Ամերիկյան կառավարությունը գործունեության կասեցման շեմին է՝ Ներկայացուցիչների տան հանրապետականների միջև ծավալվող պայքարի ֆոնին

ԱՄՆ Կապիտոլիում

ԱՄՆ կառավարությունը մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ ունի՝ պետբյուջեի շուրջ համաձայնության հասնելու համար: Եթե հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների տունը չկարողանա համաձայնության գալ շուրջ մեկ տասնյակ օրինագծերի շուրջ, ապա ԱՄՆ կառավարության գործունեությունը կարող է դադար առնել:

Մեկ շաբաթից ԱՄՆ կառավարությունը կարող է ժամանակավորապես դադարել գործել, եթե Կոնգրեսը չկարողանա համաձայնության գալ ծախսային օրինագծերի շուրջ, որոնք այսօր էլ Հանրապետական կուսակցության ներքին պայքարի առարկա են:

Մի խումբ ծայրահեղ աջ պահպանողականներ սպառնում են հանդես գալ իրենց կուսակցի՝ Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Քևին ՄըքՔարթիի դեմ՝ այս տարվա սկզբին նրա և նախագահ Ջո Բայդենի միջև ձեռք բերված փոխզիջումային պայմանավարովածության պատճառով, որը վերաբերում է պետբյուջեի ծախսային մասին:

«Այս ամենի պատճառն այն է, որ [Կապիտոլիումի] հանրապետականները նույնիսկ չեն կարողանում պայմանավորվել իրար հետ: Հիշում ենք, խոսնակ ՄըքՔարթին, և նախագահ Բայդենը գործարք կնքեցին, որը կոշտ պայմաններ ունի բոլոր կողմերի համար: Համաձայն այդ գործարքի, պետք է որոշ ծախսեր կրճատվեն, որոնք ցանկանում էինք կատարել, օրինակ՝ պատրաստվում էինք ծախսեր կատարել ճանապարհների, կամուրջների և օդանավակայանների արդիականացման ուղղությամբ։ Բայց ընդունեցինք այդ գործարքի պայմանները»,- ասում է ԱՄՆ տրանսպորտի նախարար Փիթ Բուտիջեջը:

Հանրապետականների վերոհիշյալ խումբը ցանկանում է հասնել պետբյուջեի ծախսերի արմատական կրճատմանը, ինչպես նաև սահմանափակել ԱՄՆ աջակցությունն Ուկրաինային:

Անցած շաբաթ Սպիտակ տանը նախագահ Բայդենն ողջունեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ խոստանալով շարունակել ամերիկյան աջակցությունը Կիևին։

Your browser doesn’t support HTML5

Ներկայացուցիչների տան հանրապետական աջ ծայրահեղ խմբի անդամները սպառնում են պաշտոնից հեռացնել իրենց կուսակցին՝ խոսնակ Քևին ՄըքՔարթիին

«Ուկրաինայի ժողովուրդը պատրաստ է այս պայքարին, և Միացյալ Նահանգները շարունակելու է կանգնած լինել ձեր կողքին»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

ՄըքՔարթիի կողմից Ներկայացուցիչների տանը ներկայացված պետբյուջեի նախագծի համաձայն, Ուկրաինային 300 միլիոն դոլարի ֆինանսավորում է նախատեսված: Սակայն անգամ այդ գումարը դժվար թե ստանա ծայրահեղ հանրապետականների հավանությունը:

«Ցանկացած օր պատրաստ եմ լինել Քևին ՄըքՔարթիի կողքին, բայց նա դժվար իրավիճակում է, քանզի կուսակցության ծայրահեղ թևը շարունակում է պնդել՝ դեմոկրատների հետ համաձայնեցված օրինագծերը մի՛ ներկայացրեք Ներկայուցիչների տան հաստատմանը, դեմ ենք, որ դուք օգտագործեք դեմոկրատների ձայները՝ փորձելով կանխել կառավարության գործունեության կասեցումը: Բայց հենց նրանք են օգտագործում դեմոկրատների ձայները՝ փորձելով կասեցնել կառավարության աշխատանքը: Այդ անձինք [դեմոկրատ] Նենսի Փելոսիի հետ քվեարկում են հանրապետական օրինագծերի դեմ, որոնք հայտնվել են օրակարգում»,- ասում է հանրապետական Մայք Թըրնըրը:

ՄքքՔարթիի կուսակցությունը՝ հանրապետականները աննշան մեծամասնություն ունեն 435 անդամ ունեցող Ներկայացուցիչների տանը: Եթե ընդամենը հինգ հանրապետականներ չմիանան կուսակիցների նախաձեռնությանը, բավական է, որպեսզի Հանրապետական կուսակցության ներկայացրած նախագիծը չանցնի։ Օրենսդիրները, որոնք հանգստից վերադառնում են երեքշաբթի, փորձելու են կանխել կառավարության գործունեության կասեցումը, որը տեղի կունենա այս հոկտեմբերի 1-ին, եթե չընդունվի գոնե գործադիրի կարճաժամկետ ֆինանսավորման նախագիծը: