Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մեկնել է Ռուսաստան՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին երկուշաբթի հայտնել է հարավկորեական «YTN» հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարության բարձրաստիճան անանուն աղբյուրը։ Տեղեկությունը հաստատել է «The New York Times» պարբերականը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրը։
Ըստ «YTN»-ի, Կիմ Չեն Ընը մեկնել է իր անձնական գնացքով։ Գագաթնաժողովը, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի երեքշաբթի։ Ավելի վաղ՝ հեռուստաընկերությունը հայտնել էր, որ հանդիպումը կարող է կայանալ չորեքշաբթի։
Ռուսական «Interfax» լրատվական գործակալությունը երկուշաբթի հաղորդեց, թե Հյուսիսային Կորեայի առաջնորդի այցը ռուսաստանյան Հեռավոր Արևելք սպասվում է «մոտ օրերս»:
Երկուշաբթի կեսօրին Կրեմլը հաստատեց՝ առաջիկայում Պուտինը հանդիպելու է Կիմ Չեն Ընին։ Ռուսաստանի նախագահի կայքում տեղադրված կարճ հաղորդագրությունում ասված է․ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով առաջիկա օրերին Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստանի Դաշնություն»։
Ռուսաստանյան Վլադիվոստոկ քաղաքը Հյուսիսային Կորեայի սահմանից ընդամենը 130 կիլոմետր հեռավորության վրա է։ Եթե Կիմ Չեն Ընը, իրոք, ժամանի Ռուսաստան, այն կլինի իր երկրորդ այցը հարևան երկիր։
Վլադիվոստոկի փողոցներում նկատելի են ոստիկանական լրացուցիչ ուժեր, բայց, օրինակ, փողոցնեիրում բացակայում են Հյուսիսային Կորեայի դրոշները՝ ի տարբերություն նախորդ այցի, երբ քաղաքը զարդարված էր կարմիր հնգաթև աստղերով՝ Հյուսիսային Կորեայի դրոշի հիմնական տարրով:
Վլադիվոստոկի կենտրոնական հրապարակում՝ Կարմիր բանակի զինվորների հուշարձանի մոտ, քաղաքի բնակիչները «Reuters»-ին փոխանցել են, թե սպասում են Կիմ Չեն Ընի այցին։
«Երկու երկրներն էլ ցույց են տալիս իրենց ատամները ողջ աշխարհին և կարող են պահել իրենց: Սա նշանակում է, որ ինչ-որ ընդհանուր բան կա»,- ասում է Վլադիվոստոկի բնակիչ Ֆյոդորը՝ հրաժարվելով, սակայն, հայտնել իր ազգանունը:
Այլ հարցվածներ Հյուսիսային Կորեայի բռնապետի այցը կապում էին տնտեսական ֆորումի հետ, որը մեկնարկել կիրակի Վլադիվոստոկում և կտևի մինչև սեպտեմբերի 13-ը։ Պուտինն արդեն ժամանել է քաղաք։
«Ֆորումն ընթացքի մեջ է։ Այնպես որ, ամեն ինչ ստացվում է. նա [Կիմ Չեն Ընը] կգա։ Անվտանգության աշխատակիցները կրկին կվազեն նրա լիմուզինի հետևից»,- ասում է Նիկոլայը, ով նույնպես հրաժարվեց հայտնել ազգանունը:
Հյուսիսային Կորեայի բռնապետի նախորդ արտասահմանյան այցը 2019 թվականին էր․ նա այցելել էր Վլադիվոստոկ: Այդ ժամանակ Կիմ Չեն Ընը առաջին անգամ հանդիպեց Պուտինին, երբ տապալվել էին միջուկային զինաթափման շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները: