Բայդենը կոչ է արել քայլեր ձեռնարկել ռասայական ատելության դեմ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխնախագահ Քամալա Հարիսի հետ (ձախից) Վաշինգտոնում, 2023 թվականի մայիսի 25-ին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն երկուշաբթի հանդես է եկել կոչով՝ քայլեր ձեռնարկել՝ վերջ տալու «[ռասայական] ատելությամբ հրահրվող բռնությանը», որը և, ըստ իշխանությունների, անցած հանգստյան օրերին Ֆլորիդայում երեք սևամորթների սպանած սպիտակամաշկ տղամարդու գործողությունների շարժառիթն է եղել։

Բայդենը ելույթ է ունեցել երկուշաբթի երեկոյան՝ «Օրենքի շրջանակում՝ քաղաքացիական իրավուքնների պաշտպանության փաստաբանական կոմիտեի» հիմնադրման 60-ամյակին նվիրված միջոցառմանը։

«Ինչպես հստակորեն ասացի իմ երդմնակալության ժամանակ, սպիտակամորթների գերակայությունը թույն է: Այն թույն է, որին թույլատրվել է արագ տարածվել և թարախի բներ առաջացնել մեր համայնքներում՝ հասնելով մի կետի, ուր այժմ գտնվում ենք։ ԱՄՆ հետախուզական համայնքի գնահատմամբ, սպիտակամորթների գերակայությունից ծագող տեղական ահաբեկչությունը ահաբեկչական ամենից մեծ սպառնալիքն է, որին բախվում ենք մեր երկրում։ Պետք է գործենք»,- ասել է նախագահ Բայդենը:

Երկուշաբթի՝ ավելի վաղ Բայդենն ու փոխնախագահ Քամալա Հարիսը հանդիպել են վերապատվելի Մարտին Լյութեր Քինգ-կրտսերի ընտանիքին՝ Վաշինգտոնում տեղի ունեցած հայտնի երթի 60-ամյակի կապակցությամբ:

«Ինչպես նշեցի երկրին ուղղված իմ կոչում, չենք կարող թույլ տալ, որ ատելությունը գերիշխի: Այն աճում է, ոչ թե նվազում: Բազմիցս ենք ասել՝ լռությունը մեղսակցություն է, և չենք պատրաստվում լռեք: Պետք է գործենք ընդդեմ [ռասայական] ատելությամբ հրահրվող բռնության»,- հավելել է նախագահ Բայդենը:

«Մեր ճնշող մեծամասնության մոտ ընդհանրություններն ավելի շատ են, քան այն, ինչ մեզ բաժանում է: Այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր միտումնավոր փորձում են պառակտել մեզ՝ որպես ազգ: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է թույլ չտալ տարբեր խմբերի՝ խզել մեր միասնությունը»,- ասել է փոխնախագահ Հարիսը:

Մարտին Լյութեր Քինգը 1963 թվականի օգոստոսի 28-ին Վաշինգտոնում տեղի ունեցած աշխատատեղերի ու ազատության պահանջով հայտնի, բազմամարդ երթի առաջնորդն էր: Լինքոլնի հուշահամալիրի մոտ նրա հանրահայտ ելույթը՝ «Ես երազանք ունեմ» (“I Have A Dream”), լսում էր մոտ 250 հազար մարդ։

Անցած հանգստյան օրերին հազարավոր մարդիկ վերստին հավաքվել էին մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Լինքոլնի հուշահամալիրի առջև սփռված «National Mall» այգում՝ ոգեկոչելու երթի հիշատակը:

Հանրահավաքին ելույթ է ունեցել Մարտին Լյութեր Քինգի որդին։

«Ցանկանում եմ ձեզ ասել, թե ինչ եմ զգում այսօր: Ինձ շատ է մտահոգում այն ուղղությունը, որով ընթանում է մեր երկիրը: Պատճառն այն է, որ առաջ շարժվելու փոխարեն, հետ ենք գնում: Հարցն այն է, թե ինչ պետք է անենք»,- ասել էր Մարտին Լյութեր Քինգը իր հանրահայտ ելույթում:

Այս տարվա հավաքը տեղի ունեցավ Լինքոլնի հուշահամալիրում։ Բանախոսների պնդմամբ, դեռ շատ աշխատանք կա անելու: