Այսպիսի տվյալներ են առկա Ատլանտյան օվկիանոսի երկու կողմում՝ 14 երկրներում անցկացված հասարակական կարծիքի նոր հետազոտությունում:
«The German Marshall Fund»-ի երեքշաբթի հրապարակած «Անդրատլանտյան միտումներ. 2023» զեկույցի համաձայն, ՆԱՏՕ-ն և Ուկրաինայի անդամակցությանը ալյանսին ու Եվրամիությանը հանրային աջակցություն են վայելում, թեև որոշ փորձագետներ նման զարգացումը մտահոգիչ են որակում:
Հարցմանը մասնակցած Միացյալ Նահանգների, Կանադայի ու Եվրամիության մի շարք երկրների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի բնակիչները ցանկանում են, որ իրենց կառավարությունները ավելի շատ համագործակցեն Չինաստանի հետ: Ընդ որում, համեմատաբար երիտասարդները ավելի բացասաբար են ընկալում ԱՄՆ ազդեցությունը, իսկ Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը՝ ավելի դրական:
«Կարծես, ավարտվել է անդրատլանտյան բուռն հարաբերությունների փուլը։ Նաև նկատում ենք արագ փոփոխվող աշխարհակարգ, և հանրությունը սա գիտակցում է»,- ասում է «The German Marshall Fund»-ի ռիսկերի և ռազմավարության գծով փորձագետ Գեսինե Վեբերը:
Your browser doesn’t support HTML5
«Եզրակացությունն այն է, որ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի [կառավարությունները] պետք է մտածեն, թե ինչպես կարող են ստեղծել օրակարգ, որն ավելի իմաստալից կլինի քաղաքացիների համար և ավելի լավ հարմարեցված այս աշխարհակարգին»,- ավելացնում է Վեբերը:
Օրինակ, հարցվածների մեծամասնությունը վստահ է, որ գիտական հանրությունն ավելի շատ ջանք է գործադրում կլիմայի փոփոխության հարցում, քան իրենց կառավարությունները:
Կախված երկրներից՝ կարծիքներն, անշուշտ, տարբերվում են: Մինչ Կանադայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Պորտուգալիայում ապրող մարդկանց մեկ քառորդից մինչև մեկ երրորդը, օրինակ, կլիմայի փոփոխությունն է դիտում որպես գլխավոր մարտահրավեր, ԱՄՆ-ում հարցվածների միայն 14%-ն է այդ կարծիքին, թեև անգամ նման տոկոսով այն ամերիկացիների թիվ մեկ մտահոգությունն է։
Հաջորդ ուշագրավ դիտարկումը․ այս տարի միգրացիան է դիտվել, որպես գլոբալ անվտանգության թիվ երկու սպառնալիք՝ առաջ անցնելով ուկրաինական պատերազմից։ Դե իսկ, առաջին հորիզոնականում շարունակում է մնալ Ռուսաստանի քաղաքականությունը։
Չինաստանի հարցում տեսակետները տարբեր են։ Չնայած տաս հոգուց վեցը, ընդհանուր առմամբ, բացասաբար է վերաբերվում Պեկինին, իսկ մեկ քառորդը կարծում է, որ Չինաստանը ոչինչ չի անում կլիմայի փոփոխության դեմ պայքարում, այնուամենայնիվ, Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում և Ֆրանսիայում 18-ից 24 տարեկան երիտասարդների զգալի մասը դրական կարծիք ունի Չինաստանի մասին:
Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող մարդկանց մեծ մասը ցանկանում է ավելի շատ համագործակցել Պեկինի հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ առևտուրը, էներգետիկան և տեխնոլոգիաները: Սակայն շատերը նաև ցանկանում են ավելի կոշտ մոտեցում ցուցաբերել մարդու իրավունքների հարցում: Հարցվածների 30%-ի կարծիքով, առաջիկա հինգ տարիներին Չինաստանը կդառնա ամենաազդեցիկ գլոբալ դերակատարը, 37%-ի կարծիքով, այդ դերը կշարունակի պատկանել Միացյալ Նահանգներին: