ԱՄՆ կառավարության կարճաժամկետ ֆինանսավորման օրինագիծը, որը Կոնգրեսն ընդունեց շաբաթ օրը և ստացավ նախագահ Ջո Բայդենի ստորագրությունը, թույլ կտա ամերիկյան կառավարությանը գործել առնվազն մինչև նոյեմբերի կեսեր:
Սակայն Սպիտակ տան ղեկավարը կիրակի հանդես եկավ նախազգուշացմամբ՝ զերծ մնալ նման քաոսային իրավիճակի կրկնությունից․ օրինագծի ընդունմանը նախորդել էր 11 ժամ տևած քննարկումը:
«Պետք է վերջ տալ [նման ծայրահեղ իրավիճակին]։ Այլ ճգնաժամ չպետք է լինի: Չկա արդարացում այլ ճգնաժամի համար: Հետևաբար, խոստորեն կոչ եմ անում Կոնգրեսի՝ իմ հանրապետական գործընկերներին չհապաղել [նոր պետբյուջեի ընդունման հարցում]։ Ժամանակ մի՛ կորցրեք, ինչպես արեցիք ողջ ամառ: Ընդունե՛ք մեկ տարվա բյուջետային համաձայնագիրը: Հարգե՛ք այն գործարքը, որը մենք կնքեցինք մի քանի ամիս առաջ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Your browser doesn’t support HTML5
Այդուհանդերձ, ԱՄՆ Կոնգրեսում հասունանում է նոր դիմակայություն: Հանրապետականների ծայրահեղ աջ թևը դժգոհ է, որ իրենց կուսակիցը՝ Ներկայացուցիչների տան խոսնակ Քևին ՄըքՔարթին համաձայնության եկավ դեմոկրատների հետ՝ կառավարության գործունեությունը ժամանակավորապես ֆինանսավորող օրինագիծը ընդունելու հարցում:
ՄըքՔարթիին պաշտոնից զրկելը այժմ առաջնահերթ է դարձել, օրինակ, Ներկայացուցիչների տան հանրապետական անդամ Մեթ Գեյթցի համար։
«Հունվարին՝ խոսնակի պաշտոնը ստանալու համար, Քևինը պետք է համաձայներ [պետական] ծախսերի որոշակի կրճատումների: Մենք 33 տրիլիոն դոլար պարտքի մեջ ենք: Ցանկանում ենք քննարկել մեկ ծախսային օրինագիծ: Նա ստանձնեց այդ պարտավորությունը և խախտեց այն»,- ասել է Գեյթցը:
«CBS»-ի եթերում ՄըքՔարթին հակադարձել է․ «Եթե նա վրդովված է, որ կանխեցի կառավարության [գործունեության] կասեցումը և քայլեր ձեռնարկեցի, որ այն կանգ չառնի, ապա պատրաստ եմ շարունակել այդ անել»:
«Bipartisan Policy Center»-ից Ռեյչել Սնայդերմանն այն կարծիքին է, որ անկախ արդյունքից՝ միջկուսակցական փոխզիջումներն ի զորու են առաջընթաց ապահովել․ «Առկա է միջկուսակցական փոխզիջում՝ Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորում ապահովելու հարցում: Բացի այդ, առաջնային է [դիտվում] նաև աջակցությունը մեր զինուժին ու սահմանային անվտանգության: Կարծում եմ, առաջիկա շաբաթներին կտեսնենք քայլեր այս առաջնահերթությունների ուղղությամբ»։
Քաղաքագետ Օսկար Պոկասանգրեն վստահ է՝ հատկապես Ուկրաինան, բայց նաև ողջ աշխարհն ուշադիր հետևելու են գործընթացին․ «Կարծում եմ, երկարաժամկետ հեռանկարում պետք է ավելի շատ կենտրոնանանք ինստիտուտների կառուցվածքային բարեփոխումների վրա և ուղիներ որոնենք՝ Կոնգրեսում ավելի շատ քաղաքական կուսակցություններ ունենալու համար, որոնք կօգնեն օրենսդիր մարմնում փոխհամաձայնության կայացմանը՝ ի տարբերություն այս երկու՝ բևեռացված կուսակցությունների միջև ստեղծված իրավիճակի»:
Քաղաքագետը վստահ է՝ քաղաքական անկայունությունը կարող է վնասել Միացյալ Նահանգներին, հատկապես՝ նրա տնտեսությանը: