Սպիտակ տան ներկայացուցիչը խոսել է Լեռնային Ղարաբաղից հայ ազգաբնակչության տեղահանման մասին

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քըրբի

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քըրբին այսօր Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրչույցի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից հայ ազգաբնակչության տեղահանմանն ու ԱՄՆ-ի արձագանքին

Իր խոսքում, Քըրբին ընդգծել է, որ ԱՄՆ շարունակում է մեծ ուշադրությամբ հետևել իրավիճակին, որն, ակնհայտորեն, շարունակւոմ է լարված մնալ:

«Մենք գիտակցում ենք, որ ճնշող մեծամասնությունը կամ գրեթե բոլոր էթնիկ հայերն այժմ հեռացել են [Լեռնային Ղարաբաղից], և կա մարդասիրական օգնության մեծ պահանջարկ: Այդ իսկ պատճառով USAID ադմինիստրատոր Սամանթա Փաուերը այնտեղ էր ընդամենը մի քանի օր առաջ: Մենք այնտեղ ենք տեղակայել Աղետների աջակցության արձագանքման թիմ (DART) ու տրամադրել 11 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն»,- ասել է Քըրբին:

Նա հավելել է, որ Վաշինգտոնը կենտրոնացած է հումանիտար իրավիճակի վրա և անում է այն, ինչ կարող է՝ մեղմելու տառապանքները:

«Բայց նաև, կրկին, հորդորում ենք Ադրբեջանին կատարել իր հրապարակայնորեն ստանձնած պարտավորությունները: Մենք նաև վերահաստատում ենք մեր աջակցությունն այն էթնիկ հայերին, ովքեր դեռ այնտեղ են»,- ասել է Քըրբին: