Միջազգային պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունն են ունեցել Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի վրա, ինչն էլ հերթին ազդում է Կրեմլի կարողության վրա՝ շարունակել պատերազմը Ուկրաինայի դեմ, դիմակայել ՆԱՏՕ-ին և պահպանել առաջատար դիրքերը սպառազինության միջազգային շուկայում։
ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների համար առաջնային է դառնում հարցը, թե ինչ պետք է ձեռնարկել մարտադաշտերում Ուկրաինայի զինված ուժերի հաջողության պարագայում և Կրեմլի ագրեսիվ քաղաքականության հետագա զսպման, ինչպես նաև արևմտյան ուժերի արդիականացման, զինանոցների համալրման ուղղությամբ, որն անհրաժեշտ է ռուսական սպառնալիքին դիմակայելու համար։
Վերոնշյալը դարձել է Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկման առարկան:
Հյուծիչ պատերազմ
«Հյուծիչ պատերազմ» զեկույցի հեղինակը՝ Փոլ Շվարցը, ով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Եվրոպայի, Ռուսաստանի ու Եվրասիայի գծով ավագ գիտաշխատող է, հատուկ ուշադրություն է դարձել ռուսաստանյան զինված ուժերի սպառազինության հինգ հիմնական խմբերին՝ տանկեր, հրետանի և զինամթերք, անօդաչուներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և հեռահար ճշգրիտ հրթիռներ, ձգտելով ցույց տալ, թե քանակական ու «բովանդակային» ինչ փոփոխություններ են կրել այդ միջոցները՝ պատերազմի ու պատժամիջոցների պատճառով։
Ըստ վերլուծաբանի, ուկրաինական պատերազմի առաջին տարում տանկերի և այլ զրահատեխնիկայի հսկայական կորուստները «էականորեն խաթարեցին Ռուսաստանի զինված ուժերի կարողությունը՝ իրականացնել համազորային մանևրներ՝ մեծամասշտաբ հարձակողական գործողություններ»:
Ի տարբերություն նման իրավիճակի, ուկրաինական զինուժը «այժմ կարող է հույս դնել արևմտյան ռազմական տեխնիկայի, զինամթերքի և այլ նյութերի մշտական հոսքի վրա»՝ սեփական ուժերը համալրելու և մարտունակությունը պահպանելու համար:
Շվարցի ներկայացմամբ, Ռուսաստանը «պատերազմի մեջ մտավ 2 900 տանկով», և դրանցից շատերը (հազարից ավելի) ռուսական վերջին մշակումներն էին` «T-90M» («Прорыв-3»), «Т-80БВМ» և «Т-72Б3»։
«Դրանք բոլորն էլ արտադրվել են խորհրդային մոդելների հիման վրա, սակայն նախքան պատերազմը զգալիորեն արդիականացվել էին։ Այնուամենայնիվ, ներխուժման ժամանակ զրահատեխնիկայի միջոցով արդյունավետ գործողություններ իրականացնելու Ռուսաստանի փորձերը իրենց չարդարացրեցին՝ բացառությամբ հարավային Ուկրաինայում տեղի ունեցած գործողությունների ժամանակ, ուր ռուսական բանակը զգալի առաջընթաց ունեցավ՝ Ղրիմից առաջ շարժվելով։ Ուկրաինական ուժերը, արդյունավետ կերպով օգտագործելով հրետանային կրակը, ինչպես նաև հակատանկային սպառազինության մի ողջ շարք, ոչնչացրեցին զգալի քանակությամբ ռուսական տանկեր և զրահատեխնիկա։ Սա շարունակվեց ներխուժման ողջ ընթացքում։ Ներկայում ռուսական կողմը կորցրել է 2 300 տանկ»:
Այդուհանդերձ, ըստ վերլուծաբանի, Ռուսաստանը ջանքեր է գործադրում՝ ձգտելով լրացնել սեփական կորուստները. «[Մոսկվան] կարող է տարեկան արտադրել 250-ից 300 տանկ, բայց այն չի բավարարում ռազմաճակատի կարիքները»։
