Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն Ռադայի նախագահին։ Այդ մասին Ռեզնիկովը հայտարարել է երկուշաբթի առավոտյան X հարթակում, որը նախկինում հայտնի էր որպես Twitter:
«Ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկին։ Ինձ համար պատիվ էր ծառայել ուկրաինացի ժողովրդին և երկրի բանակին վերջին 22 ամիսների ընթացքում՝ Ուկրաինայի ժամանակակից պատմության ամենադժվար ժամանակաշրջանում», - ասված է Ռեզնիկովի հայտարարության մեջ:
«Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված տարածքների ավելի քան 50 տոկոսն արդեն ազատագրվել է։ Ամեն օր մեր պաշտպանները առաջ են շարժվում»,- ասվում է Ռեզնիկովի հայտարարության մեջ: «Կա հասկացողություն, որ Ուկրաինան Եվրոպայի վահանն է արևելքում».
Ռեզնիկովը, ով ենթադրվում է որ կարող է նշանակվել Լոնդոնում Ուկրաինայի դեսպան, ասել է, որ տեսնում է երկարաժամկետ գործընկերության կառուցումը հիմնական դաշնակիցների հետ և «անվտանգության իրական երաշխիքների» տրամադրումը որպես Կիևի հիմնական առաջնահերթություններից մեկը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կիրակի օրը հայտարարել է երկրի պաշտպանության նախարարին փոխելու որոշման մասին։ «Կարծում եմ, որ նախարարությանը անհրաժեշտ են նոր մոտեցումներ և փոխգործակցության այլ ձևաչափեր ինչպես զինվորականների, այնպես էլ ամբողջ հասարակության հետ», - ասել է Զելենսկին երկրին ուղղված երեկոյան տեսաուղերձում։
Ռեզնիկովի հրաժարականը պատերազմի ընթացքում Ուկրաինայի պաշտպանության գերատեսչության անձնակազմի ամենախոշոր վերադասավորումն էր։
Զելենսկին Ուկրաինայի պետական գույքի հիմնադրամի ղեկավար Ռուստեմ Ումերովին հրավիրել է ղեկավարել երկրի պաշտպանական գերատեսչությունը։ Ումերովի թեկնածությունը պետք է հաստատի Գերագույն Ռադան։
41-ամյա Ռուստեմ Ումերովը, ծնունդով Ղրիմի թաթար է, 2020 թվականից Ուկրաինայի կառավարության աշխատանքային խմբի անդամ է, որն աշխատում է 2014 թվականին Մոսկվայի կողմից բռնակցված Ղրիմի ապաօկուպացիայի ռազմավարության վրա:
2022 թվականի սեպտեմբերին Ումերովը, ով այն ժամանակ եվրոպամետ «Голос» կուսակցության պատգամավոր էր, գլխավորում էր Պետական գույքի հիմնադրամը։ Նա նաև մասնակցել է Սևծովյան հացահատիկի նախաձեռնության և ռազմագերիների փոխանակման բանակցություններին, ներառյալ 2022 թվականին Մարիուպոլի համար մարտերի ժամանակ գերեվարված Ազովյան մարտիկների ճակատագրի վերաբերյալ բանակցություններին:
Միևնույն ժամանակ, երկուշաբթի օրը Ուկրաինան ասաց, որ իր ուժերը սահմանափակ հաջողություններ են գրանցել հարավային ճակատում՝ հակահարձակման կենտրոնում, և հետ են գրավել Բախմուտի շրջանի տարածքները:
«Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները Մելիտոպոլի ուղղությամբ։ Մեր զինվորականները առաջընթաց են գրանցել Նովոդանիլովկայի և Նովոպրոկոպովկայի մոտ»,- պետական հեռուստատեսության եթերում ասել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը՝ հավելելով, որ Ուկրաինայի զինված ուժերը նույնպես հետ են գրավել Բախմուտի մոտ երեք քառակուսի կիլոմետր տարածք։