Մատչելի հղումներ

Թրամփն էքզիստենցիալ սպառնալիք է երկրի ժողովրդավարությանը․ Բայդեն


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ու նախագահ Ջո Բայդենը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ու նախագահ Ջո Բայդենը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն էքզիստենցիալ սպառնալիք է ներկայացնում երկրի ժողովրդավարական արժեքներին և ինստիտուտներին՝ գալիք նախագահական ընտրություններում հանրապետականների առաջատար թեկնածուի հասցեին նման՝ սուր քննադատությամբ է հանդես եկել Բայդենը:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն էքզիստենցիալ սպառնալիք է ներկայացնում երկրի ժողովրդավարական արժեքներին և ինստիտուտներին՝ գալիք նախագահական ընտրություններում հանրապետականների առաջատար թեկնածուի հասցեին նման՝ սուր քննադատությամբ է հանդես եկել Սպիտակ տան ներկայիս ղեկավար՝ Ջո Բայդենը, ով, ըստ ամենայնի, ներկայացնելու է Դեմոկրատական կուսակցությունը մոտ մեկ տարուց կայանալիք համապետական ընտրություններին։

Դիտորդներն ուշադրություն են հրավիրել՝ նախագահ Բայդենի խոսքերը Թրամփին ուղղված ամենից սուր քննադատությունն էին՝ 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ։

«Թրամփն ասում է, որ Սահմանադրությունը նրան տվել է իրավունք՝ անել այն, ինչ որպես նախագահ ցանկանում է: Երբեք չեմ լսել, որ երկրի նախագահը նման բան հայտարարի, նույնիսկ՝ կատակով, և որ նա առաջնորդվի ոչ թե Սահմանադրությամբ կամ ամերիկացիներին ծառայելու [պատրաստակամությամբ], այլ վրեժխնդրությամբ»,- հայտարարել է Ջո Բայդենը։

Չնայած իր դեմ առաջ քաշված քրեական մեղադրանքներին, Թրամփը շարունակում է մնալ հանրապետականների առաջատար թեկնածուն:

«Մի փոքր անհանգստանում եմ, քանզի այս շաբաթ անցկացված հարցումը մեզ լավ արդյունքներ բերեց։ Ամեն անգամ, երբ հարցման լավ արդյունքներ ենք ստանում, մեզ մեղադրում են»,- արձագանքել է Թրամփը։

Բայդենը անդրադարձել է նաև Թրամփի կողմնակիցեներին․ «Հիմա Ամերիկայում ինչ-որ վտանգավոր բան է տեղի ունենում․ կա ծայրահեղական մի շարժում, որը չի կիսում մեր ժողովրդավարության հիմնական սկզբունքները»։

Չորրորդ անգամն է, ինչ նախագահ Բայդենը անդրադառնում է 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձություններին, երբ Դոնալդ Թրամփի կողմնակիցները գրոհեցին Կապիտոլիումը՝ փորձելով չեղարկել Ջո Բայդենին հաղթանակ պարգևած ընտրությունների արդյունքները։ Բազմաթիվ դիտորդներ այդ իրադարձությունները բնութագրեցին որպես ընտրություններով իշխանություն փոխելը մերժող և քաղաքական բռնություններ ենթադրող քայլ, որն ուղղված է ամերիկյան ժողովրդավարության դեմ։

Վերլուծաբան Քրիս Ջեքսոնը նշում է․ «Այս թեման դեմոկրատների խոսույթի կենտրոնում է, քանի որ այն հստակորեն տարանջատում է Բայդենին՝ իր ենթադրյալ մրցակից Դոնալդ Թրամփից, և այդ հարցի արծարծումը դրական անդրադարձ կապահովի Բայդենի համար, ով դժվարություններ ունի խոսել, օրինակ, տնտեսական հաջողություններից»:

Ամերիկացիներին մտահոգող առանցքային հարցը երկրի տնտեսական իրավիճակն է, և Բայդենի տնտեսական քաղաքականության նկատմամբ հանրային հավանության մակարդակը, ըստ տարբեր հարցումների, 50%-ից ցածր է:

Բայդենը նաև պետք է դիմագրավի իր դեմ Ներկայացուցիչների տանը՝ հանրապետականների կողմից առաջ քաշված իմփիչմենթի գործընթացին, որը պետք է քննի, թե արդյոք ԱՄՆ նախագահը կապ է ունեցել իր որդու բիզնես-գործարքների հետ: Սպիտակ տունը ժխտում է նախագահ Բայդենին առնչվող որևէ կոռուպցիոն ռիսկ՝ Կոնգրեսի ստորին պալատում մեկնարկած հետաքննությունը համարելով քաղաքական:

XS
SM
MD
LG