Ինչու՞ Բաքուն ցուցադրաբար կալանավորվեց Ռուբեն Վարդանյանին. վերլուծաբանների կարծիք

Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից 2023 թվականի սեպտեմբերի 27-ին (Ադրբեջանի պետական սահմանային ծառայություն՝ Reuters-ի միջոցով)

Վերլուծաբանները շարունակում են քննարկել գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն Ադրբեջանի իշխանությունների կողմից և այդ քայլի պատճառներն ու հետևանքները

ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է Ռուբեն Վարդանյանի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակին՝ արձագանքելով Ադրբեջանի կողմից գործարարի կալանավորման վերաբերյալ հարցին օրերս հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղում մի քանի ամիս բարձր պաշտոն զբաղեցրած, գործարար Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 27-ին ձերբակալվեց Ադրբեջանի սահմանապահների կողմից՝ Հակարիի կամրջի անցակետում:

Երևանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ առաջարկելով ՄԻԵԴ-ին կիրառել միջանկյալ միջոց և պահանջել Բաքվից՝ համապատասխան տեղեկություններ տրամադրել Ռուբեն Վարդանյանի մասին։

Ավելի ուշ՝ Ադրբեջանը տեղեկացրեց, որ Վարդանյանը տեղափոխվել է Բաքու, ուր կալանավորվել է չորս մեղադրանքների՝ «ահաբեկչության ֆինանսավորման, զինված խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու» հիման վրա։

Your browser doesn’t support HTML5

Ռուբեն Վարդանյանի կալանավորումը Բաքվի կողմից ուժի ցուցադրություն է ոչ միայն Երևանին, այլև՝ Մոսկվային. տեսակետ

Իրավիճակին՝ «X» հարթակում գրառմամբ անդրադարձել է ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը։ Նշելով, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ են իրականացվում, հայերը լքում են իրենց ավելի քան 2 հազար տարվա հայրենիքը՝ կոնգրեսականը գրում է․ «Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունն ուղերձ է հայ բնակիչներին՝ հաջորդը դուք եք: Ռուբեն Վարդանյանը և անարադարացի կերպով բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն»:

Վերլուծաբան Ֆիլիպ Գամաղելյանի կարծիքով, նման կերպ Ադրբեջանն ի ցույց է դնում, որ թելադրողի դերում է։ Բաքվի կողմից Վարդանյանի նման ցուցադրական կալանավորումը ուղղված է ոչ միայն Հայաստանին, այլև՝ Մոսկվային, քանի որ հանրության մեջ առկա է ընկալում, թե Վարդանյանին ուղարկել է Մոսկվան՝ վերահսկելու իրավիճակը:

«Այսպիսով, նման կարգավիճակով անձնավորության ձերբակալումը, կարծում եմ, ուժի ցուցադրություն է՝ ուղղված ոչ միայն Երևանին, այլև՝ Մոսվային»,- պնդում է Գամաղելյանը:

Վերլուծաբան Ստեֆան Բլանկն, այնինչ, կարծում է, որ Ռուբեն Վարդանյանին սպասում է արտաքսում Հայաստան կամ Ռուսաստան, քանզի նա սպառնալիք չէ որևէ մեկին:

«Չեմ կարծում, որ նրան կպահեն: Այն անհրաժետ չէ Բաքվին, և կսրի հարաբերությունները բոլորի հետ: Նա «անցած փուլ է» և ոչ մեկի համար սպառնալիք չէ»,- ասում է Բլանկը:

Մոսկվան ևս անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կալանավորմանը: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը սեպտեմբերի 27-ին պատասխանելով լրագրողի հարցին՝ մասնավորապես, նշեց, թե Մոսկվան որևէ տեղեկություն չունի Ռուբեն Վարդանյանի կալանավորման մասին՝ հավելելով, որ կպաշտպանեն նրա իրավուքները, եթե նա Ռուսաստանի քաղաքացի է: Լրագրողի դիտարկմանը, թե Վարդանյանը հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից՝ Պեսկովն արձագանքեց, որ եթե այդպես է, ապա դա այլ հարց է:

Հիշեցնենք, նախքան Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելը՝ անցած տարվա աշնանը, Ռուբեն Վարդանյանը հրապարակավ՝ տարածված տեսանյութի միջոցով հայտարարեց, թե հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից: