Մատչելի հղումներ

Բայդենը և նրա վարչակազմի անդամներն այցելում են ԱՄՆ-ի տարբեր նահանգներ 


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Սպիտակ տան ղեկավարը կայցելի Արիզոնա, Նյու Մեքսիկո և Յուտա, իսկ փոխնախագահ Քամիլա Հարիսը կմեկնի Վիսկոնսին: Գյուղատնտեսության, էներգետիկայի և տրանսպորտի նախարարներն էլ կայցելեն այլ նահանգներ

Հաջորդ շաբաթ նախագահ Ջո Բայդենը կայցելի Արիզոնա և արևմտյան երկու այլ նահանգներ՝ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների շրջայցերի շրջանակում: Դրա նպատակն է ընդգծել դաշնային կառավարության վերջին տնտեսական ձեռքբերումները և նշել մի քանի հիմնական օրենքների ընդունման տարեդարձերը:

Բայդենը օգոստոսի 7-ից 10-ը կայցելի Արիզոնա, Նյու Մեքսիկո և Յուտա նահանգներ, ուր կանդրադառնա Գնաճի նվազեցման ակտի (IRA) դերին կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում, հայտնել են վարչակազմից: Օգոստոսի 16-ին Բայդենը նաև միջոցառում կանցկացնի Սպիտակ տանը։

Այս շաբաթվանից սկսած՝ մինչև օգոստոսի վերջերը, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները և վարչակազմի անդամները կայցելեն տարբեր նահանգներ՝ վարչակազմի ընդունած մի շարք օրենքների մասին բարձրաձայնելու համար:

Երկրորդ եռամսյակում ԱՄՆ-ի տնտեսությունն աճել է ավելի արագ, քան սպասվում էր՝ տարեկան 2,4%, ընդ որում հիմնական գնաճը կտրուկ իջել է 2022 թվականի ամենաբարձր ցուցանիշներից, ինչը կարող է օգնել Բայդենին 2024 թվականի նախագահական ընտրություններից առաջ:

Փոխնախագահ Քամիլա Հարիսը Առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյի հետ կմեկնի Վիսկոնսին, ուր ծրագրում է խոսել լայնաշերտ ենթակառուցվածքներում ներդրումների մասին, որոնք հնարավոր են դարձել 20 ամիս առաջ ստորագրված երկկուսակցական 1 տրիլիոն դոլարի ենթակառուցվածքի վերաբերյալ ընդունված օրենքի շնորհիվ:

Մասնավոր ներդրումների աճը տեղի ունեցավ անցյալ տարի CHIPS-ի և IRA-ի ստորագրումից հետո, երբ հայտարարվեց կառավարության կողմից ավելի քան 500 միլիարդ դոլար արտադրության և մաքուր էներգիայի ոլորտում, և ավելի քան 280 միլիարդ դոլարի ենթակառուցվածքային ծախսերի մասին, նշել է վարչակազմի աղբյուրը:

Այս շաբաթ գյուղատնտեսության նախարար Թոմ Վիլսակը նույնպես կայցելի Օրեգոն՝ խոսելու ենթակառուցվածքի մասին օրենքի շնորհիվ անտառային հրդեհների պաշտպանության դրամաշնորհների մասին: Նա նաև կայցելի Վաշինգտոն նահանգ, ուր կանդրադառնա գյուղատնտեսական հետազոտություններում ներդրումներ կատարելու հարցին՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար:

Էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմը և Սպիտակ տան կլիմայի հարցերով ազգային խորհրդական Ալի Զայդին ծրագրում են այցելել Պուերտո Ռիկո՝ ԱՄՆ-ում ավելի կայուն էներգետիկ համակարգ ստեղծելու և էլեկտրաէներգիայի արժեքը նվազեցնելու ջանքերի շրջանակներում:

Տրանսպորտի նախարար Փիթ Բութիջիչը կայցելի կենտրոնական և հարավային Իլինոյս նահանգ՝ խոսելու մաքուր էներգիայի ներդրումների մասին, և Թեքսասի Հյուսթոն քաղաք, որտեղ կմասնակցի Հյուսթոնի նավահանգստի բացման արարողությանը, ավելացրել է վարչակազմի անանուն աղբյուրը:

Նույն աղբյուրի համաձայն վարչակազմի մյուս անդամները կայցելեն Մեյն, Մերիլենդ, Նևադա, Միչիգան և Կալիֆոռնիա նահանգներ:

XS
SM
MD
LG