«[Տանկերի, զրահատեխնիկայի արտադրությունը] խոչընդոտների է հանդիպում Կրեմլի անկարողության պատճառով՝ ներմուծել առաջադեմ արևմտյան հաստոցներ, ինչպես նաև էլեկտրոնիկա, որը լայնորեն օգտագործվում էր զրահատեխնիկայի [արտադրության մեջ]: Մոսկվան խնդիրներ ուներ նաև բարձրորակ օպտիկայի հետ՝ կիրառելու ռուսական «Сосна У» համակարգում: Ուստի, որպես ժամանակավոր լուծում, Ռուսաստանը ստիպված եղավ օգտագործել դեռ խորհրդային ժամանակաշրջանի «T-64», «T-62» և անգամ՝ 1960-ականների «T-55» տանկեր: Արդյունքում, ռուսական տանկային ստորաբաժանումները զգալիորեն նոսրացան, կորցրեցին իրենց կրակային առավելությունը։ Զրահամեքենաները շատ ավելի բարակ զրահներով են և անհամեմատ խոցելի են Ուկրաինայի զինված ուժերի համար»,- նշում է Շվարցը։
Ըստ վերլուծաբանի, Ռուսաստանը սկսեց տանկերն օգտագործել որպես հետևակին աջակցող միջոցներ՝ շարժական հրետանի:
«Շատերն ուկրաինական պատերազմն անվանում են «անօդաչուների պատերազմ։ Սա ճիշտ է, բայց պատերազմի առաջին վեց ամիսներին Ռուսաստանը կորցրեց բառացիորեն հարյուրավոր անօդաչուներ՝ ուկրաինական հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի արդյունավետ օգտագործման, ինչպես նաև անօդաչուները վարող օդանավորդների սխալների և այդ սարքերի տեխնիկական թերությունների պատճառով»,- ասում է Փոլ Շվարցը։
Որքանո՞վ է Ռուսաստանը տակավին ունակ հարձակողական գործողություններ իրականացնել աշխարհի այլ մասերում կամ ՆԱՏՕ-ի ուղղությամբ
«Ճկունություն և հարմարվողականություն. կարճաժամկետ հեռանկարում ԱՄՆ և ՆԱՏՕ-ի մոտեցումները ռուսական ռազմական ներուժին» այսպես է վերնագրված երկրորդ զեկույցը, որը, դարձյալ, քննարկվել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում:
Հեղինակները գնահատել են ռուսական ռազմական սպառնալիքի հեռանկարը առաջիկա երկու-չորս տարիների ընթացքում՝ վերլուծելով, թե ինչպես կարող են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հարմարեցնել իրենց ռազմավարությունը փոփոխվող իրավիճակին։
Զեկույցի համահեղինակներից Լիզա Արոնսոնը՝ Ազգային պաշտպանության համալսարանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողը, նշում է, որ թեև «պատժամիջոցները հանգեցրել են օտաերկրյա թանկարժեք բաղադրիչների պակասին և հարկադրել են Ռուսաստանին ապավինել ցածր որակի այլընտրանքներին, Կրեմլն, այնուամենայնիվ, հարմարվում է՝ օգտագործելով նախապատերազմական պաշարներն ու հին սարքավորումները»։
Հետազոտողները եզրակացնում են, թե «այս փուլում ՆԱՏՕ-ի անդամ-երկրի վրա ռուսական կոնվենցիոնալ հարձակումը քիչ հավանական է»:
Սակայն կան որոշ հանգամանքներ։ Օրինակ, «պատժամիջոցների արդյունավետությանը պետք է բարձրացվի»։ Երկրորդ, «Ռուսաստանը կարողություններ ունի՝ օգտագործել Եվրասիայի առևտրային ուղիները՝ ապահովելու հասանելիությունը երկակի նշանակության ապրանքներին»։ Երրորդ, պետք է հաշվի առնել «ռուսական զինվորականների կարողությունները՝ փորձ ձեռք բերել մարտի դաշտում»։ Չորրորդ, «մտահոգությունն է առ այն, որ Ռուսաստանը տակավին ունի ժամանակակից՝ չորրորդ և հինգերորդ սերնդի սպառազինություն՝ տանկեր և ինքնաթիռներ»:
