Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է հանդես գալ նոր դիվանագիտական նախաձեռնությամբ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ուր Ադրբեջանի կողմից փակված Լաչինի միջանցքը կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի։
Չբացահայտելով իր նախաձեռնության մանրամասները՝ Մակրոնը երկուշաբթի օրը կայացած Ֆրանսիայի դեսպանների խորհրդաժողովում ասել է, որ առաջիկա օրերին բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Մենք կպահանջենք Լաչինի մարդասիրական միջանցքի [վերաբերյալ համաձայնագրի] ամբողջական կատարումը և միջազգային մակարդակով կրկին հանդես կգանք դիվանագիտական նախաձեռնությամբ՝ ուժեղացնելու ճնշումն այս հարցում», - ասել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արտակարգ նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցով` անդրադառնալով հումանիտար իրավիճակի վատթարացմանը և Ադրբեջանին մեղադրելով Լեռնային Ղարաբաղ մատակարարումների արգելափակման մեջ:
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն այս ամսվա սկզբին զգուշացրեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է «իսկական հումանիտար աղետի» եզրին՝ սննդի, դեղորայքի և էներգիայի պակասի պատճառով։
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան Հայաստանին մեղադրել է «տարածաշրջանում անվտանգության իրավիճակը վատթարացնելու մեջ՝ օգտագործելով Լաչինի երթուղին՝ ականներ և անօրինական զինված խմբավորումներ Ադրբեջանի տարածք տեղափոխելու համար»։
Այդ իսկ պատճառով Ադրբեջանը Լաչինի երթուղու վրա անցակետ է տեղադրել, ասվում է նրա նամակում, որին ծանոթացել է երկուշաբթի օրը «Ֆրանս Պրես» գործակալությունը։
Աբդուլաևան նաև դժգոհեց, որ ֆրանսիացի որոշ ընտրված պաշտոնյաներ ուղեկցում էին դեպի Լեռնային Ղարաբաղ հայերի համար մարդասիրական ավտոշարասյունը, ինչը, ըստ նրա, հանգեցրեց իր երկրի «դեմոնիզացմանը» և այն պնդումներին, որ Ադրբեջանը հումանիտար աղետ է ստեղծել, որն, ըստ դեսպանի, «անհիմն հայտարարություն» է:
Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի արչտգործնախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադան ևս քննադատել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը՝ նրա հատարարությունները որակելով «կողմնակալ»: Բացի այդ, ըստ Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակի՝ Ֆրանսիայի նախագահի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է՝ հանդիսանալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարի ոտնահարում։