Հարիսը հանդիպելու է Հարավարևելյան Ասիայի ազգերի ասոցիացիայի ղեկավարների հետ

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Սպիտակ տան արևելյան սենյակում (Լուսանկարը՝ SAUL LOEB / AFP)

Անցյալ տարի երբ փոխնախագահ Քամալա Հարիսը Հարավարևելյան Ասիայում էր, նա կանգ էր առել Հարավչինական ծովի վիճելի Սպրատլի կղզիներից ընդամենը 330 կիլոմետր դեպի արևելք գտնվող Ֆիլիպինների Պալավան կղզում:

Հաջորդ շաբաթ Ջակարտայում Հարիսը հանդիպելու է ԱՍԵԱՆ-ի ` Հարավարևելյան Ասիայի ազգերի ասոցիացիայի ղեկավարների հետ քննարկելու այս կարևոր ծովային ճանապարհը, որի նկատմամբ պահանջներ կան Չինաստանի, Թայվանի և ԱՍԵԱՆ-ի չորս անդամների՝ Վիետնամի, Ֆիլիպինների, Մալայզիայի և Բրունեյի կողմից:

«Կարող եք ակնկալել, որ փոխնախագահը Ջակարտայում իր հանդիպումների ընթացքում կքննարկի նաև Հարավչինական ծովի հարցը: Նա կվերահաստատի մեր աջակցությունը ծովերի ազատությանը, վեճերի խաղաղ կարգավորմանը և միջազգային իրավունքի պահպանմանը»,- նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։

Քննարկման մյուս հիմնական թեմաները ներառում են ճգնաժամը Մյանմարում, որտեղ 2021 թվականի ռազմական հեղաշրջումից հետո սպանվել են հազարավոր մարդիկ, իսկ միլիոնավոր մարդիկ տեղահանվել են: Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան այդպես էլ չկարողացավ դրդել իր ասոցիացիայի անդամին երկրում կրկին ժողովրդավարություն հաստատել: Այս հարցում չօգնեցին նաև տարբեր միջազգային պատժամիջոցների կիրառումը, այդ թվում նաև ԱՄՆ-ի կողմից:

«Մյանմայում մենք պետք է ճնշում գործադրենք ռազմական ռեժիմի վրա՝ դադարեցնելու բռնությունը, իրականացնելու Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հինգ կետից բաղկացած կոնսենսուսը և աջակցելու վերադարձը դեպի ժողովրդավարական կառավարման»,- նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Ակնկալվում է, որ Հարիսը նաև կդատապարտի Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Ինչպես Մյանմարի և Հարավչինական ծովի դեպքում, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան լռել է և չի դատապարտել Ռուսաստանին՝ տարածաշրջանում զենքի հիմնական մատակարարին, անհանգստություն արտահայտելով միայն պատերազմի հետևանքների վերաբերյալ:

Տարածաշրջանում նաև շատերին է հետաքրքիր, թե ինչու է ասոցիացիայի հանդիպմանը նախագահ Ջո Բայդենի փոխարեն ներկայանում փոխնախագահ Հարիսը:

«Միգուցե դա ապտակ է Ինդոնեզիային։ Գագաթնաժողովի համար Ինդոնեզիայի առաջատար ծրագիրը ԱՍԵԱՆ-ի հնդ-խաղաղօվկիանոսյան ֆորումն է, որին ԱՄՆ-ը չի մասնակցելու», - նշել է «Parahyangan» միջազգային հետազոտությունների կենտրոնից Իդիլ Սյաուֆին:

Առաջնորդների հանդիպումը Ջակարտայում կքննարկի նաև մեկ այլ կարևոր մարտահրավեր: Ինդոնեզիայի մայրաքաղաքն այս ամիս ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքներից մեկը տարածքում թունավոր մշուշի աճի հետևանքով: