Կանադան հետաքննություն կանցկացնի երկրի ընտրություններին միջամտելու հարցով

Կանադայի վարչապետ Թրյուդոն՝ Վանկուվերում Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (GEF) յոթերորդ ասամբլեայի փակման ժամանակ

Ավելի վաղ հաղորդվել էր, թե Չինաստանն, իբր, փորձել է աջակցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Լիբերալ կուսակցության թեկնածուներին՝ թույլ չտալու, որպեսզի ընդդիմադիր պահպանողականները վերընտրվեն։

Կանադայի իշխանությունները հայտարարել են, թե հատուկ հետաքննություն են սկսում՝ 2019 և 2021 թվականների համապետական ընտրություններին Չինաստանի, Ռուսաստանի և այլ երկրների հնարավոր միջամտության վերաբերյալ։ Այդ ընտրությունների արդյունքում վերընտրվել են վարչապետ Ջասթին Թրյուդոյի Լիբերալ կուսակցության ներկայացուցիչները:

Այս տարվա սկզբին ի հայտ եկած տեղեկության համաձայն, ուր հղում կար հետախուզական աղբյուրներին, Չինաստանը փորձում է աջակցել Կանադայի լիբերալներին՝ ընդդիմադիր պահպանողականների հետ պայքարում, քանզի վերջիններս անբարյացակամ են Պեկինի նկատմամբ:

Կանադայի խորհրդարանի պահպանողական անդամները պահանջեցին համապարփակ հետաքննություն անցկացնել:

Ընդդիմադիր՝ Նոր դեմոկրատական կուսակցությունն ավելի ուշ պահանջեց հետաքննությունն ընդլայնել՝ ներառելով Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը։

Կանադային հանրային անվտանգության նախարար Դոմինիկ Լեբլանը հայտարարեց, որ հետաքննությունը կղեկավարի Քվեբեկի վերաքննիչ դատարանի դատավոր Մարի-Խոսե Հաուգը։ Ընդդիմադիր կուսակցությունները սատարեցին նշանակումը:

«Օտարերկրյա միջամտությունը Կանադայի ժողովրդավարական ինստիտուտներին անընդունելի է։ Չինաստանը միակ օտարերկրյա դերակատարը չէ, որը փորձում է խարխլել Կանադայի կամ արևմտյան այլ երկրների ժողովրդավարական ինստիտուտները: Սա միայն Կանադայի խնդիր չէ»,- ընդգծել է Լեբլանը։