Հայաստան իր այցի ընթացքում ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ այցելել է Վայոց ձորի և Սյունիքի մարզեր։ Ադ մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը իր ֆեյսբուքյան էջում:
Տեղեկատվության համաձայն՝ նրանք հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, տեղի այլ պաշտոնյաների և ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի ազդեցությունը մարզի վրա։
«Սենատոր Փիթերսը մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղում տիրող խիստ ծանր հումանիտար իրավիճակի վերաբերյալ և ընդգծեց այդքան անհրաժեշտ հումանիտար օգնությունը, այդ թվում՝ սնունդ, դեղորայք և այլ էական պաշարներ տեղ հասցնելու անհրաժեշտությունը։ Նա վերահաստատեց Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- ասված է ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության մեջ։