Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում արձանագրվել է գնաճի կտրուկ նվազում․ Աշխատանքի նախարարություն


Միացյալ Նահանգներում գնաճի մակարդակը հունիսին՝ տարեկան կտրվածքով կտրուկ նվազել է և կազմել 3%՝ չորեքշաբթի հայտնել է ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը։ Հրապարակված զեկուցը վկայում է, որ գնաճը զսպելու Դաշնային պահուստային համակարգի ջանքերն արդյունավետ են:

Ըստ զեկույցի, մայիս-հունիս ամիսներին գներն աճել են սպասվածից ցածր՝ ընդամենը 0,2%-ով։ Պարենի և էներգակիրների անկայուն գների պայմաններում՝ այսպես կոչված, հիմնական գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 4,8%, ինչը նույնպես ցածր է տնտեսագետների կանխատեսածից:

Դաշնային պահուստային համակարգի քաղաքականության հեղինակների ցանկությունն է այդ թիվը հասցնել 2%-ի, ինչը նշանակում է, որ դեռ աշխատանք կա կատարելու: Սակայն վերլուծաբանների մեծամասնության կարծիքով, չորեքշաբթի օրվա զեկույցը «շատ լավ նորություն է»:

«Վերջին մի քանի տարիներին գնաճային բավականին անկայուն վիճակում ենք եղել, բայց երբ դիտարկում ենք վերջին տվյալները, դրանք ոչ միայն ավելի լավն են, այլև՝ սպասվածից ավելի լավը»,- «Ամերիկայի Ձայն»-ին ասել է «Bankrate.com»-ի տնտեսական վերլուծաբան Մարկ Համրիկը:

Նոր աշխատատեղեր և ավելի ցածր ծախսեր. սա է «Բայդենոմիքսը» գործողության մեջ. Բայդեն
please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00

Չորեքշաբթի առավոտյան նախագահ Ջո Բայդենն իր հայտարարության մեջ անդրադարձավ գնաճի վերաբերյալ դրական լուրերին՝ գների նման անկումը վերագրելով իր տնտեսական քաղաքականությանը և այն կոչելով «Բայդենոմիքս» («Bidenomics»):

«Նոր աշխատատեղեր և սակավ ծախսեր. սա «Բայդենոմիքսն» է գործողության մեջ»,- ասել է նախագահը՝ հավելելով․ «Այսօրվա զեկույցը ներկայացնում է նոր և հուսադրող ապացույցներ, որ գնաճը նվազում է, և մեր տնտեսությունը մնում է ուժեղ: Նախորդ տասներկու ամիսներից յուրաքանչյուրում տարեկան գնաճը նվազել է և այժմ 3% է: Մենք ունեցանք այս առաջընթացը, բացի այդ գործազրկությունը շարունակում է մնալ ռեկորդային ցածր մակարդակի վրա, և այժմ աշխատունակ տարիքի ավելի շատ ամերիկացի գործ ունի, քան նախորդ 20 տարիներին»:

Բայդենը շարունակել է, թե աշխատավարձերը բարձրացել են հատկապես ցածր եկամուտ ունեցողների մոտ, և խոստացել է շարունակել ամենօրյա պայքարը, որպեսզի ընտանիքների ծախսերը պակասեն:

«Covid-19»-ի շրջանում Դաշնային պահուստային համակարգը վերաֆինանսավորման տոկոսադրույքը գրեթե զրոյին հավասարեցնելուց հետո, 2022 թվականի մարտին կտրուկ բարձրացրևեց այն՝ նպատակ ունենալով նվազեցնել գնաճի տեմպերը:

2023 թվականի մայիսին Դաշնային պահուստային համակարգը դաշնային ֆոնդերի տոկոսադրույքը բարձրացրեց՝ հասցնելով 5-5,25%-ի։ Դաշնային ֆոնդերի տոկոսադրույքը այն հավելավճարն է, որը բանկերը միմյանցից գանձում են խիստ կարճաժամկետ վարկերի պարագայում։ Այն կարևոր թիվ է, որն ազդում է սպառողների կողմից վճարվող տոկոսադրույքի վրա՝ օրինակ, հիփոթեքի, ավտոմեքենայի վարկերի և վարկային քարտերի պարտքերի մարման դեպքում: Եթե այդ թիվը բարձրանում է, վարկերը թանկանում են։

Դաշնային պահուսատային համակարգն այս հունիսին դադար վերցրեց՝ հրաժարվելով կրկին բարձրացնել տոկոսադրույքը: Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ քաղաքականություն մշակողները կրկին կբարձրացնեն այն այս ամսվա վերջին:

Սպասվածից ցածր գնաճի մասին չորեքշաբթի հրապարակված տեղեկությունը քննարկումների պատճառ դարձավ, թե արդյոք վերաֆինանսավորման տոկոսադրույքի հուլիսին սպասվող բարձրացումը կազդարարի, որ Դաշնային պահուսատային համակարգի խիստ քաղաքականության փուլը մոտենում է ավարտին:

Չորեքշաբթի առավոտյան ելույթ ունենալով «Bloomberg Surveillance»-ում՝ Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի նախկին նախագահ Ուիլյամ Դադլին ասաց. «Դաշնային պահուստային համակարգը պետք է ուրախ լինի այս առիթով, բայց չեմ կարծում, որ դա կփոխի այն, ինչ նրանք պատրաստվում են անել հուլիսյան հանդիպման ժամանակ»:

Մինչ Բայդենի վարչակազմը չի թաքցնում իր ուրախությունը ցածր գնաճի առիթով, հստակ չէ՝ արդյո՞ք գնաճի նվազումը իր դրական ազդեցությունն է ունեցել հասարակության լայն շերտերի վրա, որոնք մեծապես տուժում էին գների աննախադեպ աճից:

Երբ 2021 թվականի գարնանը վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասավ 5%-ի, բազմաթիվ ամերիկացիների հիշողության մեջ 2008 թ-ի ֆինանսական ճգնաժամից հետո առաջացած գնաճն էր:

2022 թվականի հունիսին վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասավ 9,1%-ի՝ ամենաբարձր ցուցանիշը 1981 թվականից ի վեր:

Այս ամենն իր բացասական հետքն է թողել ամերիկացի սպառողների շրջանում: Բազմաթիվ հարցումների համաձայն, մարդկանց մոտ շարունակական անորոշություն է ֆինանսական անվտանգության և ընդհանրապես՝ ապագայի առումով:

«Bankrate»-ի վերջին հարցման ժամանակ չափահաս ամերիկացիների միայն 28%-ն է ասել, որ ֆինանսապես ապահով է զգում իրեն, իսկ 72%-ը՝ ոչ: Ամերիկացիների մեծամասնությունը՝ 63%-ը, ֆինանսական անապահովության պատճառ է համարել գնաճը։

XS
SM
MD
LG