Ըստ Արոնսոնի, հիմնական խնդիրն «անորոշությունն է, թե ինչպես կվարվի Չինաստանը՝ հաշվի առնելով, որ դեպի Ռուսաստանի [Պեկինի] թեքվելը մեծ նշանակություն կունենա Միացյալ Նահանգների համար»:
«Տեղյակ ենք Իրանից զենքի մատակարարումների, Հյուսիսային Կորեայից և նույնիսկ Հարավային Աֆրիկայից զինամթերքի [առաքումների] մասին։ Կարծում ենք, Չինաստանը կանգնած է դրանց մեծ մասի հետևում, ինչը մեզ ստիպում է մտածել , որ ապագայում Պեկինը դեր կունենա ռազմական առումով Ռուսաստանին աջակցելու գործում»,- ընդգծում է վերլուծաբանը՝ հավելելով, որ լավատեսություն է ներշնչում «ծրագրավորողների փախուստը Ռուսաստանից», ինչը թույլ է տալիս որոշակի առումով «հանգիստ լինել» Մոսկվայի կիբեր-հնարավորությունների առնչությամբ։
Ինչպե՞ս պետք է Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն հարմարվեն նոր աշխարհին՝ եվրոպական մայրացամաքում դաժան պատերազմի ֆոնին
Զեկույցի մեկ այլ համահեղինակ՝ ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Ջոն Դենին վստահություն է հայտնում, որ «ռազմավարական մակարդակում Վաշինգտոնը ճիշտ է հասկանում ազգային պաշտպանությանը վերաբերող ուղին՝ Չինաստանը դիտել որպես երկարժամկետ խնդիր, իսկ Ռուսաստանը՝ որպես լուրջ սպառնալիք կարճաժամկետ, գուցե, միջնաժամկետ հեռանկարում»:
«Զեկույցում նախանշել ենք ԱՄՆ-ի քայլերը չորս ուղղություններով։ Նախ, պայքարն անօդաչուների դեմ։ Այդ սարքերն ապացուցել են, որ աճող ուժ են ռուսական բանակի համար՝ զրահատեխնիկայի դեմ պայքարում: Երկրորդ, հաշվի առնելով «Patriot» համակարգերի արդյունավետությունը և դրանց հարաբերական «սակավությունը», անհրաժեշտ է այլընտրանք փնտրել Եվրոպայի համար։ Երրորդ, մեծացնել ԱՄՆ ներկայությունը Եվրոպայում: Չորրորդ, ուժեղացնել, այսպես կոչված, խելացի դիտարկումն ու հետախուզությունը»,- ասում է պրոֆեսորը։
Նրա խոսքով, այդ բոլոր միջոցներն «անհնար են առանց կարևոր ռազմավարական բաղադրիչի՝ ռազմական գործողությունների Եվրասիական ու Խաղաղօվկիանոսյան թատերաբեմերի միջև կապերի․ քանզի եթե Չինաստանը դառնա ավտորիտարիզմի հենասյուն, այն իսկապես կարող է փոխել իրավիճակը և պայքարի բնույթը, որում արդեն իսկ ներգրավված է Ռուսաստանը»:
Հաշվի առնելով սեփական ռազմա-արդյունաբերական համալիրը բացազատելու Ռուսաստանի ներուժը՝ Արևմուտքը բավական ժամանակ կունենա՞ վերականգնել պաշարները և արդիականացնել իր զինված ուժերը, եթե վտանգն աճի
Ըստ Փոլ Շվարցի, ով երկու տարի զբաղեցրել է Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի բարձրագույն հրամանատարության քաղաքական խորհրդականի պաշտոնը, հաշվի առնելով ներկայիս կորուստների մասշտաբները՝ տեսանելի ապագայում Ռուսաստանի համար դժվար կլինի ավելին անել, քան այսօր ի վիճակի է կատարել ռուսական ռազմուժն Ուկրաինայում։
