Եվրահանձնաժողովը 500 հազար եվրո կտրամադրի՝ ԼՂ-ում ռազմական գործողություններից տուժած բնակչությանն աջակցելու համար

Ստեփանակերտի հրետակոծության ժամանակ Լեռնային Ղարաբաղում, 20.09.2023թ.

Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ ասված է, որ այն 500 հազար եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժած բնակչությանն աջակցելու համար։

«Հազարավոր մարդիկ, բռնությունից փախչելով, այժմ տեղահանված են և օգնության կարիք ունեն: ԵՄ մարդասիրական աջակցությունը դրամական օգնության միջոցով կօգնի տուժածներին հոգալ իրենց հիմնական կարիքները՝ միաժամանակ տրամադրելով ապաստան և հոգեբանական ու սոցիալական աջակցություն:

Այս արտահերթ ֆինանսավորումը տրամադրվում է ի հավելում 1,17 միլիոն եվրոյի մարդասիրական օգնությանը, որը ԵՄ-ն հատկացրել էր այս տարվա սկզբին ԼՂ ճգնաժամը հաղթահարելու նպատակով:

Ընդգծելով մարդասիրական օգնության հասանելիության կարևորությունը՝ Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը լուրջ հետևանքներ է ունեցել խաղաղ բնակչության վրա։ Ի պատասխան՝ ԵՄ-ն տրամադրում է լրացուցիչ 500 հազար եվրո՝ որպես շտապ մարդասիրական օգնություն՝ տեղահանված անձանց աջակցելու նպատակով: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին տեղում և պատրաստ ենք ավելի շատ օգնություն առաջարկել։ Թեև ԵՄ-ն ողջունում է հրադադարը, ես խստորեն կոչ եմ անում հակամարտության բոլոր կողմերին ապահովել անհապաղ և անարգել մուտք մարդասիրական կազմակերպություններին։ Մենք պետք է համոզվենք, որ մարդասիրական աշխատողները կարող են շտապ օգնություն տրամադրել մարդկանց»:

ԵՄ-ն սերտ կապի մեջ է տեղում հումանիտար աշխատանք կատարող իր գործընկերների հետ և պատրաստ է լուծել առաջացող մարդասիրական կարիքները հետագա էսկալացիայի դեպքում։

2020թ․ հակամարտության լայնածավալ սրացումից ի վեր՝ ԵՄ-ն ավելի քան 21 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրել Հայաստանում և Ադրբեջանում մարդասիրական գործողություններին»,- ասված է հայտարարության մեջ: