Թուրքական կառավարության լրատվական ծառայության երկուշաբթի տարածած հաղորդագրության համաձայն, Մասկի հետ հանդիպմանը նախագահ Էրդողանն առաջարկել է Թուրքիայում «Tesla»-ի գործարան կառուցել։
Հաղորդագրությունում ներկայացված են Իլոն Մասկի խոսքերը, թե բազմաթիվ թուրք մատակարարներ արդեն իսկ համագործակցում են «Tesla»-ի հետ, և Թուրքիան առաջատար թեկնածու-երկրներից է, ուր հնարավոր է բացվի ընկերության հաջորդ գործարանը:
Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալության համաձայն, Էրդողանն ու Մասկը բանակցություններ են վարել Նյու Յորքի սրտում՝ Մանհեթենի կենտրոնում գտնվող «Թյուրքևի» երկնաքերում (հայտնի է նաև «Թուրքական տուն» անվամբ): Էրդողանը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։
Հանդիպմանը Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, թե իր երկիրը բաց է արհեստական բանականության և «Starlink»-ի գծով համագործակցության համար։ Էրդողանի խոսքով, Մասկին պատկանող «SpaceX» ընկերությունը ցանկանում է համագործակցել թուրքական իշխանությունների հետ՝ Թուրքիայում «Starlink»-ի ծառայությունները հասանելի դարձնելու նպատակով արտոնագիր ստանալու համար։
Թուրքիայի կառավարության լրատվական ծառաության փոխանցմամբ, Էրդողանը Մասկին հրավիրել է ներկա գտնվել այս սեպտեմբերի վերջին Իզմիրում կայանալիք օդատիեզերական և տեխնոլոգիական արդյունաբերության թուրքական «Teknofest» փառատոնին:
Ներկայում, «Tesla»-ն ունի վեց գործարան (յոթերորդը կառուցվում է Մեքսիկայի հյուսիսային՝ Նուևո-Լեոն նահանգում): Մայիսին Իլոն Մասկը հայտարարել էր, որ, ամենայն հավանականությամբ, մինչև այս տարվա վերջ ընտրվելու է «Tesla»-ի նոր գործարանի կառուցման վայրը:
Սպասվում է, որ Թուրքիայի նախագահի հետ բանակցություններից հետո «Tesla»-ի հիմնադիրը հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ով նույնպես
ԱՄՆ-ում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին։ Նեթանյահուն հայտարարել է, որ կհանդիպի Մասկին Կալիֆորնիայում՝ քննարկելու արհեստական բանականության զարգացումը և խրախուսելու նրան ներդրումներ կատարել Իսրայելում։
Ըստ Նեթանյահուի, Մասկը մի ճանապարհ է հարթում, որը կփոխի մարդկության և Իսրայել պետության դեմքը: