Հյուսիսային Կորեան հայտնել է քովիդ հիվանդության ավելի քան 392,000 նոր դեպքերի մասին: Այս հավանդությունից մահացությունների թիվը հասել է 50-ի: Պետական KCNA-ի կողմից երկուշաբթի օրը հրապարակված տվյալների համաձայն՝ ապրիլի վերջից այստեղ ընդհանուր առմամբ 1,213,550 մարդ հիվանդացել է «անհայտ ծագման մի տենդով»: Ավելի քան կես միլիոն մարդ ստացել է բուժօգնություն: Մինչ այս պահն ապաքինվել է 648,630 մարդ:
Կիրակի օրը տեղի է ունեցել Աշխատավորական կուսակցության քաղաքական բյուրոյի հերթական արտակարգ նիստը, որտեղ առաջնորդ Կիմ Չեն Ընը խիստ քննադատության է ենթարկել պետական պահուստներից դեղատներ դեղերի տեղափոխման գործում ձգձգումը:
Քիմը հրաման է արձակել անհապաղ մոբիլիզացնել կուսակցության Կենտրոնական ռազմական հանձնաժողովը՝ օգնելու կայունացնել դեղորայքի մատակարարումը Փհենյանում:
Հյուսիսային Կորեան քովիդ հիվանդության դեմ պայքարում պատրաստվածության համակարգն անցած հինգշաբթի օրը ‘’բարձրացրեց առավելագույն աստիճանի’’, երբ այս հիվանդության համավարակի ամբողջ այս ընթացքում առաջին անգամը լինելով, ճանաչեց «չարամիտ վիրուսի» առկայությունը իր սահմաններում:
Չինաստանը նախնական ուսումնասիրության բժշկական թիմ է ուղարկել Հյուսիսային Կորեա: Շուրջ 10 հոգուց բաղկացած թիմը տեղ է հասել հանգստյան օրերին այն բանից հետո, երբ Փհենյանը դիմեց կարանտինային օգնության խնդրանքով:
Հարավային Կորեայի նոր նախագահ Յուն Սուկ Յոլը երկուշաբթի իր առաջին խորհրդարանական ուղերձում վերահաստատեց իր կառավարության պատրաստակամությունը՝ պատվաստանյութերի, բժշկական պարագաների և բժշկական անձնակազմի տեսքով մարդասիրական օգնություն ուղարկել Հյուսիսային Կորեա: Եթե Հյուսիսային Կորեան օգնության ձեռք մեկնի, Սեուլը հետ չի կանգնի անհրաժեշտ աջակցությունից, ասել է նա:
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում ուղղակի բժշկական օգնություն ուղարկել Հյուսիսային Կորեա, սակայն կաջակցի COVAX ծրագրի շրջանակներում որոշ քանակությամբ պատվաստանյութ առաքել Փհենյանի հասցեով: Պետդեպարտամենտը Հյուսիսին նաեւ կոչ է արել միջազգային համայնքի հետ տանել համապատասխան աշխատանքներ, իր 26 միլիոն ազգաբնակչությանը պատվաստելու համար:
Յունիս Քիմ