Բրյուսելը, Փարիզն ու Բեռլինը իրենց անսասան աջակցությունն են հայտնել ՀՀ-ի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը

Գերմանիայի կանցլեր Շոլցը, ՀՀ վարչապետ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը և Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հանդիպում են ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի լիագումար նիստի մեկնարկից առաջ Գրանադայում հոկտեմբերի 5-ին (Լուսանկարը՝ Լյուդովիկ ՄԱՐԻՆԻ / AFP)

ՀՀ վարչապետ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Շոլցը հանդիպել են քառակողմ ձևաչափով Բրյուսելում

Հիշեցնենք, որ Գրանադայում հոկտեմբերի 5- ին պետք է կայանար Ֆրանսիայի, Գերմանիայի ու ԵՄ առաջնոդների մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հնգակողմ հանդիպումը, սակայն նախագահ Ալիևը երեկ չեղարկեց իր մասնակցությունը: Ավեի ուշ Բաքուն հայտարարեց, որ պատրաստ է շարունակել բանակցությունները Հայաստանի հետ եռակողմ ձևաչափով Բրյուսելում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Եվրամիության խորհրդի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կհրավիրի հանդիպման համար մինչև հոկտեմբերի վերջը։ Դրա մասին, ըստ Reuters լրատվական գործակալության, լրագրողներին է փոխանցել Գրանադայում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Իսկ Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյուքում ԵՄ տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Գրանադայում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Your browser doesn’t support HTML5

ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի եւ Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։

Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ իր բոլոր չափումներով՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։

Նրանք ընդգծել են Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին, քանի որ այն [ՀՀ] առերեսվում է ղարաբաղահայերի վերջին զանգվածային տեղահանման հետեւանքների հետ։ Նրանք ընդգծեցին, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո, իսկ իրենց պատմությունը, մշակույթը և մարդու իրավունքները պետք է հարգվեն:

Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29800 քառակուսի կմ) և Ադրբեջանի (86600 քառակուսի կմ) տարածքների ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի հայտարարությունում։ 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքի սկզբունքը։ Նրանք ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք պետք է հիմք հանդիսանան նաև ուժերի հետ քաշելու, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրները լուծելու համար։

Նրանք կոչ են արել ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության և բոլոր սահմանների, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման, ինչպես նաև տարածաշրջանային կապերի բացման՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման վրա, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների։

Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհայտ կորածների հարցին լուծում տալու և ականազերծման աշխատանքները հեշտացնելու համար»,- ասված է ԵՄ տարածած հաղորդագրության տեքստում: