Մատչելի հղումներ

WSJ. ԱՄՆ-ը կարծում է, որ Պրիգոժինը, ամենայն հավանականությամբ, սպանվել է 


Միաժամանակ, հրապարակման աղբյուրները հերքում են օդանավի վրա զենիթահրթիռային հարվածի վարկածը:

Ինքնաթիռը, որում եղել է «Wagner Group»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը, վթարի է ենթարկվել մահափորձի ժամանակ, սակայն չի խոցվել հրթիռով, հայտնում է «Wall Street Journal»-ը։

Վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաների՝ թերթը նշում է, որ ԱՄՆ կառավարության նախնական գնահատականն այն է, որ վթարը ինքնաթիռում ռումբի կամ դիվերսիայի այլ փորձի հետևանք է:

Միաժամանակ թերթի աղբյուրներն ընդգծել են, որ այս եզրակացությունները վերջնական չեն։

«Wagner Group»-ին մոտ սոցիալական ցանցերի ալիքները պնդում են, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական զենիթահրթիռով։

«Այս պահին մենք տեղեկություն չունենք, որը թույլ կտա ենթադրել, որ Եվգենի Պրիգոժինին տեղափոխող մասնավոր ինքնաթիռը խոցվել է «երկիր-օդ» հրթիռով», - Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը մեջբերել է պարբերականը

Ըստ «Wall Street Journal»-ի՝ ամերիկյան արբանյակների ինֆրակարմիր սենսորներն ի վիճակի են ջերմություն նկատել հրթիռների արձակումից, սակայն, ըստ ԱՄՆ ռազմական պաշտոնյաների, նման ճառագայթում չի հայտնաբերվել:

ԱՄՆ իշխանությունները դեռ չեն որոշել, թե կոնկրետ ինչն է եղել ինքնաթիռի կործանման պատճառը, և հրապարակայնորեն չեն հայտարարել, որ ինքնաթիռի վթարը հատուկ գործողության արդյունք է եղել, նշում է թերթը։ Միևնույն ժամանակ, շատ պաշտոնյաներ մասնավոր հաղորդագրություններ են տարածել այն մասին, որ իրենք եկել են այդ եզրակացությանը։

«Մեր նախնական գնահատականն այն է, որ Պրիգոժինը, ամենայն հավանականությամբ, սպանվել է», - հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը։ Նրա խոսքերը դարձել են ԱՄՆ-ի կողմից Պրիգոժինի մահվան փաստի առաջին հաստատումը։

XS
SM
MD
LG