«Նկատի ունեմ ոչ միայն Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի հնարավորությունները, այլև՝ Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմի բարոյական վիճակի և համալրման հետ կապված խնդիրները՝ այն սցենարների համատեքստում, որոնք քննարկվել են նախորդ տարիներին, օրինակ՝ «ցատկ դեպի [հետխորհրդային] բալթյան երկրներ»։ Սակայն ռուսները բազմաթիվ այլ հնարավորություններ ունեն, որոնք դեռ չեն օգտագործել։ Ծովային ուժերը հյուսիսում, որոնց միջոցով նրանք կարող են խոցել սուզանավեր և իրականացնել հեռահար հարվածներ: Օդուժը, որը դեռ հիմնականում անձեռնմխելի է: Բացի այդ, նրանք Ուկրաինայում սովորեցին հեռահար հրթիռային հարվածներ հասցնել»,- ասում է Շվարցը։
Վերլուծաբանն առանձնահատուկ մտահոգություն է հայտնում Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ Ռուսաստանի շփումների առնչությամբ, որոնց զուգահեռ արդեն իսկ զարգացած հարաբերություններ կան Չինաստանի հետ։
«Առաջին անգամ տեսնում ենք այս կամ այն ձևի ավտորիտար առանցքի ի հայտ գալու վտանգը»,- հավելում է նա։
Արդյո՞ք Չինաստանը «ավելի վճռական» ռազմական օգնություն կցուցաբերի Ռուսաստանին
Ջոն Դենին մեջբերում է «Bloomberg»-ի և «The Economist»-ի մի շարք հրապարակումներ, որոնց համաձայն, Չինաստանի տնտեսությունը «լավ վիճակում չէ»:
«Կարծում եմ, չինացիները գիտակցում են, որ ավելի շատ կկորցնեն, քան կշահեն՝ ռուսներին տրամադրելով իրենց սպառազինությունը։ Եթե նրանք գնան նման քայլի, արդյունքը կլինի Եվրոպա ու Միացյալ Նահանգներ նրանց արտահանման հնարավորությունների կրճատումը: Հետևաբար, գոնե առայժմ շահում ենք չինական տնտեսության անկայուն վիճակից»,- ասում է Դենին։
Վերլուծաբանը աշխարհաքաղաքական առումով շատ ավելի լուրջ խնդիր է համարում «միջազգային համակարգին մարտահրավեր նետելու Չինաստանի մտադրությունը»։
«Նկատի ունենալով, որ Ռուսաստանն այսօր հակաամերիկյան տրամադրություններն առաջ մղող ուժ է, նրա բանակի վերականգնումը և Ուկրաինայում հաջողությունները, Մոսկվային կդարձնեն Չինաստանի ուժեղ գործընկեր»,- ընդգծում է Ջոն Դենին։
Փոլ Շվարցի կարծիքով, Ռուսաստանն ու Չինաստանը համագործակցում են պատժամիջոցները շրջանցելու ուղղությամբ՝ ոչ միայն երկակի նշանակության ապրանքների փոխանակման միջոցով։ Իրական վտանգ է ներկայացնում ռազմական տեխնոլոգիաների փոխանցումը՝ համատեղ մշակման և դրանց համար բաղադրիչների արտադրության միջոցով։
Որո՞նք են այն անհապաղ քայլերը, որոնք պետք է ձեռնարկեն Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները
Լիզա Արոնսոնը կարևորում է «քաղաքական միասնությունը, որը նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքում և տարածվում է քաղաքակիրթ աշխարհում»։
Ջոն Դենիի հատուկ կանգ առավ «[արևմտյան երկրների] միասնական պաշտպանական ուժերի վերազինման և արդիականացման հնարավորությունների բացված պատուհանի» վրա, որից պետք է օգտվեն ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն։
«Բարեբախտաբար, մեր դաշնակիցներից շատերը վերստին ներդրումներ են կատարում իրենց պաշտպանության ուղղությամբ»,- ասում է նա:
Փոլ Շվարցը ընդգծում է ռադիոէլեկտրոնային պայքարի նոր համակարգերի մշակման կարևորությունը։
«Անհրաժեշտ է հասնել նրան, որ ռուսական բանակը կռվի գրեթե կույր վիճակում»,- եզրափակում է նա։