը, ում նախաձեռնությամբ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Քևին ՄըքՔարթին վերջերս հրաժեշտ տվեց իր աթոռին, «NBC»-ի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ Ներկայացուցիչների պալատում առկա քաղաքական անորոշությունն իր ավարտը կունենա մոտ ապագայում, ինչ էլ թույլ կտա օժանդակության փաթեթ ձևավորել Իսրայելի համար։

«Կարծում եմ, շուտով կհամախմբվենք․ [Ներկայացուցիչների պալատի խոսնակի] երկու հիանալի ընտրություն ունենք»,- ասել է նա:

Սպիտակ տուն հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենն արդեն իսկ կարգադրել է հավելյալ աջակցություն է ցուցաբերել Իսրայելին, և նա սերտ կապի մեջ է Իսրայելի կառավարության հետ։