Մատչելի հղումներ

Բաքուն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնին «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի համար 


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` երկուշաբթի օրը կայացած Ֆրանսիայի դեսպանների խորհրդաժողովում, 28 օգոստոսի, 2023 թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` երկուշաբթի օրը կայացած Ֆրանսիայի դեսպանների խորհրդաժողովում, 28 օգոստոսի, 2023 թ.

Ֆրանսիայի նախագահը բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ՝ ընդգծելով, որ դրանք տեղի կունենան մոտ օրերս

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է հանդես գալ նոր դիվանագիտական նախաձեռնությամբ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ուր Ադրբեջանի կողմից փակված Լաչինի միջանցքը կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի։

Չբացահայտելով իր նախաձեռնության մանրամասները՝ Մակրոնը երկուշաբթի օրը կայացած Ֆրանսիայի դեսպանների խորհրդաժողովում ասել է, որ առաջիկա օրերին բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մենք կպահանջենք Լաչինի մարդասիրական միջանցքի [վերաբերյալ համաձայնագրի] ամբողջական կատարումը և միջազգային մակարդակով կրկին հանդես կգանք դիվանագիտական նախաձեռնությամբ՝ ուժեղացնելու ճնշումն այս հարցում», - ասել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արտակարգ նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցով` անդրադառնալով հումանիտար իրավիճակի վատթարացմանը և Ադրբեջանին մեղադրելով Լեռնային Ղարաբաղ մատակարարումների արգելափակման մեջ:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն այս ամսվա սկզբին զգուշացրեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է «իսկական հումանիտար աղետի» եզրին՝ սննդի, դեղորայքի և էներգիայի պակասի պատճառով։

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան Հայաստանին մեղադրել է «տարածաշրջանում անվտանգության իրավիճակը վատթարացնելու մեջ՝ օգտագործելով Լաչինի երթուղին՝ ականներ և անօրինական զինված խմբավորումներ Ադրբեջանի տարածք տեղափոխելու համար»։

Այդ իսկ պատճառով Ադրբեջանը Լաչինի երթուղու վրա անցակետ է տեղադրել, ասվում է նրա նամակում, որին ծանոթացել է երկուշաբթի օրը «Ֆրանս Պրես» գործակալությունը։

Աբդուլաևան նաև դժգոհեց, որ ֆրանսիացի որոշ ընտրված պաշտոնյաներ ուղեկցում էին դեպի Լեռնային Ղարաբաղ հայերի համար մարդասիրական ավտոշարասյունը, ինչը, ըստ նրա, հանգեցրեց իր երկրի «դեմոնիզացմանը» և այն պնդումներին, որ Ադրբեջանը հումանիտար աղետ է ստեղծել, որն, ըստ դեսպանի, «անհիմն հայտարարություն» է:

Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի արչտգործնախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադան ևս քննադատել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը՝ նրա հատարարությունները որակելով «կողմնակալ»: Բացի այդ, ըստ Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակի՝ Ֆրանսիայի նախագահի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է՝ հանդիսանալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարի ոտնահարում։

XS
SM
MD
LG